Մեր նպատակն է Հայաստանում նպաստել ռուսաց լեզվի զարգացմանը. Աիդա Հարությունյան
ՆերքաղաքականԳաղտնիք չէ, որ տարիներ շարունակ տարբեր երկրներ միմյանց միջեւ կապը պահպանել են՝ մշակութային հարթության վրա ցուցաբերած փոխհարաբերությունների հիմքում: Հատկապես Ռուսաստանի հետ մեր ունեցած մշակութային ուղին, կարծես թե, եղել է երկկողմանի հավատարիմ փոխգործակցությամբ պայմանավորված: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով օրերս նախաձեռնել էր շատերի սիրելի «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառում:
— Տիկին Հարությունյան, ինչպե՞ս ընտրեցիք «Ինչ, որտեղ, երբ» խաղը՝ որպես համայնքի մշակութային միջոցառում կազմակերպելու ձեւ:
— Պետք է նշեմ, որ «Հարմոնիա»-ն երկար տարիներ ինտելեկտուալ խաղերով է զբաղվում դպրոցականների հետ: Առանձնակի կերպով պետք է նաեւ ընդգծեմ, որ դեռեւս ոչ ոք ազգային փոքրամասնությունների թիմերի հետ խաղ չի անցկացրել։ Արդեն 15 տարի է, ինչ ազգային համայնքների հետ մենք այս խաղն անցկացնում ենք:
— Համայնքի անդամները ակտիվորեն մասնակցո՞ւմ են նման խաղերին, եւ ինչպե՞ս եք գնահատում մասնակցության մակարդակը:
— Այո, պետք է նշեմ, որ այս մրցաշարին ռուսական համայնքն իր կողմից բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում։Ի դեպ, այս նախագիծն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ:
— Ի դեպ, այս խաղը դեր ունի՞ Հայաստանի ռուսախոս համայնքի մշակութային, լեզվական ինքնության պահպանման գործում: Ինչպե՞ս եք ինքներդ դա տեսնում:
— Իհարկե։ Դա մեր խնդիրներից մեկն է՝ պահպանել ռուսաց լեզուն։ Պետք է նշեմ, որ բավականին մեծ աշխատանք է կատարվում նաեւ դպրոցականների հետ: Վերջապես պետք է ճանաչել եւ սիրել «Մեծն ու հզորը»: Մենք հենց դրա համար ենք այստեղ կատարում մեր առաքելությունը։
— Իսկ ինչպե՞ս եք տեսնում հայկական եւ ռուսական մշակույթների փոխհարաբերությունները, եւ արդյո՞ք նման խաղերը դրա զարգացման համար նպաստող գործիքներ են:
— Միանշանակ։ Հայաստանում ավագ սերունդն, ինչ խոսք, շատ լավ գիտեր երկու լեզուներն էլ՝ եւ՛ ռուսերենը, եւ՛ հայերենը: Մեր խնդիրն է պահպանել այդ ամենը:
— Արդյո՞ք «Ինչ, որտեղ, երբ» խաղը միայն երիտասարդությանն է ուղղված, թե՞ համայնքի տարբեր տարիքային խմբերը եւս մասնակցում են:
— Ազգային փոքրամասնությունների թիմերը խաղում են առանց տարիքային սահմանափակման եւ մեր ռուսական համայնքի անդամները մշտապես խնդրում են նրանց ներգրավվել խաղի մեջ: Սա էլ իր հերթին, իհարկե, երիտասարդությանը պարգեւում է բավականին մեծ ոգեւորություն եւ հետաքրքիր հիշողություններ: Մեկ բանի մասին եւս պետք է նշեմ, որ մարզերում նույնպես մեծ ոգեւորություն ենք նկատում, ինչը եւս խրախուսելի է:
— Ի՞նչ եք ձեռնարկում, որպեսզի նման միջոցառումները հասանելի լինեն առավել լայն լսարանի համար՝ ներառյալ հայաստանցիների, որոնք ռուսերեն չեն խոսում:
— Մենք բավականին ակտիվ աշխատում ենք դպրոցականների հետ, իսկ նրանք սովորում են հայկական դպրոցներում։ Հայաստանում ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվում բոլոր քաղաքներում։ Ցանկացողները կարող են մասնակցել այդ դասընթացներին:
— Այս խաղի կազմակերպումը ինչպիսի՞ ազդեցություն ունի ռուսական համայնքի համախմբման վրա Հայաստանում:
— Ազգային փոքրամասնությունների հետ այս խաղի անցկացման արդյունքը համատեղ ժամանցի անցկացումն է, ինչպես նաեւ համայնքների միջեւ կապերի ամրապնդումը: Մեր խաղի արդյունքում հաղթում է բարեկամությունը:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ