Սկեսուրնե՛ր, պատրաստվեք, տժժալու ենք. Արմինե Գրիգորյան
Տեսանյութեր«ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ՏՂԱ»-Ն 30 ՏԱՐԵԿԱՆ Է
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
«ԲԱ Ո՞ՒՐ Է ՁԵՐ ՈՐԱԿՅԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐԸ ՉԻ ՀԻՇՎՈՒՄ»
— Երկար ժամանակ է, ինչ ակտիվ չեք՝ տեահոլովակներ, նոր երգեր չկան: Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը:
— Լռություն, որպես այդպիսին, չի եղել, ես մշտապես գործի մեջ եմ: Պարզապես մեր աշխատանքի ֆորմատը վերջին տարիներին փոխվել է: Առաջ պետք է պարտադիր հեռուստատեսությամբ երեւայիր, որ քեզ հիշեին, սակայն հիմա կա համացանց, ու երբ պետք է եղել, համացանցի միջոցով երեւացել եմ:
— Ձեր ասած համացանցի միջոցով երեւում եւ ճանաչում են ունենում նաեւ շատ անտաղանդ երգիչներ, դերասաններ: Անգամ ունենում են միլիոններով դիտելիություն մի անորակ տեսահոլովակով: Սա չի՞ խանգարում կայացած երգչին կամ դերասանին:
— Միայն մեր ոլորտում չէ, որ այդպես է: Ժամանակներն են այդպիսին, նույնիսկ բժշկության մեջ: Կան հանճարեղ, տաղանդավոր բժիշկներ, բայց գործ անում են միայն նրանք, ովքեր շոու են անում: Մեզնից շատ են շոու անում: Նայում ես` մի ատամնաբույժ այնպես է իրեն գովազդում, որ ... Մարդիկ էլ նայում ու գնում են նրա մոտ, բայց սա էլ է ժամանակավոր՝ կզտվեն: Ժամանակը բերում եւ տանում է բոլորին: Անշուշտ, իր վնասը թողնելու է, բայց, միեւնույնն է, զտվելու է: Բոլոր ժամանակներում է այդպես եղել: Չգիտես ինչու, անորակը, հեշտ ընկալելին միշտ ավելի է գերադասվում: Սակայն մի բան ասեմ՝ Յուրի Շատունովի «Седая ночь» երգը մենք՝ մեր երիտասարդ ժամանակ, նույնիսկ բանի տեղ չէինք դնում, սակայն հիմա դա լսվում է, որովհետեւ այս 30 տարիների ընթացքում արժեքավոր բաներ չեն ստեղծել, այդ պատճառով տեղ է գրավում հինը: Բա ո՞ւր է ձեր որակյալ երաժշտությունը, ինչո՞ւ ձերը չի հիշվում, Շատունովի «Седая ночь»-ն է հիշվում: Այսինքն՝ ժամանակի այդ ընթացքը դատարկ է մնացել, ու երբ դատարկ է մնում, տեղավորվում է այն, որը հիշվում է: Մարդիկ հոգնած գալիս են տուն եւ ցանկանում են մի բան լսել ու նախընտրում են դա: Իհարկե, խոսքը թուրքա-արաբականի մասին չէ: Տեսեք, այս տարի լրացավ իմ երգի 30 տարին: 1994 թվականին եմ գրել «Երեւանի սիրուն տղա» երգը: Երեք սերունդ լսում է, եւ ես դեռ այսօր էլ երգում եմ այն: 30 տարվա մեջ ինչքան երգեր են գրվել, սակայն հիշվում եւ պահանջված է համարվում այս երգը: Որ ասում են «մեր որակյալ երգերը», ուզում եմ հարցնել՝ բա ինչո՞ւ չկան ձեր որակյալ երգերը:
«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՏՂԱ ԵՐԳԻՉՆԵՐ ՈՒՆԵՆՔ, ԲԱՅՑ, ԿԱՐԾԵՍ, ԲՈԼՈՐԸ ՋԻՄԻՆԵՐ ԼԻՆԵՆ»
— Դուք աշխատել եք Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, «Մետրո», «Ոզնիներ» թատրոններում: Այսօր քչերը գիտեն այդ մասին…
— Ես բազմիցս ասել եմ, որ ես երգչուհի չեմ, դերասանուհի եմ, պարզապես, երգել եմ ու ինձ՝ որպես երգչուհի են ճանաչել: Ի դեպ, երգել եմ միայն իմ հեղինակային երգերը, երբեք չեմ դիպչել դասականներին: Ու գրել եմ այն, ինչ կարող եմ երգել: 90-ականներից «Ոզնիներ»-ից դուրս եկա եւ սկսեցի երգել ու մնացի երգարվեստում: Ինձ որպես երգչուհի են ճանաչում, որովհետեւ մարդիկ չեն տեսել՝ որպես դերասանուհի: Թատրոնը ինձ համար ուրիշ գերագույն արժեք է, որից հետո երգարվեստն է: Պարզապես, թատրոնը ինձնից շատ մեծ ժամանակ էր տանում՝ փորձերը եւ այլն, իսկ երգը այդ հարցում ավելի հեշտ է, կարող ես երգը սարքել, որը կսիրվի կամ չի սիրվի: Միայն ժամանակի առումով ես թողեցի թատրոնը, բայց միշտ ասել եմ՝ ես ամեն օր կարող եմ վերադառնալ թատրոն: Թատրոնը` կյանք է, շունչ է, անցած ուղի է, եւ ես այսօր երբ բեմում ներկայացել եմ իմ ոճով ու կայացել եմ որպես երգչուհի, թատրոնի շնորհիվ է եւ լավ մասնագետների, բարձրարժեք արվեստագետների դասընթացների արդյունքն է:
— Եթե որոշեք վերադառնալ թատրոն, կրկին կոմեդիայի ժանրո՞ւմ հանդես կգաք:
— Թերեւս՝ այո: Չթվա, թե դա թեթեւ ու հեշտ արվեստ է: Ծիծաղեցնելը բարդ արվեստ է: Հանդիսատեսը չպիտի «խրխնջա», պիտի ծիծաղի: Այս վերջին տարիներին տեսնում ենք հումորը ինչ վիճակում է՝ որակային անկում: Սարսափելի հումոր են անում, ու տեսնում ես հանդիսատեսը այդ հումորին համահունչ «խրխնջում է»: Այսինքն՝ ինչ հումոր ներկայացնում են, այդ տեսակ ծիծաղ էլ ստանում են: Ես շատ եմ մտածել այս հարցերի շուրջ ու հասկացել եմ, թե ինչու է այսպես, որովհետեւ մոնոպոլիա կա ամեն տեղ: Երգարվեստում կան երգ գրողներ: Եթե դու երգը պատվիրում ես մի մարդուց, ով չկա այս մաֆիայի մեջ, որոնք մի հինգ հոգի կլինեն, ապա քո երգը չի ունենա հաջողություն: Գործիքավորումը եթե անում ես այդ մաֆիայի մոտ, ուրեմն՝ այո, լավն է, եթե այլ տեղ ես անում, որը գուցե շատ ավելի որակյալ է, ապա, միեւնույնն է, համարվում է վատը: Տարիներ շարունակ նման կերպ աշխատելը կոչվում է լճացում, եւ այդ ոլորտում չի ծաղկում ոչինչ: Դրա համար մնում ենք արաբա-հնդկական ոճի մեջ: Նայում ես, լավ տաղանդավոր տղա երգիչներ ունենք, բայց, կարծես, բոլորը ջիմիներ լինեն: Բոլորի մազերը անհասկանալի, շարժուձեւը` անընդունելի, հագուստը ...: Տպավորություն է, թե հնդկական կինոներից են, որ փոքր ժամանակ ուզած-չուզած նայում էինք: Բայց իրենք վատը չեն, հրաշալի լավ ձայն ունեն, տաղանդավոր են: Ու ոճային առումով բոլորն իրար նման են, որովհետեւ այդ հինգ հոգու մեջ են՝ այդ շղթայի, ու նրանք են որոշում ինչ հագնես, ինչ տեսք ունենաս, մազերդ ինչպես հարդարես: Բայց կրկին կասեմ՝ ժամանակը բոլորին զտելու է:
«ԿՅԱՆՔԸ ԲԵՐՈՒՄ Է ՆՐԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՂՈԹԵՆՔ ՍՈՎԵՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
— Հաճախ է հնչում այս հարցը, թե՝ լավ, ի՞նչ ահազանգ պիտի հնչի, որ այսօր մեր արվեստագետները ոտքի կանգնեն: Դուք ունե՞ք դրա պատասխանը:
— Տարիներ առաջ, երբ փակվեց առաջին թատրոնը Հայաստանում (Կամերային թատրոնը փակեցին եւ միացրին Պարոնյան թատրոնի հետ), միայն տվյալ թատրոնի ներկայացուցիչները խոսեցին: Հետո հերթը հասավ «Գոյ»-ին: Կրկին ոչ ոք չխոսեց: Միշտ ասել եմ, երբ Եղեռնի ժամանակ թուրքը գյուղեր էր ոչնչացնում, կողքի գյուղը չէր խոսում այնքան՝ մինչեւ ուղտը գալիս, չոքում էր իր դուռը, նոր հասկանում էին, որ թուրքը մտել է իրենց գյուղ եւս: Այս առումով էլ՝ ուղտը դեռ չի եկել իրենց թատրոնի մոտ, եւ իրենք դեռ լուռ են: Մեր ազգի մեջ կա դա՝ ինձ չկպնեն, իմ ընտանիքին չկպնեն: Այս հարցով գուցե թատրոնների ղեկավարնե՞րը համախմբվեն, դերասաններն ի՞նչ անեն: Ես տեսնում եմ «Գոյ»-ի համախմբվածությունը, բայց, կարծես, միայն «Գոյ»-ն է ինքն իրենով, ոչ ոք չկա կողքին, որովհետեւ ժամանակին, երբ Կամերայինն էին փակում, «Գոյ»-ն իրենց կողքին չկար: Տարիների ընթացքում պետք է տեսնեինք` ինչն է թերի մեր ազգի մեջ ու ֆիլմերով, սերիալներով դա շտկեինք:
— Բոլորովին վերջերս մի հայկական ֆիլմ դուրս եկավ, որին առաջինը եւ շատ խիստ արձագանքեց «Իրավունք»-ը: Այնուհետեւ՝ հարցին խառնվեց ԿԳՄՍ նախարարությունը: Ֆիլմում ժարգոնային տեսարաններ կային՝ անչափահասների մասնակցությամբ, ծխախոտ եւ այլն… Ի՞նչ կասեք այս մասին:
— Բոլորովին չեմ զարմանում: Լսում ենք, թե ինչպես են դպրոցներում թմրանյութերը լցվել, դրա համար ծխախոտի վրա էլ չեմ զարմանում: Սարսափելի բան եմ ասում: Աղջիկ երեխան թմրանյութ է տարածում եւ օգտագործում: Կյանքը բերում է նրան, որ պետք է աղոթենք սովետական արժեքների համար: Ես ժամանակին դեմ եմ եղել նույն Սովետին, դեռ երիտասարդ ժամանակ դեմոկրատիա էինք ուզում՝ չհասկանալով այդ ամենն ինչ է իրենից ներկայացնում: Ես հիմա դրան «Դեմոնա Կրատիա» եմ անվանում: Այդ «դեմոնիզմը» մտցրին մարդկանց մեջ՝ խաբելով, շոու անելով վատ արժեքները: Դա գլոբալիստների, սատանիստների արժեքներ էին: Պիտի մի քիչ ապրեինք, որ հասկանայինք ու երանի տայինք Սովետին: Արժեզրկվեց ամեն բան: Հիմա փոշմանում ու գնահատում ենք: Հատուկ արեցին այս ամենն ու մեզ սովորեցրին, որ չզարմանանք թմրանյութերի վրա եւ այլն:
«Ի՞ՆՉ ԵՎՐՈՊԱ, ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»
— Սրա՞նք են եվրոպական արժեքները, որ անչափահաս աղջիկը թմրանյութ կարող է տարածել ու օգտագործել:
— Ի՞նչ Եվրոպա, չենք ուզում: Ով ուզում է թող գնա, ապրի Եվրոպայում: Մենք մեր արժեքներն ենք ուզում, մենք փոքր ազգ ենք, մեզ չէր կարելի այս արժեքներով ապրել: Կեսին պատերազմով վերացրին, մյուս կեսին` թմրանյութերով, մյուս կեսին՝ աղանդներով, հանցագործության թվի աճով: Կրկնում եմ, մենք փոքր ազգ ենք ու քիչ ենք: Փոքր ազգերին չի կարելի ԼԳԲՏ քարոզել, որովհետեւ երեխաներ պետք է ունենալ: Ամեն բան հասկանում ենք, բայց սա ազգի վերացում է: Եվրոպայում շատ լավ այլ արժեքներ կան, ինչո՞ւ այդ արժեքները չեն բերում, միայն բերում են վատը: Օրհնված երկիր ենք, առաջին քրիստոնեությունն ընդունած երկիրն ենք, բայց տեսեք ինչ օրը գցեցին: Խելոք մարդիկ կհասկանան, կընդունեն ու կզտեն այս ախտը: Մայրս մշտապես ասում էր. «Նույնիսկ տերեւն առանց Աստծո կամքի ծառից չի ընկնում»: Ոչինչ պատահական չէ: Կգա օրը, սա էլ կզտվի, կմաքրվի:
— Ամփոփենք մեր զրույցը լավ լուրով: Գիտենք, որ շուտով նոր տեսահոլովակ եք հանրության դատին ներկայացնելու: Կպատմե՞ք այդ մասին:
— Սիրով: Ինչպես ասացի, ես ինքս եմ իմ երգերը գրում ու ունեմ շատ երգեր, որոնք դեռ ժամանակի սղության պատճառով չեմ գործիքավորել: Սակայն վերջերս իմ շատ մտերիմ կոլեգան՝ Բեատով Ֆելդմանը, ով ազգությամբ հրեա է, ում հետ ծանոթացել եւ հետո շատ մտերմացել ենք Նովոռոսիյսկում անցկացվող ամենամյա «Морской узел» երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթի ժամանակ, որտեղ երկար տարիներ է ես եւ Սամվելը ժյուրիի անդամ ենք ու նաեւ ներկայացնում ենք հայ տաղանդավոր երգիչների, ինձ համար նոր երգ է գրել: Ամեն անգամ Բեատովան զանգում է ինձ ու ասում, որ ինձ համար երգ է գրել, ու դա տեւում է երեք տարի: Վերջերս կրկին զանգեց ու ասաց, որ ամեն դեպքում լսեմ երգը: Երգեցի ու ասացի՝ ա՜յ քեզ բան....: Դա սկեսուրի երգ է՝ ռուսալեզու: Ես ընդամենը մեկ բառ եմ փոխել երգի մեջ, ու այդ բառը հենց «ֆիշկան» է այդ երգի: Գործիքավորումը արել է իմ կողմից շատ սիրելի Մուշեղ Մալյանը, ով իմ շատ երգերի գործիքավորմամբ է զբաղվել: Երգը պատրաստեցինք, հիմա այս շրջանում պատրաստվում եմ տեսահոլովակ նկարել: Տա Աստված, եւ ես կունենամ նոր տեսահոլովակ մինչ Ամանոր: Կարեւորը լավ թիմի հետ եմ աշխատել եւ աշխատելու: Ես այնքան երգեր ունեմ՝ հին ու նոր, պարզապես, այս երգը մի տեսակ այլ ոճ է ինձ համար: Շատ կան երգեր սկեսուրից` նվիրված հարսին, կամ հարսից՝ սկեսուրին, սակայն չկա երգ ՝ սկեսուրից որդուն նվիրված: Սա նորություն է: Այնպես որ, սիրելի սկեսուրնե՛ր, պատրաստվեք, տժժալու ենք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ