Մանդատներ դնել-չդնելու մասով ունենք ակնհայտ սահմանադրությանը հակասող իրավիճակ. Վահե Գրիգորյան
ՆերքաղաքականՄի քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը «խնդրել է» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել։ Վերջինս էլ իր հերթին «ռամաշկա» է խաղում ՝ կդնեմ-չեմ դնի: Այս «խմորը դեռ շատ է ջուր քաշելու», սակայն առավել ուշագրավ է այն հարցը, թե Նիկոլ Փաշինյանն ինչ իրավունքով է պատգամավորին մանդատը վայր դնդելու հրահանգ, հորդոր կամ խնդրանք ներկայացրել: Որքանո՞վ նա ունի իրավունք sms-ների միջոցով պաշտոնյա գործից ազատել կամ նշանակել: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ «խնդրել էր» Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել: Որքանո՞վ է սա օրինական «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում:
— Նախ ասեմ, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության, այդ թվում եւ իրավական պետություն հանդիսանալու հանգամանքը: Մյուս կողմից Սահմանադրությունը հստակ տարանջատում է իշխանության բաժանվածությունը երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր եւ դատական: Դրանցից յուրաքանչյուրը մեկը մյուսից անկախ է, եւ նման համակարգը ստեղծված է երաշխավորելու երկրում անհարկի իշխանության գործողությունների բացառումը, ինչպես նաեւ կոչված է երաշխավորելու ժողովրդական, ժողովրդավարական եւ իրավական կարգերի առկայությունն ու պահպանումը: Վարչապետի կողմից հնչեցրած խնդրանքը, որ մանդատը վայր դնեն, ակնհայտ խնդրահարույց է սահմանադրական տեսանկյունից, թեեւ այդ միտքը ծնող մարդիկ գուցե եւ առաջնորդվել են այն կանխավարկածով, թե՝ քանի որ պահանջելու լիազորություն չունի, որպեսզի մանդատները վայր դրվեն, կամ պաշտոնատար անձինք հրաժարական ներկայացնեն, որոշել են դա ներկայացնել իբրեւ խնդրանք: Այսինքն՝ անձը կարող է որոշել, այդ խնդրանքը բավարարել, թե՝ ոչ: Սակայն իրականում անգամ այս մոտեցումը լրջագույն սահմանադրական խնդիրներ ունի, քանի որ գործադիր մարմնի ղեկավարը փաստացի հանդիսանում է ՀՀ ղեկավարը, այդ թվում նաեւ Սահմանադրության մեկնաբանության տեսանկյունից, հանդես է գալիս այնպիսի պահանջով, որի չկատարումը տեսականորեն կարող է հանգեցնել լուրջ իրավական խնդիրների՝ այն անձանց համար, ովքեր այդ խնդրանքը չեն բավարարել: Ըստ մամուլի` նույն կերպ վարչապետը պաշտոնից հրաժարվելու խնդրանք է ներկայացրել ԲԴԽ նախագահին, ով ի պաշտոնե հանդես է գալիս որպես դատարան: Այսինքն՝ գործադիր մարմինը խնդրել է դատարանին այլեւս դադարել զբաղվել իր աշխատանքով: Մի կողմ թողնենք այս դեպքում, թե որքանով էր արդար եւ իրավաչափ արդարադատությունը, որն իրականացվում էր ԲԴԽ- ի կողմից, սակայն այս տեսանկյունից հարցը նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ անգամ խնդրանքի ներկայացումը, չափազանց խնդրահարույց է:
— Պատգամավորի մանդատը տալիս է ժողովուրդը եւ դրանով նաեւ պատգամավորին լիազորում անկախ գործելու լիարժեք իրավունք: Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանը որոշել, թե ով պետք է մանդատը վայր դնի, ով՝ ոչ:
— Այո, մանդատներ դնել-չդնելու մասով եւս ունենք ակնհայտ Սահմանադրությանը հակասող իրավիճակ, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է, որ պատգամավորը անկախ է իր գործուներության մեջ, քանի որ մանդատի ինստիտուտը ցույց է տալիս, որ ժողովուրդն է հանդիսանում միակ իրավասու իրավահարաբերության սուբյեկտը, ով օժտել է անձին մանդատով: Հետեւաբար, չի կարող գործադիր մարմնի ղեկավարի խնդրանքով, գործադիր մարմնի վերահսկողության իրականացման ֆունկցիա ունեցող Ազգային ժողովի պատգամավորը մանդատը վայր դնել: Սա չափազանց խնդրահարույց եւ բազում իրավական խնդրներ առաջացնող մոտեցում է, որը այս իշխանության համար ամենեւին էլ խորթ չէ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ