Օրենսդիրը եւ գործադիրը արգելում են փաստաբաններին անվճար ծառայություններ մատուցել. Աշոտ Նուրիջանյան
Հանդիպում2025 թվականի հունվարի 1-ից փաստաբանի ծառայություններից օգտվելն առավել թանկ կլինի քաղաքացիների համար։ Պատճառը նոր հարկատեսակն է, ինչը նախատեսում է 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն ավելացված արժեքի հարկման դաշտ: Փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կկազմի՝ 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։ Կառավարության այս նախագիծը բողոքի ալիք է հարուցել փաստաբանների շրջանում։ Նրանք անգամ համատարած գործադուլ անցկացրին՝ չներկայանալով դատարաններ ու քննչական ծառայություններ։ Սակայն դա էլ չօգեց ո՛չ փաստաբաններին, ո՛չ նրանց ծառայություններից օգտվողներին, եւ հաստատված օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ հետեւանքներ կունենա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը՝ փաստաբանական ծառայությունների վերաբերյալ:
— ՀՀ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ են կատարվել, որոնցով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման առավել բարդ եւ բացասական դաշտ՝ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի տիրույթում։ Օրենսդիրը եւ գործադիրը կարծում են, որ փաստաբանական գործունեությունը պետք է հավասարեցնել բանկերի եւ «կազինոների» գործունեության հետ ու արգելել շրջանառության հարկի առավել պարզ հարկման տարբերակը փաստաբանական գործունեության նկատմամբ: Ավելին, օրենսդիրը եւ գործադիրը նաեւ արգելում են փաստաբաններին անվճար ծառայություններ մատուցել:
— Պարոն Նուրիջանյան, փաստաբանները նման խնդրի հետ առաջին անգա՞մ եք բախվում:
— Ո՛չ, դեռեւս 2019 թվականից այսպիսի «բարեփոխումների» նախագիծ դրվեց շրջանառության մեջ, բայց հետագայում նախագիծը հանվեց շրջանառությունից: Այն ժամանակ փաստաբանական գործունեության կարեւորության ընկալում կար, հիմա, կարծես թե, չկա:
— Օրենսդրական այս փոփոխությունն, ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում:
— Բնականաբար եւ ինչպես միշտ՝ թանկացումներ: Հարկային բեռի կտրուկ (մոտ 35-40 տոկոսով) ավելացումը եւ հաշվապահական լրացուցիչ ծախսերը հանգեցնելու են փաստաբանական ծառայությունների շեշտակի թանկացման, ինչի արդյունքում, ինչպես միշտ, այս անգամ էլ տուժելու են «սպառողները»՝ քաղաքացիները: Ինչ վերաբերում է փաստաբանական ծառայությունների անվճար մատուցելու անհեթեթ ու հակասահմանադրական արգելքին՝ այն նշանակում է, որ նույնիսկ ընկերոջդ կամ ազգականիդ իրավունքները չես կարող անվճար պաշտպանել, պետք է հոնորար վերցնել ու հարկեր վճարել: Ըստ այդմ, արդար դատական քննության հիմնարար իրավունքը որոշ քաղաքացիների համար կարող է դառնալ անհասանելի՝ ֆինանսական դրդապատճառներով:
— Ձեր մատնանշված ռիսկերը եւ համանման այլ խնդիրներ քննարկման առարկա դարձվե՞լ են օրենսդրական փոփոխություններ իրականացնողների կողմից:
— Այն, որ փաստաբաններին հարկային անհիմն բեռով գերծանրաբեռնելը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների մատչելիության սահմանափակման, որ տուժելու են քաղաքացիները, որ պետությունում իրավունքի զարգացման համար հարկային լուծը արգելակ է, կարծում եմ՝ գիտակցում են բոլորը: Իմ համոզմամբ, այլ շահագրգռվածություն կա այստեղ, ու վարկածները բազմաթիվ են: Իշխանությունը ցանկանում է զսպել փաստաբանների անկախ եւ անկաշկանդ գործունեությունը, որը շատ դեպքերում ի վնաս իրենց կամայականությունների եւ կոռուպցիոն գործունեության դեմ է: Հնարավոր է նաեւ, որ առկա է միտում շուկան կենտրոնացնելու ու վերցնելու, դուրս մղելու անհատ փաստաբաններին: Չէ որ յուրաքանչյուր «իրեն հարգող» պաշտոնյա «կողքից» բիզնես ունի, այդ թվում նաեւ փաստաբանական կամ հաշվապահական գրասենյակ եւ այլն: Գուցե, փոփոխություններ մտցնելը պետական բյուջեն ամեն գնով, այդ թվում նաեւ քաղաքացու գրպանի ու իրավունքների հաշվին լցնելու հուսահատ քայլ է: Հստակ ասել չեմ կարող:
— Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել փաստաբանական համայնքը:
— Փաստաբանության ինստիտուտը, որպես պետության համար անկյունաքարային եւ կարեւորագույն ինստիտիուտ, հարյուրամյակների պատմություն ունի ու բազմիցս է հիմնավորել իր դերն ու կշիռը: Ինձ համար մի բան հաստատ է՝ մեր համայնքը կոտրել կամ ճնշել հնարավոր չէ: Մնացած խնդիրները մանր դետալներ են, որոնք կլուծվեն ի նպաստ քաղաքացու եւ ի նպաստ իրավունքի գերակայության:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ