Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ
ՍԻՄ - Գլխավոր լուրերԱյսօր ՍԻՄ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը ընդունեց Չինաստանի գործարարների պատվիրակությանը, որը գլխավորում է Միջազգային բարեկամության աջակցության Համաչինական Ասոցիացիայի խորհրդական, պրոֆեսոր Գե Ջիլին: Պարոն Ջիլին նաեւ հանդիսանում է Չինաստանի պետական խորհրդի տնտեսական բարեփոխումների եւ գործարարության զարգացման կոմիտեի խորհրդական:
Զրույցի ընթացքում Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը հայ-չինական հարաբերությունների եւ ընդհանրապես համաշխարհային իրավիճակի եւ բարդ խնդիրների վերաբերյալ: Նա ներկայացրեց հյուրերին Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրները եւ տնտեսական իրավիճակը: «Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ հումանիտար ոլորտներում»,- իր խոսքում նշեց ՍԻՄ կուսակցության նախագահը:
Չինական պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենց այցի հիմնական նպատակն է ծանոթանալ Հայաստանի տնտեսությանը եւ հայ-չինական տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին: Բացի այդ, ԳԵ Ջիլին կարեւորեց ժողովրդական դիվանագիտության դերը երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մեջ. «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում: Հետաքրքրությամբ ուսումնասիրում ենք ոչ միայն ձեր տնտեսական հնարավորությունները, այլեւ մշակույթը, ավանդույթները, խոհանոցը եւ այլն: Չինաստանում քիչ գիտեն Հայաստանի մասին, իսկ Հայաստանում` Չինաստանի մասին: Այդ բացը լրացնելու համար մենք մեր համեստ ներդրումը պետք է ունենանք եւ դա մեր պատվիրակության առաքելության նպատակներից մեկն է»:
Գե Ջիլին նշեց, որ իրենք այցելել են մի շարք հայկական արդյունաբերական հիմնարկներ, ծանոթացել դրանց աշխատանքին եւ կիսվեց իր տպավորություններով:
Կողմերը պայմանավորվեցին շարունակել իրնեց համագործակցությունը:
Սեփ. լրատվություն