Ինչու Շահինյանի եւ Կարապետյանի քաղաքական ճանապարհները բաժանվեցին
Ներքաղաքական«Իրավունք»-ը դեռեւս ամիսներ առաջ անդրադարձել էր, որ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել երկրորդ անգամ, քանի որ նախորդը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժվել ու չէր գրանցվել: Ընդ որում՝ նշել էինք, որ ի տարբերություն նախորդ համագումարի, որտեղ կուսակցության գլխավոր քարտուղար էր ընտրվել Արաբկիրի նախկին թաղապետ, «Մենք գալիս ենք» ՀԿ ղեկավար Հովհաննես Շահինյանը, երկրորդ անգամ տեղի ունեցած համագումարին ներկայացվեց բոլորովին այլ ղեկավար կազմ, եւ ընտրվեց կուսակցության նոր նախագահ: Իսկ Հովհաննես Շահինյանն ընդհանրապես ներկա չէր համագումարին: Սակայն, այն ժամանակ նա մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը եւ Արշակ Կարապետյանը մնում են բարեկամներ, ու որեւիցե գաղափարական տարաձայնություններ, ճանապարհային շեղումներ կամ մեկը մյուսից նեղվածություն, բացարձակ չկա: Իսկ կուսակցական աշխատանքներին չի մասնակցում զուտ այն պատճառով, որ քրեական հետապնդումներ կան իր նկատմամբ, որոնք կրկին վերաբացվել են: Մինչդեռ երեկ Հովհաննես Շահինյանը հայտարարություն տարածեց առ այն, որ միանում է Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը: Հասկանալու համար, թե ինչ է փոխվել ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ հարաբերությունների եւ քաղաքական հայացքների մեջ, «Իրավունք»-ը զրուցեց վերջինիս հետ:
— Ինչու՞ որոշեցիք «Համահայկական ճակատ» կուսակցությունից դուրս գալ եւ միանալ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը: Փաստորեն, այնուհանդերձ, տարաձայնություններ կայի՞ն Ձեր եւ Արշակ Կարապետյանի միջեւ:
— Արշակ Կարապետյանն իմ բարեկամն է: Ինչ կապված է պետության հետ, մենք գաղափարակիցներ ենք: Ոչինչ չի փոխվել մեր հարաբերություններում: Ես իրեն մի քանի օր առաջ եմ հանդիպել եւ երկար զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է, թե ինչու որոշեցի դուրս գալ Կարապետյանի կուսակցությունից եւ միանալ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանը, ասեմ, որ դա եղել է իմ որոշումը: Ես ազատ մարդ եմ ու իմ որոշումները կայացրել եմ ինքնուրույն: Բացարձակ տարաձայնություն եւ հայացքների փոփոխություն չի եղել: Հայացքը մեկն է՝ հայրենիքը: Ինչպես եղել է մեր բարեկամությունը, այդպես էլ շարունակվում է:
— Գուցե բարեկամներ եք, բայց սկսել եք չհավատա՞լ, որ Արշակ Կարապետյանի հեղինակած «տրիբունալով» հնարավոր է հեռացնել այս իշխանությանն ու փրկել երկիրը:
— Այդ գաղափարը, յուրաքանչյուրի հոգու ու մտքի մեջ պետք է զոդված լինի: Այդ ցավը մեր մտքի մեջ այնպես է ներարկվել, որ ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ այն պետք է կրի իր մեջ: Նրանք կազմաքանդեցին մեր պետությունը ու ոչնչացրին մեր գենոֆոնդը: Իհարկե, տրիբունալը կաշխատի:
— «Հայոց համազգային միասնություն» կուսակցությանից առաջա՞րկ եք ստացել, թե դա էլ էր Ձեր նախաձեռնությունը:
— Դա իմ անձնական որոշումն է եղել: Ելնելով Հայաստանի ներքաղաքական իրողություններից, օր օրի ահագնացող արտաքին սպառնալիքներից, հաշվի առնելով արցախահայության իրավունքների վերականգնման առաջնահերթությունն ու ազգային պետություն ձեւավորելու հրամայականը՝ անհրաժեշտ եմ համարում առավել ակտիվացնել քաղաքական գործունեությունս։ Եվ ծրագիրը մեկն է՝ այս չարիքից, քոչվոր գլոբալիստներից ձերբազատվել: Հովհաննես առաքյալը դեռեւս 2000 տարի առաջ էր իր հայտնությունների մեջ նկարագրել «նիկոլայիստներին»: Մենք այժմ գտնվում ենք այդ չարիքի տակ՝ նվաճված օկուպացված եւ ամենավերջին ձեւով վերաբերված հայ ազգին ու մեր հայրենիքին: Նպատակը մեկն է՝ ցանկացած կերպ սրանց դուրս շպրտել, ոչ միայն իրենց աթոռներից, այլ ուղարկել իրենց սենյակներից ուղիղ մեկուսարան: Որոշումս բացառապես պայմանավորված է ՀՀՄ կուսակցության առաջնային նպատակների ու ծրագրային դրույթների իրագործմամբ, ինչպես նաեւ գաղափարական ընդհանրությամբ:
— Ըստ Ձեզ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինե՞ն:
— Չեմ բացառում: Մենք գործ ունենք խելացնոր մի մարդու հետ, ու դա բոլոր ուղղություններով ապացուցված եւ հիմնավորված է: Նա ցանկացած պահի կարող է ոչ ադեկվատ որոշում կայացնել: Մենք այնքան բան ենք տեսել այս տարիների ընթացքում, որ արտահերթ կամ ոչ արտահերթը արդեն զարմանալու չի լինի:
— Իսկ եթե, ամեն դեպքում, արտահերթ ընտրություններ լինեն, մասնակցելո՞ւ եք:
— Չգիտեմ, ամեն դեպքում, ես ցանկանում եմ, որ հաջորդ խորհրդարանում լինեն խելացի ու հայրենասեր մարդիկ: Թե ում դեմքով, ինչ անուն-ազգանունով կլինեն, դա էական չէ: Ես 6 անգամ մասնակցել եմ ընտրությունների եւ ինձ մոտ այդ էյֆորիկ վիճակները հավասարակշռված են: Ես նայում եմ գլոբալ, ոչ թե` աթոռի հարց լուծելով: Եթե ինչ-որ մի առումով ես կարող եմ ծառայել իմ պետությանը, ապա ես այնտեղ ինձ տեսնում եմ: Եթե այս հարցը Դուք ինձ տայիք, երբ ես 24-25 տարեկան էի ու առաջին անգամն էի մասնակցում ընտրություններին, ապա ես կպատասխանեի, որ այո՛, տեսնում եմ, սա իմ առաջին քայլերն են, հաջորդը կլինի գերագույն խորհուրդ եւ այլն, բայց հիմա պատրաստ եմ ցանկացած մեկ քայլ ավել դնողի կողքին կանգնել, թեւ թիկունք լինել, ոչ թե ինձ առաջ մղել: Չեմ բացառում, որ կմասնակցեմ: Ժամանակը գա, կերեւա: Իմ խնդիրը՝ քոչվոր գլոբալիստներին դուրս վռնդելն է: Մնացածը, թե ով կլինի այնտեղ, պետք է տեսնեն ու հասկանան, թե ինչ է լինում դավաճանների հետ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ