Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի
ՀասարակությունՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչև 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաև իրավական հիմքերի ստեղծումը:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին հրավիրված հերթական նիստի ընթացքում:
Հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով առաջարկով հանդես գալը պայմանավորված էր հանրության շրջանում բավականին մեծ անհանգստությամբ` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ:
Պատգամավորի դիտարկմամբ՝ դրանց սահմանափակման համար մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչև 18 տարեկան անձանց և սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նաև արգելել մինչև 18 տարեկան անձանց համար ալկոհոլային խմիչքների վաճառքը: Հեղինակներն առաջարկում են վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով Կառավարության առաջարկը, նշել է, որ եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից, արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է:
Պատգամավորներն իրենց ելույթներում կարևորել են օրենքի նախագծի ընդունումը:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: