Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ոստիկանները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա նռնակը չպայթեցնի։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տղամարդու ինքնությունը։
Թե ի՞նչն է եղել պատճառը, որ նա փորձում է նման քայլի դիմել, պարզվում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Վ․ Վարդանյանին, Կ․ Հակոբյանին ու Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Ա․ Զաքարյանին հաջողվում է պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել տղամարդուն և ոստիկանների գործողությունների շնորհիվ նա չկարողացավ գործի դնել նռնակը։
Արդեն տեղում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։
Այս պահին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, փորձում են նռնակները վնասազերծել և տեղափոխել անվտանգ վայր։
Տղամարդուն քրեական ոստիկանները Աբովյանի բաժին են տեղափոխել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լ․ Բադալյանի և հրամանատարի տեղակալ Վ․ Կարապետյանի ուղեկցությամբ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից ՀՀ Ներքին գործերի նախարարին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետին անընդհատ զեկուցում էին իրավիճակի մասին։