Էլ ե՞րբ սիրելի մտավորականնե՜ր, կուսակցական այրե՜ր, հոգեւորականնե՜ր, եթե ոչ հիմա...
Հրապարակախոսություն«Մինչ դուք նստած եք ձեր հետույքներին և սպասում եք, որ ամեն ինչ տեղի ունենա առանց ձեր մասնակցության, կեղծ է, ձեր կյանքը երբեք կյանք չի լինելու, դա լավագույն դեպքում կլինի թշվառություն ու գոյություն քարշ տալ», - ասել է ֆրանսիացի գրող, մանկավարժ Ֆրանց Վերտվոլեյը:
Երբ հայաթափված է Արցախը, երբ ազգդ անասելի նեղության մեջ է, մոլորված է, ահաբեկված, խեղճացած է, խաբված ու պառակտված է, երբ աշխարհը հեգնական ու ծաղրական հայացքով հետևում է մեր երկրում տեղի ունեցող տարակուսելի, անտրամաբանական ու զավեշտալի գործընթացներին, ժողովուրդը Ձեր քաջալերման, կարեկցանքի, իմաստնության ու աջակցության կարիքն ունի։
Երբ հայ ժողովուրդն ու հայոց պետականությունը կանգնած են նախադեպը չունեցող ազգային խայտառակության առաջ, երբ հայտնվել են մի այնպիսի մղձավանջի մեջ, որտեղից դուրս գալը այլևս կա՛մ հնարավոր չի լինելու, կա՛մ պահանջվելու են համազգային աննախադեպ ջանքեր, դուք եք պարտավոր պատասխանատվություն ստանձնել երկրի ու ժողովրդի համար ցանկացած իրավիճակում։
Չէ որ Աստծո բարեհաճությամբ դուք եք օժտված առանձնակի որակներով , բարոյական արժանիքներով ու մտավոր կարողություններով, որին չեն տիրապետում լայն զանգվածները` սովորական մարդիկ, ուստի՝ դուք եք պարտավոր անշահախնդրորեն մտածել ժողովրդի ու պետոթյան մասին։ Ձեր կյանքն էլ պետք է լինի անձնազոհ պայքար հանուն արժանապատվության, հանուն բարձր արժեքների, հանուն ազատության ու սկզբունքների։ Իսկ երբ ազնիվ, ճշմարիտ, իմաստուն ու նվիրյալ մարդիկ գործում են միասին, տգետներն ու ստահակները նահանջում են և ճշմարտությունն ու իմաստնությունը ի վերջո հաղթում են։
Ազգը ձեր մեջ է փնտրում իր հույսը, ուժն ու փրկությունը։ Դուք եք պարտավոր ստանձնել երկրի փրկության պատմական առաքելություն և ձեր կյանքը դարձնել ուխտագնացություն, վառվել ու հանգչել մոմի նման, հանուն իր բնօրրանում ձեր ազգի ու պետականության գոյատևման, հանուն ազգային արժանապատվության, վեր կանգնելով նյութապաշտությունից, ամբիցիաներից ու նեղ խմբային և կուսակցական շահերից։
Նժդեհն ասում էր. «Կեղծ է ամեն մի գրականություն, բարոյական ու քաղաքական վարդապետություն, որ ուժ և արիություն չի ներշնչում իր դավանողին»։ Ես ինքս լինելով մտավորական, իմ անհանգստությունն ու մտահոցությունն եմ հայտնում առկա իրավիճակի համար և կոչ եմ անում համախմբվել ազգային նպատակների, գաղափարների ու խնդիրների շուրջ, պետականության շուրջ և մեր բոլորիս փորձն ու գիտելիքները անմնացորդ ներդնել հանուն մեր երկրի ու պետության։ Չէ֊ որ Աստված ում շատ է տվել, նրանից էլ շատ է պահանջում։
Տնտեսագիտության թեկնածու
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ