Այդպես էլ մենք` հայերս չենք դառնում քաղաքական ազգ...
ՀրապարակախոսությունՑավոք, մենք՝ հայերս, այդպես էլ չենք ուզում դառնալ քաղաքական ազգ (թեպետ թվում է՝ չափից ավելի քաղաքականացված ենք), լուրջ ու պատասխանատվությամբ չենք վերաբերվում պետությանը, պետականությանն ու քաղաքական գործընթացներին: Իսկ այսօրվա տեղի ունեցող հրաժարականներն ու վարվող կադրային քաղաքականությունը հենց այս համատեքստում պետք է դիտարկել։ Այդ պատճառով է նաև, որ մենք պատմության ընթացքում բազմիցս հայրենիք ու պետականություն ենք կորցրել: Հետխորհրդային տարիներին Հայաստանում այդպես էլ չի կայանում քաղաքական համակարգը և չի հաստատվում քաղաքական քաղաքակիրթ մշակույթը: Այդպես էլ չձևավորվեց հանրային կառավարման գործուն համակարգ և չհավաքագրվեց քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանի, որը կտիրապետի մասնագիտական գիտելիքների, օժտված կլինի կառավարչական ընդունակություններով, բարոյական բարձր արժեքներով ու սկզբունքներով, որի համար հանրային (պետական) շահը առաջնային է, և որը իշխանական լիազորությունները արդյունավետ ձևով կօգտագործի հանրության խնդիրները լուծելու համար:
Մենք յուրահատուկ համակրանք ունենք միջակության ու գորշության նկատմամբ, իսկ ուժեղներին ու լավերին էլ չենք սիրում, չենք գնահատում: Պատահական չէ, որ 2018 թ. ապրիլին անհասկանալիորեն իշխանության բերեցինք, երկիր վստահեցինք և դեռ այսքանից հետո էլ հանդուրժում ենք այս անփորձ, ապաշնորհ, բանակից խուսափած, երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի անգամ հայրենիք ու ազգ ուրանալու պատրաստ, ծառայամիտ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդկանց, որոնցից շատերը չեն տիրապետում անգամ կառավարման պարզագույն գիտելիքներին ու իրենց գործառույթներին: Արդյունքում կորցրեցինք Արցախը, կանգնեցինք ազգային արժեհամակարգի խեղաթյուրման, պետական ինստիտուտների արժեզրկման, հայրենիքի մի մասի հանձնման, հայի նվաստացման, պետության կազմաքանդման սպառնալիքի և սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի առջև: Չգիտես ինչու, ասպարեզը թողեցինք փողոցին, որտեղից գալով իշխանության՝ փողոցի ցածրարժեք բարքերն ու մշակույթը տեղափոխեցին պետական համակարգ:
Հին հույն փիլիսոփա Պլատոնն ասել է. «Նրանք, ովքեր բավական խելացի են, որպեսզի չմտնեն քաղաքականություն, պատժվում են նրանով, որ իրենց կառավարում են իրենցից հիմարները»: Չնայած ԱԺ-ի՝ որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարևոր դերին, խորհրդարանում արտահերթ ընտրությունների արդյունքում ազգի իրական ընտրանու փոխարեն՝ հայտնվեցին ոչ քիչ պատահական, նույնիսկ աշխատանքային փորձ չունեցող մարդիկ: Իսկ գործադիր մարմիններում պատասխանատու պաշտոնների նշանակումները կրում են կամայական բնույթ և չեն ենթարկվում որևէ տրամաբանության ու օրինաչափության: Սա պարզապես զավեշտ է և ծաղր տաղանդավոր հայ ժողովրդի և հայոց պետության նկատմամբ:
«Չկա ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- գրել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն: Իսկ հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մ.թ. 350 տարի առաջ ասել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Մենք էլ միամտաբար հիացած էինք «նորերով» ու «չապականված» երիտասարդներով և նրանց հետ մեծ հույսեր էինք կապում: Մինչդեռ հասուն ազգերը լավ գիտեն,որ պետություն կառավարելը բացառապես իմաստուն մարդկանց գործ է, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են և պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ, կազմակերպչական ունակություններ և վայելում են հանրության հարգանքն ու վստահությունը: Ելիզավետա Առաջինը կարծիք է հայտնել, որ «երիտասարդ աչքերը սուր են տեսնում, սակայն տարեց աչքերն ավելի խորն են տեսնում»: Պատահական չէ, որ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկրներում տարեցները, փորձառուները ակտիվորեն ներգրավված են իրենց երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում և մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում: Սակայն մեր երկրում այս իշխանությունների օրոք տպավորություն է ստեղծվում, թե ավագ սերունդը ավելորդ բեռ է հասարակության համար, և որ նրանց փորձը, գիտելիքները, իմաստությունը հնացած են և այլևս պետք չեն ոչ մեկին: Հույն փիլիսոփա Պլատոնն այն կարծիքին է եղել, որ «պետությունները միայն այն ժամանակ կբարգավաճեն, երբ իմաստունները կթագավորեն»: Բազմաթիվ գիտնականներ հետազոտությունների արդյունքում առանձնացրել են մի շարք որակներ, որոնք առավելություն են և հատուկ են միայն ավագ սերնդին՝ նրանք ավելի հավասարակշռված են, ավելի հեռատես, ավելի զգուշավոր և պատասխանատու, ավելի իրատես և ճկուն, ունեն կյանքի ավելի մեծ փորձ, ավելի շատ բան են տեսել, ունեն գիտելիքների ավելի մեծ պաշար և հետևաբար ավելի հասուն են և իմաստուն, ավելի կայուն են, լավ են տիրապետում իրենց հույզերին ու դիմակայում սթրեսներին, բարդ իրավիճակներում կողմնորոշվում են ավելի ճիշտ և համարժեք, ավելի շատ ժամանակ տրամադրում են աշխատանքին և ավելի քիչ ժամանակ՝ անձնական վայելքներին:
Օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ-ի 40-րդ նախագահ է ընտրվել 70 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 78 տարեկանը, Շարլ դը Գոլը որպես Ֆրանսիայի նախագահ պաշտոնավարել է մինչև 80 տարեկանը, Ժակ Շիրակը՝ մինչև 77 տարեկանը, Կիպրոսի նախագահ Գլաֆկոս Քլիրիդիսը՝ մինչև 83 տարեկանը, իսկ Իտալիայի նախագահ Կառլո Ազելոն՝ մինչև 82 տարեկանը: Շեմոն Պերեսը Իսրայելի նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ 84 տարեկանում և պաշտոնավարել է մինչև 91 տարեկանը, այնուհետև ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ ապրելով 93 տարի: Նրանք բոլորն էլ, ի դեպ, համարվում են իրենց երկրների հաջողված նախագահներ: Միայն տարիքն ու կենսափորձը, անշուշտ, բավարար չեն իմաստուն լինելու համար, բայց, ցավոք, իմաստությունը գալիս է միայն հասուն տարիքում: Ժան Ժակ Ռուսսոն այն կարծիքին էր, որ «երիտասարդությունը իմաստության և փորձի կուտակման տարիներ են, իսկ տարեց տարիները՝ դրանց օգտագործման»:
Այս տեսակետից, ըստ իս, նպատակահարմար է պետական ծառայողների և առաջին հերթին կրթության ոլորտի աշխատողների համար վերանայել տարիքային թույլատրելի առավելագույն սահմանը: Իսլանդացի ճանաչված գրող Բերնարդ Շոուն գրել է. «Աշխարհը, անշուշտ, պետք է կառավարեն երիտասարդները, սակայն մեծանալուց հետո միայն»: Սա ամենևին չի նշանակում, թե որևէ պարագայում կարելի է թերագնահատել երիտասարդների հնարավորությունները: Այստեղ ևս չի կարելի ընկնել ծայրահեղությունների մեջ:
Երիտասարդությունն աչքի է ընկնում առավել ակտիվությամբ, խիզախությամբ, նախաձեռնողականությամբ, եռանդով, նորի և առաջադիմականի արագ ընկալմամբ, իսկ ավագ սերնդի մոտ գերակշռում է փորձառությունը, հավասարակշռվածությունը իմաստությունը, գործիմացությունը և պատասխանատվությունը: Ավելի արդյունավետ կարող է լինել տարիքային բոլոր խմբերի ունակությունների օպտիմալ զուգակցումը: Կարևոր է, որ տարեցներն էլ իրենց հերթին թերահավատորեն չվերաբերվեն, վստահեն երիտասարդներին և ամենայն հոգածությամբ ու ջերմությամբ շրջապատեն նրանց, որպես մեր ապագայի ու տեսակը շարունակողի՝ նրանց հաղորդելով իրենց փորձն ու գիտելիքները: Կայուն պետություն և առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սոցիալական, ազգային, սեռային ու տարիքային բոլոր խմբերը ներկայացված լինեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, և նրանց միջև լինի ներդաշնակություն ու համերաշխություն:
Պետք է լավ գիտակցենք, որ հայտնվելով խոր և համակողմանի ճգնաժամի մեջ՝ կանգնած ենք ամբողջական հայրենիքի ու պետականության կորստի սպառնալիքի առջև, որ ունենք Արցախի վերադարձի և Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական, բնապահպանական, ներքաղաքական, հասարակության համերաշխության ու կայունության, պետականաշինության, հայրենադարձության, արդարության հաստատման, հայի կորսված արժանանապատվության վերականգնման, արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ: Այդ նպատակով պետք է միավորել ու համախմբել ազգային արժեքներ, մարդկային բարձր որակներ կրող, փորձ ու պետական մտածողություն ունեցող մարդկանց և լծվել չափազանց դժվարին ու հայրենանվեր գործին` երկիրն ու պետությունը կործանումից փրկելու գործին։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու