20-րդ դարի մեծագույն ռեժիսորը 21-րդ դարում նորաձեւություն է թելադրում
ՏեսանյութերԵրեւանի ամենանշանակալի մշակութային հաստատություններից մեկում՝ Ազգային Պատկերասրահում, վերջերս ցուցադրվեց «Փարաջանով 100» մետաքսե շարֆերի եւ Haute Couture զգեստների բացառիկ հավաքածուն: «Արտույտի» այս նախագիծը, պարզապես, ցուցադրություն չէր, այլ մշակութային ճանապարհորդություն՝ 20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի կյանքի ու ստեղծագործության քառուղիներով, ում վարպետությունն ու արտահայտչականությունը մնում է անգերազանցելի ցայսօր։
«Փարաջանով 100» հավաքածուն ոչ միայն գեղարվեստական արտացոլումն է փարաջանովյան բազմաժանր արվեստի, այլեւ նոր շունչը: Ընդ որում՝ ոչ թե հեռուստաէկրանների կամ պատին փակցված կոլաժների միջոցով, այլ «Սաթէ-Աթղը» թատերական միության եւ ֆրանսիացի հայտնի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի բեմադրած «Փարաջանովյան էսքիզներ» պարային պերֆորմանսի, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով» նշանաբանով տպավորիչ իմերսիվ շոուի եւ հատուկ ընտրված մոդելների, որոնք մարմնավորեցին Փարաջանովի յուրահատուկ ստեղծագործական մոտեցման էությունը։
«Մոտեցումը հետեւյալն էր՝ կարեւորը դուրս գանք հուշ-երեկոների ձեւաչափից եւ առաջարկենք նոր մոտեցումներ, թե ինչպես է այսօրվա ՀՀ քաղաքացին ընկալում եւ յուրացնում Փարաջանովի ժառանգությունը: Արդյունքում շատ հետաքրքիր մտքեր ի հայտ եկան», - ցուցահանդեսի մեկնարկից առաջ ընդգծեց ԿԳՄՍ փոխնախարար ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ շեշտեց, որ նորաձեւությունը լինելով մշակույթի անքաքտելի մաս՝ պետք է այն շարունակել զարգացնել ՀՀ-ում եւ երկրի սահմաններից դուրս:
Ներքին ազատություն, գեղեցիկություն ու ճշմարտություն փնտրելու անհագ ցանկության ամենաանսպասելի լուծումներ… Այսպիսին էին ներկայացված հագուստներն ու շարֆերը՝ միահյուսված փարաջանովյան արվեստով, պատմությամբ, կինոյի մեծագույն վարպետի յուրօրինակ ձեռագրով:
Հիշեցնենք, որ 2023թ նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում էր կայացվել Շառլ Ազնավուրի եւ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ