Զելենսկին հայտնել է՝ ո՛ր դեպքում Ուկրաինան կարող է պարտվել
«Եթե ԱՄՆ-ն որոշի կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, մեր երկիրը կպարտվի: Մեր սեփական արտադրությունը բավարար չէ դիմադրելու համար»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտնում է Fox News-ին տված իր հարցազրույցում։
Զրույցի ընթացքում լրագրողը ճշտող հարցով դիմել է Ուկրաինայի նախագահին՝ բանակցությունների հնարավորության մասին վերջինիս հայտարարությունների վերաբերյալ։ Խոսքը ուկրաինական ռադիոյին Զելենսկու տված հարցազրույցի մասին է, որտեղ նա ասել է․
«Մենք անկախ երկիր ենք, և այս պատերազմի ընթացքում և՛ մեր ժողովուրդը, և՛ ես՝ անձամբ ԱՄՆ-ի, Թրամփի, Բայդենի և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններում ապացուցեցինք, որ «Նստեք և լսեք» հռետորաբանությունը մեզ հետ չի աշխատում»,- ասել է Զելենսկին։
Fox News-ի լրագրողն այս համատեքստում Զելենսկիին հարցրել է, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ կառավարությունը կրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Ինչին ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ այս դեպքում Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կպարտվի։
«Եթե օգնությունը կտրեն, կարծում եմ՝ կպարտվենք։ Իհարկե, ամեն դեպքում, կմնանք ու կպայքարենք։ Մենք մեր արտադրությունն ունենք, բայց դա բավարար չէ հաղթելու համար, և ես կարծում եմ, որ սա բավարար չէ գոյատևելու համար։ Բայց եթե դա տեղի ունենա, մենք կորոշենք՝ ինչ անել»,- ասել է Զելենսկին։