«Ժողովուրդ». Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Գրեթե բոլոր ՔՊ-ականներն իրենց իրականացրած հեղափոխությունից անմիջապես հետո ձեռք բերեցին մեկ եւ ավելի բնակարաններ։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ներկայացրած հայտարարագիրը, արձանագրեց, որ այն բաղկացած է քաղաքացիական օրենսգրքի գրեթե բոլոր տեսակի գործարքներից. ՔՊ-ական պատգամավորը նվերներ է ստացել հարսանիքի հյուրերից, քրոջից, մորից, ստացել է նաեւ ժառանգություն, վարկ եւ այլ եկամուտներ։
Այս ամենին ի պատասխան՝ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Դուք հարսանիք չե՞ք գնացել, դրանք մի քանի անձից տրված գումարներ են տարբեր քանակի՝ մեկից 50 դոլար, մեկից 100 դոլար։ Արդյունքում ձեւավորվել է 1 մլն 200 հազար դրամ»։
Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասն նկարագրել է հարսանեկան նվերներից զատ այլ եկամուտների նպատակը, քանի որ աղբյուրները անհատներ էին։ Առաջին նվիրատվությունը Նոնա Եղոյանից է՝ 900 հազար դրամ։
Հաջորդ նվիրատվությունը Եղոյանը ստացել է Նելլի Սիմոնյանից։
«Հայրս, մինչեւ մահանալը, նախորդող մեկ տարին կենսաթոշակը չէր ստացել եւ կուտակել էր։ Հայրս զինվորական էր եւ բարձր թոշակ էր ստանում՝ գրեթե 300 հազար դրամ։ Հորս մահից հետո այդ կուտակված գումարը ժառանգությամբ փոխանցվեց ինձ, մորս եւ քույրերիս, որպեսզի բանկային փոխանցումներում խուսափենք հետագա խնդիրներից, այսպես ենք գրել»,- եզրափակեց Եղոյանը։
Թեեւ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր հայտարարագրում կոռուպցիա չփնտրենք, ասելով՝ «կոռուպցիա իմ մոտ չկա», սակայն արձանագրենք, որ նախկինների նվիրատվությունները բազմիցս քննադատվել են, իսկ ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում