Մի դիմում էլ դո՛ւ գրի
ՎերլուծությունԿիրակի երեկոն բարի չէր մի շարք պաշտոնյաների համար, ազատման դիմումներ գրեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: Ընդ որում, ըստ մամուլի` sms հաղորդագրության հիման վրա ստացած փաշինյանական մեկ հրահանգով:
Իհարկե, վերոնշյալի հետ կապված, տխրելու կամ ուրախանալու մեծ առիթ չկա: Ինչպես ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է նշում, մի օր նշանակվել էին, մի օր էլ հանվելու էին: Նիկոլի վարչապետության պարագայում երկրորդական է նախարարի կամ քննչականի պետի անունն ու ազգանունը։ Այնպես որ, պետք չէ շեղվել գլխավոր օրակարգից՝ Հայաստանի ադրբեջանացման դեմ պայքարից։ Բայց, այդուհանդերձ, ինչո՞ւ լիալուսնի գիշերը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից եւ Ենոքավանում մատաղ ուտելուց հետո ու Վատիկան մեկնելուց առաջ՝ Փաշինյան Նիկոլը գնաց նման աղմկոտ պաշտոնանկությունների ճանապարհով:
Թերեւս, տեղի ունեցած պաշտոնանկություններն ում ում, բայց «Իրավունք»-ի ընթերցողների համար անակնկալ չէր, շատ ավելի վաղ զգուշացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է յուրայիններին «մատաղ» անելու ուղիով՝ վերջին ճիգերը գործադրելով սեփական կաշին փրկելու համար: Եվ ահա ասվածն այլեւս փաստ է: Պատճառները կարող են տարբեր լինել, և այս օրերին բազմաթիվ վարկածներ են առաջ բերվում, բայց նպատակը մեկն է, ինչի մասին արդեն նշեցինք: Սակայն հատկանշական է հրաժարական տվածների «կոմպլեկտը», թե ինչպես է ընտրվել, մի՞թե նրանք էին Փաշինյան Նիկոլի համար ամենաանվստահելիներն ու իր աթոռի համար վտանգ ներկայացնողները: Ասել, թե նրանք ամենաարեւմտամետներն ու ամենասորոսականներն էին, եւ Փաշինյան Նիկոլը Թրամփի հետ զրույցից հետո հասկացել է, որ կա՛մ պետք է նրանցից հրաժարվի, կա՛մ ինքը հրաժարական տա, այդքան էլ տեղին չէ, քանի դեռ պարզ չէ` ովքեր են փոխարինելու պաշտոնանկ արվածներին:
ՆԻԿՈԼԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈ՞ՒՄ ԵՆ…
Օրինակ, առաջին հայացքից խիստ տարօրինակ կարող է թվալ, թե ինչու կադրային ջարդի «դռբի» տակ ընկածների շարքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի հին ընկեր Վահե Ղազարյանը:
Հիշեցնենք, թե ինչ էր գրում «Իրավունք»-ը դեռեւս հուլիս ամսին, երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն էր տարածել, որ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի եւ Պարեկային ծառայության ներկայացուցիչների հետ: Դեռ այն ժամանակ կառավարության մոտ կանգնած աղբյուրները պնդում էին, թե՝ ՆԳ նախարարի հետ դեսպանի հանդիպումը, մեղմ ասած, այդքան էլ միայն աշխատանքային նպատակների համար չէր:
Բանն այն է, որ, ըստ աղբյուրի, ամերիկյան կողմը նաեւ ներհայաստանյան վերջին հանրահավաքային ֆոնին ֆիքսել էր, որ ՆԳ նախարարը շարունակում է հավատարմորեն գործակցել հին ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելին, որ թեեւ նախարարությունում նրա շուրջ մի շարք «ականներ» են շարված, բայց նախարարն ընդհանուր առմամբ վերահսկում է կառույցի գործունեությունը: Այսինքն, եթե «պատահաբար» անհրաժեշտություն առաջանա, որ ինչ-որ X պահի ուժային համակարգը հանկարծ դուրս գա Նիկոլի ընդհանրական վերահսկողությունից, ապա դա իրերի ներկա դրվածքով գործնականում անհնար է: Կարճ ասած, Նիկոլին «թախտից գցելու» ամեն մի փորձի դեպքում, անկախ, թե դրա արմատները որտեղից են գալիս, Վահե Ղազարյանը հավատարիմ կմնա նրան, ու այդ դեպքում ամեն մի նման փորձ ենթակա է ձախողման:
Եվ ահա տեղի է ունենում դեսպան-նախարար հանդիպումը, որի խորքային նպատակը եղել է տնտղելը, թե Վահե Ղազարյանի հավատարմությունը մինչեւ ուր է հասնում: Մյուս կողմից, թե ինչ է պետք, որ այդ հավատարմությունը խաթարվի: Այս հանդիպումն իհարկե չէր կարող խոր հետք չթողնել կասկածամիտ Նիկոլի վրա, եւ նա սկսեց մտածել ոչ այնքան հին ընկերոջ, որքան սեփական «կաշին փրկելու» մասին: Այն տրամաբանությամբ, որ ավելի լավ է պաշտոնանկությունով բաժանվեն իրարից, քան ստանա թիկունքից հարված հնարավոր ֆորսմաժորային իրավիճակում:
ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄ՝ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴՌԱՆ ԱՌԱՋ
Նկատենք նաեւ, որ ուժային կառույցներին Փաշինյան Նիկոլի կողմից կիրառվող ռեպրեսիաները լուրջ հետեւանքներ կարող են ունենալ՝ առաջին հերթին հենց կադրայի քաղաքականության իմաստով: Այսօր արդեն արձանագրված փաստ է, որ աշխարհի տարբեր զարգացսծ երկրներում աշխատատեղերի թափուր հաստիքները պետական հաստատություններում ռեկորդային թվերի են հասնում, եւ քչերն են համաձայնում ոչ մեծ աշխատավարձով կատարել ծանր, պատասխանատու աշխատանքներ, ինչը համատարած բնույթ է կարում: Այս երեւույթից անմասն չէ նաեւ Հայաստանը:
Բանն այն է, որ պետական սեգմենտում աշխատողները 2018-ի իշխանազավթումից հետո ենթարկվել են մանագիտական տեռորի: Միջին չինովնիկական օղակը, պարզապես, գտնվում է աշխատանքային կոլապսի մեջ, որովհետեւ վերադասը զուրկ է միջին մասնագիտական կարողություններից, բայց գտնվում է իշխանական բուրգում: Ավելի պատկերավոր բացատրելու համար՝ լավագույն օրինակը` ոստիկանից ավելի խելացի վարորդն է, սպայից ավելի ստրատեգ զինվորը:
Այնպես որ, չի բացառվում, որ Փաշինյանի կադրային մսաղացը պատճառ դառնա, որ թափուր մնացած հաստիքները համալրվեն մարդկանցով, ովքեր այդ պաշտոներում կամ կլինեն խամաճիկներ (ինչը հավանաբար հենց Փաշինյանի ցանկությունն է), կա՛մ էլ ոչ ոք չի հանաձայնի մոտենալ այդ պաշտոններին, որովհետեւ հասկացողը պատկերացնում է, որ այդ պաշտոնին տիրապետողը կարող է դառնալ արկածախնդիր իշխանության քավարանը կամ քավության նոխազը: Արդյունքում ոչ մեկին էլ ձեռնտու չէ պաշտոնավարել՝ ճամպրուկները գրասենյակի դռան առաջ: Ուստի՝ անմորուս Փաշինյանի իբր «բարեփոխումներն» առ ոչինչ են, եթե ոչ հերթական գոտկատեղից ներքեւ ծանր հարվածն ուժային ապարատներին:
ՇԱՆՍ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՐՏԱԴՐԵԼՈ՞Ւ, ԹԵ՞ ՏՈՏԱԼ ԿՈՐԾԱՆՈՒՄ
Այս օրերին քննարկվող ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, կադրային փոփոխություններ իրականացնելով եւ հանրությանը հիմա էլ անմորուս ներկայանալով, պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների՝ իբր նոր դեմքով, նոր կադրերով: Պաշտոնանկություններն էլ չհայտարարված նախընտրական փիառ կոմպոնենտի մեջ է տեղավորվում: Բայց սա էլ տրամաբանությունից դուրս է, երբ տեսնում ենք, որ շարունակում են պաշտոնավարել այնպիսի կադրեր, ինչպիսիք են ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վերջիվերջո, ավելի ատելի կադրեր ունի Փաշինյանը, քան նրանք էին, որոնք ազատվեցին պաշտոններից:
Բայց, ամեն դեպքում, այստեղ հարցերի հարցն այն է, թե արդյոք ՀՀ քաղաքացին կրկին մոռանալու է Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր կառավարումն այս տարիների ընթացքում, որոնք լուրջ վնասներ են հասցրել հայոց պետականությանը, կասկածի տակ են դրել հայ ժողովրդի ապագան:
Անկանխատեսելիության քաղաքականությունը բոլոր ժամանակներում բերել է դեստրուկտիվ կուլմինացիոն լուծումների: Հետեւապես, եթե ոմանց համար այդպիսի քաղաքականությունը վերստին շանս է` վերարտադրելու սեփական իշխանությունը, ապա հասարակության այլ բնագավառներում, ինչպիսին բիզնեսն է, քաղաքաշինությունը, արտաքին հարաբերությունները, հայտնվում են անելանելի ճգնաժամի եւ ուղեկցվող քաոսի մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հետեւապես, եթե նման դեպքում կառավարող մարմինները կարծում են, թե բարեկեցիկ ճանապարհների խոստումներով կամ խաղաղության հույսերով կարող են իրավիճակը փրկել, չարաչար սխալվում են: Իսկ մի՞թե այս ամենը չի գիտակցում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ցույց կտա դեկտեմբեր ամիսը` կկարողանա՞ շահել եւս մի միջանկյալ ժամանակաշրջան, քանի դեռ Ռուսաստանը խառն է, իսկ Միացյալ Նահանգներում նոր է ձեւավորում պետական ապարատը: Իսկ գուցե ամեն ինչ կավարտվի «Ալեքսանդրապոլ-2» պայմանագրի ստորագրմա՞մբ, ինչն, ըստ էության, անոնսավորում էր ԱԺ ամբիոնից՝ թիրախ դարձնելով Անկախության հռչակագիրն ու քար նետելով բանակի հեղինակության վրա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ