Նահանջ է արձանագրվելու մեր ինքնությունից, որը հղի է վտանգավոր հետեւանքներով՝ ընդհուպ անկախության կորստով. Ստեփանյան
ՆերքաղաքականՑանկացած պետության անկախության հիմքում ընկած է ինքությունը, որը կորցնելը նշանակում է անկախության կորուստ։ Հայաստանի Երրորդ Հանրապետության ինքնության ակունքում Արցախն է, քանի որ Հայաստանի անկախության համար շարժումը սկսվել եւ շարունակվել է Արցախի գաղափարով, հանուն Արցախի ազատագրման ու մայր Հայաստանին միացման։ Եվ անկախությունն է եղել հայկական բնական շահը, այսինքն՝ Արցախի ազատագրումն իրացնելու միակ ճանապարհը։ 1991 թ. մարդիկ ընտրության են գնացել եւ քվեարկել հանուն անկախության՝ ունենալով Արցախն իրենց սրտում։ Այստեղից հետեւում է միայն մեկ եզրակացություն, որ Արցախը կորցնելը հավասար է Հայաստանի ինքնությունն ու անկախությունը կորցնելուն։ Անկախության կորստի վտանգից ընդհուպ հայի ինքնությունը խարխլող տարբեր հարցերի շուրջ, «Իրավունք»-ը զրուցել է ՀՊՄՀ Համաշխարհաին պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:
— Հայի ինքնության համար բավական կարեւոր առարկաներ, որոնք դասավանդվում են, մղվել են հետին պլան: Ի՞նչ է տիրում այս պահին կրթական համակարգում:
— Իհարկե, տարբեր տեսակի խնդիրներ կան, որոնց ամեն օր էլ առնչվում ենք: Ինչպես արդեն ամիսներ առաջ էր շատ թեժ քննարկվում «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում առկա «բռնակցում» եզրույթը, նույն կերպով էլ այժմ այլ խնդիրներ են շարունակում բարձրաձայնվել: Ես այդ եզրույթի քաղաքական կոմպոնենտի մասին մի բան պետք է ասեմ: Դա յուրատեսակ եւ հերթական սադրանքն էր Ռուսաստանի հանդեպ։ Բանը հասավ նրան, որ դիվանագիտական ինչ-որ բողոք հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանը նման դիրքորոշման համար։ Սա քաղաքական սադրանք էր, որի հետեւանքները մենք, հավանաբար, Աստված մի արասցե, ավելի գործնականում կարող է եւ մեր մաշկի վրա զգանք, եւ այս դեպքում ռուսները կարող են գործով ցույց տալ, թե ինչ է նշանակում բռնակցել:
— Սահմանազատման կանոնակարգի շուրջ եւս լրջագույն քննարկումներ են շարունակում ընթանալ: Արդյո՞ք այս իշխանությունը պահպանում, թե՞ վերացնում է մեր սահմանները, մեր ինքնությունը:
— Ինչ վերաբերում է ձեր այս հարցին, որն իսկապես խորքային է, պետք է նշեմ, որ ինչպես աշխարհում, նաեւ տարածաշրջանում, ընդհանուր ամբողջ համաշխարհային պատմության ընթացքում տեղի է ունեցել ինքնության, անկախության համար պայքար, անկախության նվաճման, պահպանման, կայացման համար պայքար, եւ այդ անկախությունը պետք է ինքնությունը պահպանելու համար։ Եթե մենք գաղափարական, ինչպես նաեւ գաղափարաքաղաքական առումով նպաստավոր պայմաններ չենք ստեղծում մեր ինքնությունը պահպանելու համար, ապա այդ անկախությունը կդառնա շատ խարխուլ, խոցելի, որովհետեւ անկախությունը նախատեսված է ինքնություն ունեցող ժողովուրդների եւ ազգերի համար:
Եթե մենք մատաղ սերնդին կրթելու համար նախատեսված կարեւորագույն առարկաների մեջ վերացնում ենք այդ ինքնությունը ամրապնդելու կարեւոր բաղադրիչը, ապա բնականաբար լուրջ հարված ենք հասցնում ինքնությանը։ Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ շատ առարկաների մեջ արմատապես դրված է հային բնորոշող, հայի ինքնությունը բնորոշող կոմպոնենտների եւ բաղադրիչների վերացում դասագրքերից: Ըստ էության, սա կարող է ինչ-որ մի պահի հայեցակարգի վերածվել: Փաստորեն, դասագրքում չկա հերոսի կերպար, դասագրքում չկա ամբողջական մեր հայրենիքին, Հայկական լեռնաշխարհին վերագրելու գաղափար, դասագրքում չկա զենքի հանդեպ պաշտամունք, որը պետք է անի «Հայոց պատմության» դասագիրքը, դասագրքում չկա այդ հատկանիշներով օժտված պետություն ունենալու ամբիցիա մեր Հայկական լեռնաշխարհում: Կամաց-կամաց սա, ըստ էության, նահանջ է արձանագրելու մեր ինքությունից, որը հղի է վտանգավոր հետեւանքներով՝ ընդհուպ անկախության կորստով։
— Պարոն Ստեփանյան, ի վերջո ո՞րն է հնարավոր ելքը այս բարդագույն իրավիճակներից:
— Այսօր պարզ բանաձեւ է առաջ բերվում, որ այս իշխանություններին եթե տապալենք, ապա ամեն ինչ լավ կլինի։ Այո՛, միգուցե մարտավարական առումով դա այդպես կլինի, բայց նաեւ միանշանակ պետք է մատաղ սերունդներին եւ հասարակությանը բացատրել, որ խնդիրը ոչ թե այս իշխանության տապալումն է, այլ այս նպատակին հասնելն է, որի մեջ պետք է լինի նաեւ Արցախի ազատագրումը։ Այսինքն՝ մենք պետք է նպատակ դնենք ոչ թե ընդդեմ ինչ-որ մի բանի, այլ՝ հանունի:
Ճիշտ է, այս դեպքում ընդդեմ ինչ-որ մի բանի պայքարը ենթադրում է նաեւ հանուն Արցախի եւ հանուն փրկության գաղափարի, բայց, ամեն դեպքում, բանաձեւը հասարակությանը պետք է հասցնել «հանուն»-ի տրամաբանության մեջ: Նաեւ շատ կարեւոր է, որ հակառակորդը եւս իշխանությունների թեզն օգտագործում է թե՛ մեր հասարակությանը վախեցնելու եւ թե՛ թշնամուն ոգեւորելու համար: Հենց սա, այսպես կոչված, ռեւանշիզմի կեղծ գաղափարն է։
Նախ, եթե ավելի անկեղծ լինենք, ապա ռեւանշի հաղթելը եւ սեփական իրավունքների վերատիրանալը՝ ռեւանշի բացասական եզրույթով ներկայացնելն էլ էլի չի բխում մեր շահերից։ Այո, ռեւանշ լինելու է, ազնիվ ռեւանշ է լինելու: Արդարությունը վերականգնվելու է, վերջապես մեր հասարակությունը պետք է հասնի արդարության։ Արդարությունը պետք է լինի ոչ միայն սոցիալական ոլորտում, որտեղից, ցավոք սրտի, թերեւս արդարություն չկա այլեւս: Հարցը սա է՝ արդար կլինի, որ արցախցին վերադառնա իր հինգհազարամյա հայրենիք եւ այնտեղ կառուցի, շենացնի իր պետականությունը: Դա արդար կլինի: Մենք` որպես ժողովուրդ, պետք է գնանք արդարության հետեւից՝ հանուն արդարության վերականգնման։ Մենք պարտավոր ենք դա անել, որովհետեւ այդ արդարության վերականգնումով, կրկնում եմ՝ ապահովվելու է մեր անվտանգությունը եւ մեր հայրենիքում մեր ապրելու հնարավորությունը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ