Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն անդրադարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը չմասնակցելուն.
«Մենք` Հայաստանի քաղաքացիներս, ըմբշամարտի հավաքականի և օգոստոսի 19-ից նաև մարզական վաշտի շարքերը համալրած մարզիկներս, միշտ պատրաաստ ենք բարձր պահել մեր երկրի պատիվը: Մեր թիմը պատրաստ էր մասնակցել Երևանում կայանալիք բանակայինների աշխարհի առաջնությանը, սակայն անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով մարզական վաշտի որոշ ներկայացուցիչներ զրկվել են այդ հնարավորությունից:
Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա: Հարգելի լրագրողներ, այս պահին չենք կարող պատասխանել ձեր հարցերին, քանի որ մեզ ևս չեն տվել որևէ հստակ բացատրություններ կամ տեղեկություններ նման իրավիճակի վերաբերյալ»,- սոցցանցերում գրել է Ամոյանը:
Առաջնության չեն մասնակցի նաև ժամկետային զինծառայության մեջ գտնվող Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը և Մանվել Խնձրցյանը: