Երկիր վերադառնալուց հետո տիեզերագնացների հետ կապված առեղծվածային միջադեպերի մասին
ՀասարակությունՀոկտեմբերին Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) վերադարձած ամերիկացի տիեզերագնացները որոշ խնդիրներ էին ունեցել իրենց առաքելության ընթացքում, և դրանցից մի քանիսը շարունակեցին խնդիրներ ունենալ նաև Երկրի վրա: Ե՛վ իրենք՝ տիեզերագնացները, և՛ ՆԱՍԱ-ն հրաժարվում են մանրամասներ հայտնել միջադեպի մասին, տեղեկացնում է Arstechnica.com-ը
Տիեզերքում առաքելության ժամանակ ՆԱՍԱ-ն ստիպված է եղել ընդհատել տիեզերագնացների երկու տիեզերական զբոսանքները, երկու անգամն էլ առեղծվածային հանգամանքներում: Այնուհետև հոկտեմբերի 25-ին տիեզերագնացներից մեկը հոսպիտալացվել էր ինչ-որ «բժշկական խնդրի» պատճառով այն բանից հետո, երբ SpaceX Crew Dragon պարկուճը վայրէջք էր կատարել իր 235-օրյա առաքելության ավարտին։ Գիշերը հիվանդանոցում անցկացնելուց հետո տիեզերագնացը դուրս էր գրվել, վերադարձել է Հյուսթոնի իր բազա և վերսկսել հետթռիչքային բնականոն գործունեությունը։ Տիեզերական գործակալությունը չի նշել տիեզերագնացի անունը, ոչ էլ մանրամասներ է հայտնել նրա վիճակի մասին՝ վկայակոչելով բժշկական տեղեկությունների գաղտնիությունը:
«Մենք դեռ լիովին չենք հասկանում տիեզերական թռիչքները: Երբեմն բացահայտում ենք մի բան, որը չենք սպասում: Սա այդ դեպքերից մեկն էր, և մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում այս հարցի վերաբերյալ։ Հետևաբար, որպեսզի ապահովենք բժշկական գաղտնիությունը և որպեսզի մեր գործընթացները շարունակեն պատշաճ կերպով առաջ ընթանալ, սա այն ամենն է, ինչ մենք կասենք այս պահին»,- ասել էր բժիշկ և թռիչքային վիրաբույժ Մայքլ Բարաթը: