Ինչպես լռեցվեցին հայտնիները
Մշակութային150 ԴՐԱՄԻ ԱՂՄՈՒԿ, 300 ԴՐԱՄԻ՝ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Ոչինչ չի մոռացվում, իսկ ովքեր էլ փորձեն մոռացության տալ՝ մե՛նք կհիշեցնենք: 2013 թվականի հուլիսին Երեւան քաղաքում անցկացվում էին բողոքի ցույցեր ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի այն որոշման, ըստ որի, երթուղային տաքսիների ուղեվարձը պետք է թանկանար 50%-ով՝ 100 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ։ Արդյունքում ուղեվարձի բարձրացման մասին որոշումը կասեցվեց, իսկ ակցիայի դերակատարները գրեթե դարձել էին ժամանակի հերոսները, այդ թվում էին մի խումբ ճանաչված մշակութային-շոուբիզնեսյան, հասարակական գործիչներ:
Այժմ ավելի քան բնական հարց է ծագում՝ ո՞ւր են նրանք հիմա, երբ հունվարի 1-ից տրանսպորտը թանկանում է 3 անգամ: Խորը քնի մե՞ջ են, «իջել են ջրի հատակը՝ մինչեւ անցնի վտա՞նգը», ի վերջո, ինչո՞ւ ոչ մի տեսակ արձագանք չկա՝ առաջին հերթին հենց նրանց կողմից: Այս հարցերի պատասխանների հետքերով «Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել նրանցից մի քանիսի հետ եւ հասկանալ, թե որքանով է այժմ նորմալ, կամ, ինչպես իրենցից շատերը կասեն՝ «ok», ներկայումս տրանսպորտի թանկացումը:
«ԷՂԱՎ, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ»
Առաջինը փորձեցինք կապ հաստատել երգիչ, Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին անդամ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ: Վերջինս նախ ճշտեց, թե ո՞ր լրատվականից են իրեն անհանգստացնում, լսեց հարցը, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում տրանսպորտի թանկացմանը, ապա չափազանց արհամարհական տոնով ասաց. «Էղավ, հաջողություն»: Իհարկե, մի մարդուց, ով ժամանակին կառավարության դիմաց որդու սպանության բացահայտման համար ակցիա իրականացնող որդեկորույս մորը՝ Ռուզաննա Ադալյանին, սոցցանցում անվանում էր «գիժ անտեր...», ավելին չէինք էլ սպասում: Այնպես որ, անշուշտ, հաջողություն, պարոն Իսպիրյան, սակայն, այդուհանդերձ, մի հարց է հետաքրքրում՝ Ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, որ հանդգնում եք հեռախոս շրխկացնել լրագրողի դեմքին: Ու նմանը ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Արթուր Գրիգորիչի (Գրիգորյան) սանն է իրեն համարում, Երգի պետական թատրոնում նման վարքագիծ դրսեւորող մոմով ման գաս, չես գտնի, Դուք ո՞վ եք: Ամոթ ու խայտառակություն:
Փաստորեն, մանդատը դրած Արթուր Իսպիրյանը լավ, հարմարավետ «տեղավորվե՞լ է» Երեւանի քաղաքապետի ձախ գրպանում ու անգամ հիմա վախենում է ծպտուն հանել՝ առանց նրան տեղյակ պահելու, որովհետեւ կարող է հանկարծ Տիգրան Ավինյանը բարկանա ու մի քանի բա՞ն հիշեցնի Իսպիրյանին: Ի դեպ, Արթուր Իսպիրյանը կարող էր նաեւ արդարացնել այդ որոշումը եւ բացատրել, թե ինչու է թանկանում, կա արդյոք առավելություն, թե՝ ոչ, բայց՝ ոչ, հավանաբար ինտելեկտն էր «ցավում», դրա համար պատասխանի փոխարեն ստացանք՝ «Էղավ, հաջողություն»:
«ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՇԱՏ ԲԱՆ Ա ԷՂԵԼ»
Հաջորդը, ում հետ խոսեց «Իրավունք»-ը, Երեւանի Կամերային թատրոնի դերասան, հումորիստ, շոումեն ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՍՈՅԱՆՆ էր, ով նոր էր վերադարձել հյուրախաղերից եւ ցանկանում էր հանգստանալ ու չպատասխանել քաղաքական հարցերի: Այնուհանդերձ, մեր հարցին, թե ինչո՞ւ էր տարիներ առաջ պայքարում տրանսպորտի 150 դրամ թանկացման դեմ, իսկ հիմա լռում է, պատասխանեց, թե՝ «Տարիներ առաջ շատ բան ա էղել, անգամ ծովից ծով Հայաստան ենք ունեցել»: Մի կերպ Երանոսյանին վերադարձնելով իրականություն, կրկին փորձեցինք ստանալ գեթ մեկ պատասխան, սակայն ամեն ինչից խոսեց, բայց այդպես էլ չհասկացանք, թե ի՞նչ եղանակ ու իրավիճակ է փոխվել վերջինիս մոտ, եւ հիմա ինչո՞ւ չի ցանկանում նույնկերպ պայքարել տրանսպորտի թանկացման դեմ՝ ունենալով այս հարցում փորձ:
«Ես ամեն օր օգնում եմ ընտանիքների, անապահով մարդկանց, Արցախից ժամանած հայրենակիցների, բա ինչի՞ էդ մասին չեք խոսում», - վերջում նեղսրտեց Երանոսյանը: Ցավոք, նա մոռացել էր, որ հենց «Իրավունք»-ից է ստացել հարցազրույցի նկարահանման հրավեր: Ինչեւէ, նա խոստացավ մեզ հետ խոսել, սակայն նախապայմանով՝ միայն մշակույթից եւ ոչ մի խոսք քաղաքականությունից: Բայց, սկսենք նրանից, որ մենք չէինք էլ պատրաստվում իր հետ քննարկել երկրի ներքաղաքական իրավիճակը, խոսքն իր հանդիսատեսի ու հեռուստադիտողի մասին է, որոնց համար եւս տրանսպորտը թանկանում է: Տարօրինակ է նման պահվածքը, այնպես չէ՞:
ԱՄՆ-ՈՒՄ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ
Զանգահարեցինք նաեւ դերասան, հումորիստ, շոումեն ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ՝ «32 ատամ»-ի Արմուշին: Նա առհասարակ չվերցրեց լսափողը, հավանաբար արդեն իսկ գլխի ընկնելով, որ ինչ պետք է հարցնեինք իրեն: «Ամերիկա տեղ», հանգիստ, անդարդ գլուխը ինչի՞ դնի ցավի տակ: Իր համար գումար է վաստակում Միացյալ Նահանգներում, եւ արդեն բոլորովին մեկ է՝ Երեւանում կթանկանան տրանսպորտը, հացը, ջուրը, գազը, թե՞ այսքան կէժանանան մարդկային հարաբերությունները:
Փորձեցինք կապ հաստատել այլ հայտնիների հետ եւս, որոնք վաղուց տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, բայց ժամանակին պայքարում էին տրանսպորտի 150 դրամ թանկացման դեմ, սակայն լռում են բոլորը, որոնց դեռ մեկ առ մեկ կանդրադառնանք:
«ԿՆԱԽԸՆՏՐԵՄ ԼՌԵԼ»
Գնացինք առաջ. դիջեյ Վակցինայի կամ ԱՐՈՒՍՅԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ խոսեցինք: Նա սիրով պատասխանեց մեզ, ասելով, թե՝ այս մեծ ողբերգության մեջ տրանսպորտի թանկացումը այնքան փոքր խնդիր է, որ նախընտրում է լռել:
«Ես իմ քաղաքական եւ քաղաքականից դուրս կարծիքը վաղուց ասել եմ, եւ այս մի խնդիրը այնքան փոքր է ընդհանուր կատաստրոֆայի ֆոնին, որ կնախընտրեմ լռել», - ասաց դիջեյ Վակցինան, ապա ավելացրեց. «Երկիր ենք կորցնում՝ ամեն առումով: Սա նման է անդունդ գլորվելուն, բայց զուգահեռ խոսում ենք բաց «լյուկերից», -եզրափակեց նա:
«ՏԵՂՅԱԿ ՉԵՄ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»
Նույն հարցով երկու օր սպասեցինք դերասան ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ (հանրությանն առավել հայտնի է Ռաֆո-Անդո դուետից) պատասխանին: Դե կռահեք՝ ինչ ասաց Անդոն:
«Ես տեղյակ չեմ թանկացման մասին»,- լիովին լուրջ ասաց նա:
Բնականաբար, տեղեկացրինք ու սպասեցինք եւս մեկ օր, որ պատասխանի հարցին, բայց այդպես էլ մեր նամակները մնացին անպատասխան: Զարմանալի է՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ տարիներ առաջ բոլորը լավ տեղյակ էին թանկացումներից ու անգամ ակտիվ մասնակցում էին ակցիաներին, իսկ հիմա, չգիտես ինչու ու ինչպես, տեղյակ չեն լինում: Հարմար չի՞ տեղեկանալ, կամ՝ լավ, արդեն տեղեկացրինք, բա ինչո՞ւմն է «զադեռշկան», ինչո՞ւ են կրկին լռում... Պատասխանը թողնում ենք ընթերցողի դատին:
Իսկ մեզ մնում է նախկին ցուցարներին մի խորհուրդ տալ՝ վախ բռնող գտեք, գնացեք մոտը, գուցե մոմ թափի, աղոթի, որ այսուհետ չվախենաք գոնե կարծիք հայտնել: Անգամ եթե այդ կարծիքը իշխանական մի չինովնիկի քիմքին հաճելի չլինի կամ հասարակության որոշակի շերտի, միեւնույնն է, այն ձե՛ր կարծիքն է, որը կընդգծի ձեր տեսակն ու «մոխրագույն մկան կերպարից» դուրս կհանի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ