Ինչպե՞ս է Աննա Հակոբյանը հաշվել, որ քննադատությունները տեւել են 18 ժամ 40 րոպե. ԶԱՐՄԱՆՔ
Փաշինյանի կողմից «արմատախիլ արված» կոռուպցիոն սկանդալները հատել են ՀՀ սահմանները եւ հասել միջազգային մամուլ: Հեղինակավոր OCCRP-ն ահազանգում է, որ ՔՊ-ական քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ներգրավված է լրջագույն կոռուպցիոն սխեմաների մեջ: Պարզվում է՝ նրա ընտանիքին պատկանող Irrigate LLC ընկերությունը ստացել է մեծ ֆինանսական շահույթ՝ այն պետական գյուղատնտեսական ծրագրից, որը ղեկավարում էր ժամանակին հենց ինքը՝ որպես փոխվարչապետ: OCCRP-ի տվյալներով՝ ծրագրի 9-ը շահառու, որպես ենթակապալառու, ընտրել են Irrigate LLC-ին: Այդ ընկերությունները մոտ 620 հազար դոլարի չափով միջոցներ է ստացել ինտենսիվ այգիների ստեղծման համար, ընդ որում՝ երկու ընկերություն ընդգրկվել են պետական սուբսիդիաների ամենամեծ շահառուների ցանկում: Փոխվարչապետ նշանակվելուց հետո՝ Irrigate LLC-ի շահույթը կտրուկ աճել է, իսկ հարկային վճարումները ավելացել են ավելի քան 12 անգամ: Ու այսքանից հետո՝ երեւանցին դեռ պետք է հանդուրժի՞ տրանսպորտ թանկացնող Ավինյանին:
Իսկ հիշո՞ւմ եք, որ Փաշինյանը ժամանակին բարձրագոչ հայտարարում էր, թե՝ պետք է փակել «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը եւ բացել քաղաքացիական Հայաստանի էջը: Վստահեցնում էր, որ իր oրոք «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը չի գործելու։ Իրականում՝ գործելը ո՞րն է, մի բան էլ ծաղկում է ապրում ԽԾԲ-ն: «Հետք»-ը բացահայտել է, որ 2023 թ.-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ, որի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է՝ Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ քեռին: 2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ու սա դեռ ամենը չէ…
Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրառում է կատարել, որտեղ, ըստ երեւույթին, պաշտպանել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին՝ նորաձեւության շաբաթվա ընթացքում նրա ցուցադրած հագուստի ու կերպարի շուրջ առկա քննադատությունների հետ կապված: Զարմանալին այն է, որ այդ գրառմամբ՝ իրականում նա շատ ավելի պաշտպանում է կնոջ հանդեպ հանրային քննադատությունը, քան թե հենց դերասանուհուն։ Փաշինյանի տիկինը իբր ցավ է արտահայտում հանրային մեծ քննադատության համար եւ ձեռքի հետ էլ բարոյական դասեր է տալիս քննադատողներին։ Տիկինը, հավանաբար, հիշել է կանացի սոլիդարության մասին, որովհետեւ մի քանի օր առաջ իր հանդեպ էր հանրային մեծ քննադատության ալիք բարձրացել, երբ նոյեմբերի 9-ին իր ամուսնու թիվ մեկ պատասխանատվությամբ Հայաստանի համար մի նոր ողբերգական էջի պատճառով հայոց մայրերի սրտերը ողբով ու կարոտով լցված՝ գնում էին Եռաբլուր պանթեոն, իսկ համացանցը ողողվել էր Տանզանայում իր լիակատար հանգստից լուսանկարներով: Այսինքն՝ կարելի՞ է հանրային կերպով նման լուսանկարներ հրապարակել ու այդ քայլով աղ լցնել 100 հազար տեղահանաված եւ 5 հազար քաջարի զոհերի հարազատների վերքերի եւ մեր ամբողջ ազգի ողբերգության վրա, իսկ քննադատել չի՞ կարելի: Հիմա Հակոբյանը հանրության ու նույն Նազենիի վրա մունա՞թ է գալիս, որ իրեն քննադատել են, ու ոչ ոք չի պաշտպանել, թե՞, իրոք, դաշտում առաջացած փոթորիկներից գլուխ չի հանում, թողնում ենք հանրության դատին։ Սակայն մի բան անհասկանալի է՝ այդ ե, միգուցե սա՞ էլ «11 հազար դավաճաների» հայտարարության նման մի հաշվարկ է, ո՞վ իմանա։ Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ վերջինս պնդում էր, թե հայկական կողմն ունեցել է 11.000 դասալիք, ինչն այդպես էլ չհաստատվեց:
Զարմացած է «Իրավունք»-ը