Գործ ունենք քայլիստական, լիբերալ և ֆաշիստահանցագործային վարչակարգի հետ. Համբարյան
ՆերքաղաքականՎերջին մի քանի օրերին շարունակում է աչքի տակ առնվել նախընտրական Գյումրիում ՔՊ-ականների ձերբակալման մասին հանգամանքը: Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցների կողմից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, պարզվում է, ՔՊ-ականների են ձերբակալել։ Ձերբակալվածներից մեկը Վարուժ Խոջումյանն է՝ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակից։ Ի դեպ, վերջինս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին է, որը նաեւ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներից մյուսն էլ եղել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Պարգեւ Գեւորգյանը, ով, ի դեպ, ավագանու անդամ է դարձել բոլորովին վերջերս, երբ Գյումրու ավագանու 5 անդամ վաղաժամկետ վայր դրեցին մանդատները։ Տեղեկությունը հատատվել է նաեւ իրավապահ համակարգի կողմից:
Գյումրիում թեժացող ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ սպասվելիք ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս կգնահատեք առկա իրավիճակը Գյումրիում: Ավագանին, կարծես թե, չի կարողանում քաղաքապետի ընտրություն կազմակերպել եւ, ըստ էության, գնում են լուծարման եւ արտահերթ ընտրությունների ճանապարհով:
— Այս պահին եւս չի բացառվում, որ կարող է ավագանու նիստ գումարվել, քանի որ մեկ բան շատ հստակ է, որ բացի «Բալասանյան» դաշինքի ավագանու ներկայացուցիչներից՝ շատ լավ գիտենք նաեւ այն, որ ավագանիում կան ուրիշ քաղաքական ուժերի կողմից ներկայացուցիչներ եւս: Բայց տարբեր կողմերի ներկայացուցիչներ նաեւ նշել են, որ իրենց մասնակցությունը չեն ցուցաբերելու ավագանու ընտրություններին: Այստեղից, կարծես թե, ստացվում է, որ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Գյումրիում, կազմակերպվել էր հենց ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից:
— Ինչպես գիտենք, նաեւ նախընտրական Գյումրիում ՔՊ-ականների են ձերբակալել, եւ նրանցից մեկն անգամ ավագանու անդամ է: Այս խառը կծիկը մինչեւ որտե՞ղ կարող է հասնել:
— Իսկ ՔՊ-ականների նման պահվածքն ինչ-որ նորությո՞ւն էր որեւէ մեկի համար Գյումրիում: Իրենք կարող են ռեստորաններից մեկում խմել եւ խայտառակ իրավիճակ ստեղծեն, ու Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը ծպտուն չհանի, ինչպես նաեւ նույն Քննչական կոմիտեի ղեկավարը եւս ծպտուն չհանի: Դա շատ սովորական է: Գյումրիում արդեն սովոր են այս քայլիստական «բեսպրեդելին»: Ավելին ասեմ, այժմ զավեշտը գիտեք, թե ո՞րն է: Այն, որ ձերբակալվածների մեջ եղել է նաեւ քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու տղան: Այն քեռու, ում 2018 թվականի մարտ ամսին ձերբակալել էին կրկին թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու պատճառով (որքան ես հիշում եմ տարբեր լրատվամիջոցներից) եւ բողոքողը եղել է համապատասխան դպրոցի տնօրենը, որտեղ էլ հենց աշխատել է Կարեն Սարուխանյանի քեռին: Այնպես որ, այս բարքերը եւ վարքերը, որոնք կան այդ մարդու ընտանիքում կամ էլ, այսպես ասած, բարեկամների մոտ, լիովին նորմալ է: Ասեմ ավելին` ինչպես գյումրեցին, այնպես էլ հենց նույն ավագանին բացարձակ չի զարմանում: Ի դեպ, սա նրանց առաջին դեպքը չէ՝ ավագանիների վարքագծի հետ կապված:
— Փաստորեն, ավելի կուրիոզ դեպքեր է՞լ են եղել:
— Ինչպես գիտենք, արդեն մեկը մարդ էր ծեծում, մյուսը զբոսաշրջիկին էր թալանում: Հասկանո՞ւմ եք, այ հենց սա էր Նիկոլի Գյումրու, այսպես ասած, «թայֆեն»: Էլ ի՞նչ կարելի է ասել այսքանից հետո: Դուք գուցե զարմանում եք, որ ավագանու անդամը թմրանյո՞ւթ է օգտագործում: Ես կարծում եմ, որ դա շատ նորմալ է հենց իրենց պարագայում: Ընդամենը մեկ տարի առաջ ավագանիներից մեկը զբոսաշրջիկին էր թալանել: Ավելին` նույնիսկ մարդ ծեծելու գործողության մեջ էր մասնակցել եւ բավական ակտիվ: Էլ ի՞նչ ասեմ, եթե հենց սա են իրենք: Ընդհանուր առմամբ՝ մենք պետք է Նիկոլի իրավապահ համակարգի քայլերը ադեկվատ կերպով պարզապես կարողանանք ընկալել եւ չփորձենք հենց այդ նույն իրավապահներից ավելին սպասել: Սրանց կողմից աշխատող իրավապահ համակարգը՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, Դատախազություն, պարզապես, խայտառակություն են:
Ես չեմ ասում, որ նախկինների օրոք ամեն ինչ փայլուն կերպով է ընթացել, բայց այն ամենը, ինչը հենց սրանք են անում՝ նախկինները նույնիսկ չէին էլ կարող երազել որեւէ կերպ: Սրանք այն ձեւի անգրագետ են քրեական գործերը կոծկում, որ մեր մտքով նույնիսկ չի անցնում: Գյումրեցիների համար ընդհանրապես զարմանալի չէ, որ ձերբակալվածներից մեկը հաջորդ օրը շատ խրոխտ կերպով մի հայտարարություն էր տարածել առ այն, թե իրեն կասկածելով տարել էին լրատվամիջոցների պատճառով եւ զրպարտում էին:
Ես Ձեզ ավելին ասեմ, ինքս, օրինակ, Գյումրիում շատ ավելին գիտեմ հենց նույն քայլիստների միջից, թե նրանցից քանիսի՞ն են բերման ենթարկում հենց նույն թմրամիջոցների հետ կապված ոստիկանություն: Իրենք այնտեղ տալիս են քայլիստների անուններ եւ ոստիկանները հենց այնպես բաց են թողնում: Այնպես որ, սա նորմալ վիճակ է՝ քայլիստական Հայաստանի համար: Հետեւապես, պետք է ընդգծեմ, որ մենք այս պահին եւս գործ ունենք քայլիստական լիբերալ, ֆաշիստահանցագործային վարչակարգի հետ, որտեղ քայլիստներն օգտվում են գործող իշխանությունների կողմից տրամադրված իրավական «բեսպրեդելից»:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ