Ռուսական համայնքին առաջարկվում էր «հնարավորինս շուտ լքել Ղարաբաղը». Ալեքսանդր Բորդով
ՀանդիպումՇրջափակված Արցախում ռուսական համայնքի վիճակի, պատմության ու հետագա ճակատագրի մասին զրուցել ենք ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի հիմնադիր Ալեքսանդր Բորդովի հետ։
-Պրն. Բորդով, ինչո՞ւ ռուսական համայնքը լքեց Արցախը։ Կա՞ր անվտանգության սպառնալիք: Ադրբեջանական կողմից մնալու առաջարկներ եղե՞լ են։
-Ղարաբաղցի ռուսները հայերի հետ միասին անցան վերջին 30 տարիների պատերազմների և ողբերգական իրադարձությունների բոլոր դժվարությունների միջով։ Ռուսական համայնքի անդամների թվում բացի սլավոններից կան բազմաթիվ խառը ընտանիքների ներկայացուցիչներ՝ փախստականներ Սումգայիթից և Բաքվից, ովքեր փրկվել են 90-ականների սկզբի ջարդերից։ Այս մարդիկ բոլորից լավ են հասկանում, թե ինչ կլիներ Արցախում, եթե բնակչությունը չհեռանար 2023 թվականի սեպտեմբերին։ Լավագույն դեպքում
կլինեին զանգվածային ձերբակալություններ՝ դրանցից բխող բոլոր հետեւանքներով: Պետք է հասկանալ, որ բազմաթիվ ընտանիքներում եղել են զոհեր ղարաբաղյան մի քանի պատերազ- բախումներում, որոնք արմատներով հասնում են անցյալ դարասկզբին։ Հայտնի է 20-րդ դարասկզբի Շուշիի ջարդերի մասին, երբ հայերի հետ միասին տուժեցին նաև ռուսները, ինչպես 90-ականներին։ Այս մասին շատ չի խոսվում, բայց դա այդպես է։ Վերապրելով վերջին երեք տարիների բոլոր դժվարությունները, հիշելով անցյալի ողբերգական իրադարձությունները` ռուսները, մնացած ղարաբաղցիների հետ միասին, փրկելով իրենց ընտանիքները, 2023 թվականի սեպտեմբերին լքեցին իրենց հայրենիքը: Նրանք փաստացի վտարվեցին։ Եվ, բնականաբար, ադրբեջանական կողմից մեզ մնալու առաջարկներ չեն եղել ու չէին էլ կարող լինել։
Մի քանի տարիները ընթացքում` հատկապես վտարմանը նախորդող վերջին ամիսներին, ռուսական համայնքը դարձավ ադրբեջանական քարոզչության թիրախ իր դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմում։ Բանն անգամ հասավ նրան, որ ադրբեջանցի պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն հայտարարեց, որ «Ադրբեջանը հաղթեց Ղարաբաղում ռուսական աշխարհի դեմ հիբրիդային պատերազմում»։ Եվ ահա նրա մեկ այլ բնորոշ հայտարարությունը. «Ադրբեջանի ճիշտ և խորը ռազմավարական դիվանագիտության շնորհիվ ռուսական անձնագրերով հայերն արդեն լքում են Ղարաբաղը»։ Ինչի՞ մասին կարող ենք խոսել, եթե ադրբեջանական մի քանի տեղեկատվական ռեսուրսներում տեղադրվում էին գրառումներ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում աղոթող ռուս կանանց դեմքերին արված դիպուկահարի գծանշաններով եւ հավատացյալների ընտանիքների մասին տեղեկություններով ՝ նրանց վախեցնելու նպատակով։
Իսկ Դուք հարցնում եք, թե ինչու է համայնքը լքել Արցախը։ Հարցն այլ էր. ինչպե՞ս կարող էր այն մնալ տեղեկատվական դաշտում սկսված հետապնդումներից հետո՝ լի սպառնալիքներով ու հաշվեհարդարի խոսքերով։ Ռուսական համայնքը ստացել է միայն առաջարկներ՝ «հնարավորինս շուտ լքել Ղարաբաղը, որպեսզի չտուժեն հայերի հետ միասին»։ Տեղեկատվական դաշտում նման առաջարկներ իսկապես եղել են։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ մարշալներն ու Խորհրդային Միության կրկնակի հերոսներն ադրբեջանցիների համար հեղինակություն չեն. նրանց բոլոր հուշարձանները Ղարաբաղում ոչնչացվել են։ Այսօր Ադրբեջանին կարելի է անել բացարձակապես ամեն ինչ՝ վտարել խաղաղ բնակչությանը, ոչնչացնել քրիստոնեական և խորհրդային ժառանգությունը...
-Ինչպե՞ս է ԼՂՀ ռուսական համայնքը վերապրել շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգությունը, երբ տեղի ունեցավ բնակչության զանգվածային գաղթ Արցախից։
-Ղարաբաղի ողջ բնակչության համար դա բարդ փորձություն էր։ Հատկապես տարեցների և երեխաների համար։ Գիտեք, որ ջերմամատակարարումն անջատված էր, դեղատներում սպառվել էր դեղորայքը։ Շրջափակման սկսվելուց մի քանի ամիս անց երեխաները մոռացել էին, թե քաղցրավենիքն ինչ է։ Իսկ հետո սկսվեց հիմնական ապրանքների պակասը: Ամենավատն, իհարկե, այն է, երբ անհետանում է հացը, որի համար պետք է ամբողջ գիշեր հերթ կանգնել... Այդ դժվարին ժամանակահատվածում մեզ մարդասիրական օգնություն ցուցաբերեցին մեր հավատարիմ ընկերները «ԴԻԱԼՈԳ » կազմակերպությունից։ Հումանիտար օգնությունը տեղ հասցրեցին ռուս խաղաղապահները: Այդ ժամանակ մենք կարողացանք պատշաճ ապրանքատեսակ բաժանել յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի:
Վերջին 2-3 ամիսներն ամենադժվարն են եղել սննդամթերքի դեֆիցիտի ու հիգիենայի ապրանքների առումով։ Սրանից հետո սկսվեցին մարտական գործողությունները։ Արցախն արդեն ամբողջությամբ հյուծվել էր շրջափակումից։ Եվ, իհարկե, նա միայնակ չէր կարող գոյատևել։ Հենց այդ ժամանակ արցախցիները ժողովրդական որոշում կայացրին՝ առանց քվեարկության, հանրահավաքների. ողջ ժողովուրդը մեկ հոգու պես ոտքի կանգնեց և հեռացավ իր պապերի հողից։ Ես սա անվանում եմ Մեծ արտագաղթ: Ղարաբաղցիները քաջ գիտակցում էին, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, եթե մնան՝ ըստ էության ինքնակամ հանձնվելով թշնամուն։ Եվ, իհարկե, նրանք չդավաճանեցին իրենց համոզմունքներին, իրենց դրոշին։ Կանցնեն տարիներ, և դեռ շատ բան կգրվի ու կասվի այս միակ ճիշտ որոշման մասին։
«Ռուսական համայնքի անդամները չեն օգտվել տարհանման որեւէ հատուկ պայմաններից»
- Համայնքը դիտարկե՞լ է պաշտպանության կամ տարհանման համար Ռուսաստանին դիմելու հարցը։
-Ե՛վ շրջափակման, և՛ գաղթի ժամանակ նման հարց համայնքի կողմից երբևէ չի բարձրացվել, մեր կողմից չի նախաձեռնվել՝ խոսքը համայնքի տարհանման մասին է։ Մեր «Գրաժդանին»իրավական կենտրոն»-ից դիմումներ էին ուղվում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին և Կարմիր խաչին կոնկրետ դեպքերի վերաբերյալ եւ որոշակի կատեգորիայի քաղաքացիների վերաբերյալ, որոնց բժշկական կամ ծայրահեղ ընտանեկան հանգամանքներից ելնելով կամ ուսման համար անհրաժեշտ է եղել հասնել Հայաստան կամ Ռուսաստան: Այդ հնարավորությունն ունեին բոլոր ղարաբաղցիները, և ռուսական համայնքի «Թեժ գիծն» աշխատում էր շուրջօրյա, բայց ոչ բոլորն էին կարողանում հեռանալ։
Սուր կարիքավորների համար ելքի ցուցակները հաստատում էր Հանրապետության կառավարությունը, իսկ դրանք իրենց հերթին ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնում էին ռուս խաղաղապահներն և ԿԽՄԿ-ն։
Ինչ վերաբերում է ողջ համայնքի տարհանմանը, ապա նման հարց չհնչեց նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի հետ Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցում հանդիպման ժամանակ, երբ նա նվիրեց համայնքին Կազանի Աստվածածնի սրբապատկերը ։ Պետք է հասկանալ, որ ռուսական համայնքի անդամներն իրենց թույլ չէին տա օգտվել տարհանման հատուկ պայմաններից։ Եվ, հետևաբար, նման գրավոր կամ բանավոր դիմում չի եղել՝ ո'չ շրջափակման, ո՛չ էլ արտագաղթի ժամանակ։ Մենք բոլոր ղարաբաղցիների հետ միասին ենք տարհանվել՝ լինելով ճիշտ նույն պայմաններում։ Բոլորի հետ միասին անցել ենք ադրբեջանական անցակետով։
Ես վերջինն էի, որ լքեցի համայնքը և, ինչպես հավանաբար գիտեք, ինձ ձերբակալեցին ադրբեջանական հատուկ ծառայությունները, բայց դա այլ պատմություն է։ Սա սկզբունքորեն կարևոր էր մեզ համար, և մեր խոսքը չէր տարբերվում մեր գործից։ Կրկնվեմ` Արցախում ապրած ռուսներն ու ուղղափառ քրիստոնյաները նույն ղարաբաղցիներն են, և մի մոռացեք, որ մեր մեջ շատ խառն ընտանիքներ կան. հաճախ նույն ընտանիքում, նույն տանը ապրող մերձավոր ազգականները պատկանում են Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիներին։ Ընդգծեմ՝ ղարաբաղցի ռուսները երբեք իրենց թույլ չէին տա նման իրավիճակում որևէ արտոնություն ունենալ, այլապես նրանք կդադարեին ղարաբաղցի լինելուց։
- Ռուսական կողմի և խաղաղապահների վերաբերյալ հնչեցին բավականին շատ քննադատություններ: Ինչպե՞ս եք գնահատում ռուս խաղաղապահների գործողությունները Արցախում գտնվելու ողջ ընթացքում և արցախցիների՝ իրենց հողից գաղթի ժամանակ։
- ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների ներկայությունը չի կարելի դիտարկել անկախ ձեռք բերված պայմանավորվածություններից երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության տեսքով և իրավիճակի փոփոխություններից, որոնք եղան երկու կողմերի միջեւ հետագա բանակցությունների ընթացքում` առանց Ռուսաստանի:
Ինչպե՞ս կարող եմ գնահատել ռուս խաղաղապահների գործողությունները, որոնց հետ ընդամենը երկու տարվա ընթացքում մենք համատեղ անցկացրեցինք ավելի քան 100 կրոնական միջոցառում, որոնց մասնակցությամբ մեզ հաջողվեց վերածնել ռուս ուղղափառությունը Ղարաբաղում։ Համատեղ ջանքերով 2021 թվականին մենք կառուցեցինք Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցին` վերջին ամբողջ դարվա առաջին ռուսական եկեղեցին ղարաբաղյան հողի վրա։ Տաճարում մեր աչքի առաջ մեր ուղղափառ համայնքն ավելի ամրացավ: Մինչ ռուս խաղաղապահների տարածաշրջան ժամանելը, պաշտոնական Բաքուն արգելափակում էր ռուսական եկեղեցու կառուցումը, որը փորձում էինք կառուցել Ստեփանակերտի կենտրոնում դեռ 2010 թվականին։ Ուստի` Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցու կառուցումը պատմական իրադարձություն է։
Հատկանշական է նաև, թե ինչպես են խաղաղապահները վերաբերվել ռուս-հայկական կապերի ամրապնդմանը`այցելելով դպրոցներ և բուհեր, արցախցի երեխաների հետ մասնակցելով տարբեր մշակութային և կրթական միջոցառումների։ Ի՞նչ կարող եմ ասել խաղաղապահների մասին, որոնց թվում էր իմ ընկեր Իվան Վասիլևիչ Կովգանը՝ առաջին աստիճանի կապիտան, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը` գնդակահարված դարանից ադրբեջանցիների կողմից։ Ինչպե՞ս կարող եմ գնահատել նրանց գործողությունները՝ իմանալով, որ սեպտեմբերյան մարտական գործողությունների առաջին իսկ ժամերին հազարավոր փախստականներ ժամանեցին եւ ռուս խաղաղապահների կողմից հասցվեցին ռազմաբազա, որտեղ նրանց ապահովեցին բոլոր հնարավոր պայմաններով: Քրիստոսի Սուրբ Ծննդյան եկեղեցում հիմնականում երեխաներով կանայք էին տեղավորվել։ Քահանա Դմիտրի Ռոմանյուկը նրանց խնամում էր հարազատների պես։ Խաղաղապահները իրենց մահճակալներն ու սննդի չափաբաժինները զիջում էին փախստականներին`մնալով առանց ծխախոտի ու սննդի։ Ամեն ինչ հանվել էր պահեստներից։ Այդ ժամանակ խաղաղապահներն արեցին ամեն հնարավոր բան: Ամեն ինչ անելու այս մարդկային ցանկության պատճառով ադրբեջանցիները գնդակահարեցին 5 խաղաղապահ, որոնք շարժվել էին օգնության հասնելու ղարաբաղցիներին, որոնց թվում էր վերոհիշյալ հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը։
Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը