Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան
ՆերքաղաքականՔՊ-ն Գյումրիում նոր քաղաքապետի թեկնածու չի առաջադրի, տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանին 14 օրվա ընթացքում դարձյալ կարող է նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, եւ եթե այդ մեկն էլ տապալվի, կառավարությունն ավագանին կլուծարի եւ արտահերթ ընտրությունների օր կնշանակի։ ՔՊ-ում ի սկզբանե հակված էին արտահերթին, բայց, կարծես չէին շտապում։ Ազգային ժողովի խոսնակը նույնիսկ որպես ժամկետ նշել էր հաջորդ տարվա ամառը, իսկ ներկայիս զարգացումների դեպքում արտահերթ ընտրությունները, ըստ ամենայնի, հունվարի առաջին կեսին կկայանան։ Կուսակցությունում որոշել են՝ ժամանակ ձգելու կարիք չկա։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ, ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից: Իրենք չհանդուրժեցին «Բալասանյան» դաշինքի միանձնյա կառավարումը եւ ամեն ինչ արվեց (այդ թվում նաեւ հետապնդումների միջոցով), որպեսզի «Բալասանյան» դաշինքը հրաժարվի միանձնյա կառավարելու մտքից: Այժմ, իհարկե, ունենք այն, ինչ ունենք: Արդեն «Բալասանյան» դաշինքի 14 անդամներ դիմում են տվել եւ դուրս են եկել ավագանու անդամակցությունից, եւ էլ չեմ ասում նաեւ այն մասին, որ Բալասանյանենք կազմակերպել էին այնպես, որ ավագանու ցուցակի մյուս անդամները, որոնք պետք է փոխարինեին մանդատից հրաժարված ավագանիներին՝ նրանք եւս հրաժարվել են:
Գիտեք, կարող են նիստ գումարել, քանի որ բացի Բալասանյանի ավագանու ներկայացուցիչներից, ավագանիում կան նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց նրանք էլ են հայտարարել, որ չեն մասնակցի նիստին, այնտեղ նաեւ անկախ մի ավագանի կա եւ այլն, եւ այլն: Փաստորեն, Գյումրին գնում է արտահերթ ավագանու ընտրությունների: Այնպես որ, այո, այս ամեն ինչը կազմակերպվել էր կոնկրետ գործող իշխանությունների կողմից, եւ նրանց ներկայացուցիչը Ազգային ժողովում՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանն ամեն ջանք գործադրեց, որպեսզի ինքը լինի քայլիստների քաղաքապետացուի թեկնածուն:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: