Ռուսական ազգայնականությունը հակաադրբեջանական կո՞ւրս է վերցնում
ՎերլուծությունԻնչպես եւ սպասվում էր, Բաքվում անցկացվող COP29 գագաթաժողովը, որի հետ Ալիեւը ի սկզբանե մեծ հույսեր էր կապել, մեղմ ասած, այնքան էլ տպավորիչ չստացվեց: Իհարկե, այդ միջազգային եւ միանգամայն կարեւոր ձեւաչափի հերթական՝ 29-րդ գագաթաժողովին գրեթե բոլոր մասնակից երկրներից պատվիրակություններ եղան: Միայն թե Ալիեւը կաշվից դուրս եկավ, որ այդ պատվիրակությունները լինեն առավելագույն ներկայացուցչական, բայց ստացավ միանգամայն հակառակ պատկեր:
COP29-Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ
Ամենացցունն այն էր, որ գագաթաժողովին չմասնակցեցին, այսպես ասած, ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան առանցքային պետությունների լիդերները: Մասամբ՝ մտացածին պատրվակներով, մասամբ՝ ուղիղ հայտարարելով, որ Ադրբեջանում անելիք չունեն: Արեւմտյան աշխարհից բացակայում էին ԱՄՆ-ի, ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների առաջնորդները: Առաջին դեմքի մակարդակով բացակայում էր Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, եւ այդպես շարունակ: Խոշոր հաշվով, այն տպավորությունն էր, որ Ադրբեջանը «մեծ եղբոր»՝ Էրդողանի օրինակով փորձեց խաղալ միաժամանակ «երկու աթոռի» վրա ու ձախողվեց: Բաքուն հիմա փորձում է արդարացնել տեղի ունեցածը՝ մեղադրանք հղելով քարոզչական դաշտի վրա, եւ, բնական է, որ այստեղ առանց Հայաստանի չէր կարող յոլա գնալ: Այսպես, ըստ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի. «Ցավոք, Հայաստանը COP29-ում պատվիրակությամբ ներկայացված չէ՝ չնայած հրավերին: Միաժամանակ, Երեւանը շարունակում է խոսել տարածաշրջանային համագործակցության եւ գործընկերության մասին։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկիրը միայն միակողմանի քարոզչություն է իրականացնում»: Բայց միայն հասկանալի չէ, թե այդ «քարոզչությամբ» Հայաստանն այդ ինչպե՞ս կարող էր ազդել, օրինակ, գագաթաժողովում Պուտինի բացակայության վրա, որը Ալիեւի համար ամենացավոտ դրվագներից մեկն էր: Հաշվի առնելով նաեւ, որ գործնականում միայն վերջին պահին հայտնի դարձավ, որ Պուտինը եւս չի մեկնելու Բաքու: Ընդ որում, այդ բացակայությունը մի շարք տեղեկացված ռուսական աղբյուրներ կապում են փաստի հետ, որ գագաթաժողովի շեմին Ալիեւը ցուցադրաբար 13 տարվա ազատազրկման դատապարտեց ազերի քաղաքագետ Նազակեթ Մամեդովային, նրան ներկայացնելով «ռուսական շպիոնի» մեղադրանք: Այն դեպքում, երբ, ինչպես վստահեցնում են ռուսական ազգայնական շրջանակները, Մամեդովան թեեւ իրենց հետ համագործակցել է, բայց միայն հիմնականում մասնագիտական տեսանկյունից` որպես քաղաքագետ: Ավելին, որ քաղաքագետ ասվածը չի ենթադրում պետական գաղտնիքների տիրապետում, ըստ այդմ՝ ցանկության դեպքում անգամ նա չի կարող իր չտիրապետած պետական գաղտնիքները փոխանցել այլ երկրների: Այսինքն, երբ Մամեդովային դատապարտում են, որպես պետական գաղտնիքները ՌԴ-ին հայտնող «ռուսական շպիոնի», դա Մոսկվայում ընկալվում է, որպես հենց Ռուսաստանին ուղղված հարված, որն էլ, ըստ հիշատակված վարկածի, հանգեցրեց Պուտինի բացակայությանը COP29-ում:
Ընդ որում, այս վարկածի օգտին է խոսում նաեւ փաստը, որ ռուսական ազգայնական եւ, առհասարակ, փորձագիտական եւ մեդիա հարթակներում բավականին ակտիվ է սկսել դառնալ հակաադրբեջանական ֆոնը: Չէ, ամենեւին էլ չենք ասում, թե օդից վերցված հակաադրբեջանական քարոզ է ծավալվել: Ընդհակառակը, այս պահին պտտվող նման դրվագները ունեն միանգամայն փաստացի հիմքեր: Պարզապես, եթե ժամանակին այդ ամենը «աննկատ» էր մնում, հիմա ակտիվորեն մղվում է առաջին պլան: Օրինակ, տելեգրամյան եւ լրատվական հարթակներում մեծ աղմուկ առաջացրած վերջին դրվագը ֆիքսված է միանգամայն կոնկրետ տեսանյութի վրա:
ՀԱԿԱԱԶԵՐԻԱԿԱՆ ԱՐՇԱՎ
Այսպես, բազում աղբյուրներից, մասնավորապես՝ «Ցարգրադը» հայտնում է. «Դպրոցներից մեկում ադրբեջանցի դեռահասը ցատկել եւ ոտքով հարվածել է ռուս աղջկան՝ պարզապես սոցիալական ցանցերում լայքերի համար»: Իսկ ահա հեղինակավոր ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը, որ թեեւ հիմնականում մասնագիտացած է ուկրաինական պատերազմի հարցերով, տեղի ունեցածի արտառոցությունից ելնելով, գրում է. «Ինչո՞ւ է նման դեպք մեզ մոտ, օրինակ, հնարավոր, իսկ Ադրբեջանում՝ ոչ: Պատասխանը պարզ է. որովհետեւ Ադրբեջանում չկա ռուսական սփյուռք, որը կարող է ազդել արդարադատության վրա։ Եվ հետեւաբար, Ադրբեջանում չկա «քեռի Իվան» («Քեռի Թուրալի» նմանակը), որը կլուծի «անխոհեմ չարաճճի» խնդիրները։ Որովհետեւ եթե կա այդպիսի մարդ, եւ կա նաեւ ոստիկան, որը կօգնի նրան, ապա երկուսն էլ չեն ապրի Ադրբեջանում։ Բայց Ռուսաստանում դա հնարավոր է։ Ավելին, սա մեզ համար, ցավոք, բացառություն չէ։ Ռուսաստանում, եթե «Քեռի Թուրալը» զբաղվի, ապա մարդուն կազատեն գրեթե ամեն ինչից…»: Եվ սա, ըստ Պոդոլյակի, Ռուսաստանում ազերիների հետ կապված ամենեւին էլ միակ խնդիրը չէ: Նշված պատմությանը զուգահեռ, նա նաեւ ներկայացնում է հետեւյալը. «Վոլգոգրադը դեռ Ռուսաստա՞ն է, թե արդեն Ադրբեջան… Ադրբեջանական սփյուռքը Վոլգոգրադում ստեղծել է սեփական ադրբեջանական մասնավոր անվտանգության ընկերությունը։ Դրա մասին կարելի է դատել նրանց ներկայացուցիչների ուսերին համապատասխան գծերով։ Ավելին, այս մասնավոր «ուժային» կազմակերպության «ներկայացուցիչների» հետ շփումը ցույց տվեց, որ, չնայած նրան, որ նրանք ծնվել են Ռուսաստանում, նրանք ոչ թե մեր երկրի, այլ Ադրբեջանի հայրենասերներն են։ Ադրբեջանն է, որ համարում են «իրենց երկիրը», իսկ Ռուսաստանը... այստեղ ուղղակի փող են աշխատում: Սա ձեր պատասխանն է այն հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը շարունակի սիրախաղ անել, այսպես կոչված, «սփյուռքերի» հետ, որոնք վաղուց կազմակերպված հանցավոր խմբի բոլոր նշաններն են դրսեւորում…»:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ էլ ներկայացրել էինք ռուս քաղաքագետ, հասարակական գործիչ, Աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի տնօրեն, Մոսկվայի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի պահպանողական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ, Եվրասիական կոմիտեի անդամ, Միջազգային եվրասիական շարժման ղեկավարի տեղակալ, տեղեկատվական եւ վերլուծական «Եվրասիա» պորտալի գլխավոր խմբագիր, «Իզբորսկի» ազգայնական ակումբի անդամ, ռուսական ազգայնականության առաջնորդների համարում ունեցող, նույն «Իզբորսկի» ակումբի ղեկավար Ալեքսանդր Պրոխանովի, փիլիսոփա, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդրի Դուգինի մերձավոր զինակցի համարում ունեցող Վալերի Կորովինի ներկայացրած պատմությունը, թե Ադրբեջանն ինչպես է ռուսական ազգայնականության հետ սերտ կապերի մեջ մտել՝ փորձելով նրանց չեզոքացնել Արցախի հայաթափման փուլում: Հասնելով դրան, Բաքուն անմիջապես էլ ադրբեջանցի մի քանի քաղաքագետների նետել է բանտ՝ «ռուսական գործակալներ» պիտակավորմամբ: Եվ ահա, իր այդ հրապարակումը Կորովինն ավարտում է այս նախազգուշացնող տոնայնությամբ. «Դե, արժե՞ ասել, որ եթե իմ ու Դուգինի հետ համագործակցության համար 13 տարի են տալիս, ապա մենք ինքներս, ինչպես Պրոխանովը, ինչպես մյուս ռուս հայրենասերները, եւ ընդհանրապես պարկեշտ մարդիկ, պետք է հնարավորինս հեռու մնանք ադրբեջանական լոլիկից… Ռուս հայրենասերների հետ համագործակցելու համար բանտ են ուղարկում. Ուկրաինայում ամեն ինչ սկսվեց ճիշտ նույնկերպ»:
ԴԵՂԻՆ ՔԱ՞ՐՏ
Այն, որ Ռուսաստանում ազերիների կողմից իրականացվող տարաբնույթ հանցագործություններն առաջին պլան բերող գործիչներից, մեդիա ռեսուրսներից շատերը սերտ կապեր ունեն ռուսական ոչ միայն ազգայնական, այլ նաեւ իշխանական վերին էշելոնների հետ, դա եւս կարելի է նկատել: Եվ երբ այս ամենին գումարում ենք նաեւ Բաքու չգնալու մասին Պուտինի որոշումը, դա արդեն սկսում է մտորումների տեղիք տալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին: Առավել եւս, երբ ռուսական ազգայնական շրջանակները ներկայացնող քաղաքագետ Կորովինը, ով, կրկնենք, սերտ կապերի մեջ է ռուսական ոչ միայն ազգայնական, այլ նաեւ պետական ռազմավարական նախաձեռնությունների ձեւավորման հարցում առանցքային դերակատարների համարում ունեցող Պրոխանովի եւ Դուգինի հետ, Բաքվին հիշեցնում է Ուկրաինայի օրինակը, դա արդեն սկսում է նաեւ Մոսկվայից դեռ ոչ պաշտոնապես հղված «դեղին քարտի» տպավորություն թողել: Եվ դա հասկանալի է. այս պահին Բաքվի COP29-ում Ալիեւի լավագույն հյուրերն են Էրդողանը եւ թյուրքական աշխարհի մյուս լիդերները, թուրք-ազերիական էքսպանսիան ռեալ վտանգ է դարձել հարավային Ռուսաստանում, եւ այն էապես սրման ընթացքի մեջ է Արցախը գրավելուց հետո: Այսինքն, եթե հիմա էլ Մոսկվան եւ ռուսական ազգայնական շրջանակներն այդ վտանգը չտեսնեն եւ պատասխան քայլեր չմշակեն, վաղը, ով իմանա, շատ ուշ չի՞ լինի: Առավել եւս, երբ, ի տարբերություն ամերիկյան հեռացող վարչախմբի, Թրամփը դեռ էն գլխից է բավականին սերտ կապեր ունեցել Էրդողանի հետ:
Մյուս կողմից, հարավկովկասյան հարթակում նման ռեալ վտանգները չեզոքացնելու համար Ռուսաստանն այս տարածաշրջան վերադարձի խնդիր պետք է լուծի, եւ, դատելով վերոհիշյալից, սկսել են հասկանալ, որ այդ հարցում գոնե այս դիրքերից Ադրբեջանն իրենց համար «հենման կետ» դժվար թե դառնա: Հայաստանում էլ, թեեւ ունեն ռազմաբազա, բայց կա նաեւ Նիկոլ: Այսինքն, Հայաստանն ունի նման հենման կետ դառնալու ռեալ շանս՝ սպասվող դրական հետեւանքներով հանդերձ: Բայց անգամ արեւմտյան ներկա իրողությունների արդյունքում «օդից կախված» վիճակում հայտնված Նիկոլը կարո՞ղ է նման շրջադարձի գնալ. քիչ հավանական է: