Թրամփն առաջ կանցնի՞ լիբերալներից՝ Պուտինի հետ բանակցություններում
ՎերլուծությունԱյն, որ Եվրոպայում իրոք չկա միասնական կարծիք (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=297447&l=am), թե ինչ պետք է անեն Թրամփի ընտրվելու պարագայում, հուշում է թեկուզեւ հետեւյալ երկու փաստը: Նախ, Գերմանիայում այս պահին արդեն սկսվել է քաղաքական ճգնաժամ, որը կարող է գալիք տարեսկզբին հասցնել Շոլցի պաշտոնանկությանը: Եվ, թերեւս նաեւ այդ հեռանկարը հաշվի առնելով, Շոլցը սկսեց խոսել այն մասին, որ եկել է Պուտինի հետ խոսելու «համապատասխան ժամանակը»՝ ակնարկելով, որ միայն ինքը չէ, որ այդ մասին է մտածում:
Փոխարենը, The Telegraph-ը տեղեկացրեց, որ Քեյր Սթարմերը եւ Էմանուել Մակրոնն ուզում են մի վերջին փորձ ձեռնարկել՝ համոզելու համար Բայդենին՝ քանի դեռ չի հեռացել, թույլ տա Ուկրաինային «Storm Shadow» հրթիռներով հարձակումներ իրականացնել Ռուսաստանի հեռավոր թիրախների վրա: Այն դեպքում, երբ Պուտինը դեռ սեպտեմբերին հայտարարել էր, որ Կիեւին թույլ տալով օգտագործել արեւմտյան հեռահար զենքեր Ռուսաստանին հարվածելու համար, ՆԱՏՕ-ի երկրներին կդարձնի հակամարտության անմիջական մասնակից: Այսինքն, նման թույլտվությամբ Թրամփին փաստի առաջ կկանգնեցնեն:
Ստացվում է, որ մի կողմից Շոլցը խոսում է բանակցելուց, իսկ Սթարմերն ու Մակրոնը՝ իրավիճակը ծայրահեղ սրելուց, որն արդեն իսկ հուշում է այն ծայրահեղ հակասական ծրագրերի մասին, որոնք այս պահին կան եվրոպական էլիտաների մոտ: Չնայած, շատ ավելի նման է, որ Թրամփի թիմում հաշվարկել են նման բոլոր սցենարները, եւ պարզվեց, որ կոնկրետ գործողությունների հարցում նորընտիր նախագահը հասցրել է բոլորից առաջ ընկնել: Նախ, Թրամփը բաց տեքստով հայտնեց, որ իր վարչակազմում չի ներառի մոլի ռուսաֆոբներին: Այնպիսիք, ինչպիսիք են իր նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիին: Այն դեպքում, երբ համառ լուրեր էին դրվել շրջանառության մեջ, թե Պոմպեոն կարող է դառնալ ԱՄՆ պաշտպանության նախարար: Հաջորդեց Թրամփի թիմի առանցքային անդամ դարձած Մասկից եկած ակնարկը: Աշխարհի ամենահարուստ մարդն իր ընկերոջ՝ ոչ անհայտ միլիարդատեր Դեւիս Սաքսի միջոցով օրակարգ բերեց թեման, թե. «Վաշինգտոնի ամենաթերագնահատված պատմությունն այն է, թե կոռումպացված ուկրաինական փողերը փորձում են ազդեցություն գնել: Դա միայն Հանթեր Բայդենը չէր: Պատերազմ հրահրողների մեծ մասը վճարվում է»: Վերջապես, հաջորդեց Թրամփի որդու հրապարակումը, որտեղ նա ծաղրել է Զելենսկուն՝ նրա նկարը պատկերելով թափվող դոլարների ֆոնին եւ գրել. «Ձեզ մնացել է 38 օր, մինչեւ ձեր գրպանի փողը կորցնեք»:
Այս ամենից հետո պայթյունի էֆեկտ թողեց Washington Post-ի լուրը, թե Պուտինն ու Թրամփն արդեն հասցրել են խոսել՝ քննարկելով Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի թեման, թեեւ Կրեմլը, բնականաբար, հերքեց այն: Ըստ այդմ, որ խոսվել է ուկրաինական որոշակի տարածքներ Ռուսաստանին մնալու, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության թեման սառեցնելու մասին: Այսինքն այն, որը Մոսկվան դնում է խաղաղության հասնելու իր տեսլականի տակ: Վերջապես, որ Թրամփը հետաքրքրություն է հայտնել հետագա բանակցություններում՝ քննարկելու «Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծումը»: Թե վերջնական ինչ դետալային տեսք կարող է ունենալ ուկրաինական պատերազմի ավարտական փաստաթուղթը, դա դեռ խնդրի մի կողմն է: Մի քիչ այս սահմանով, մի քիչ՝ այն, այստեղ դա չէ, որ ամենագլխավորն է: Շատ ավելի գլոբալ թեմա է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը նստեն բանակցային սեղանի շուրջ, որոշակի պայմանավորվածությունների կարողանան գալ: Հենց դա էր դեռ 2021թ.- վերջերին Մոսկվայի առաջարկը, հենց դա էր, որ մերժեց Բայդենը, եւ գործը հասավ պատերազմին: Եվ ահա, եթե Թրամփը հենց այդ հարցով գնում է 180 աստիճանով շրջադարձի, սա արդեն որակապես այլ իրավիճակ է նշանակում, անկախ անգամ նրանից, թե նման բանակցային սեղանը մինչեւ ուր կհասցնի Թրամփին եւ Պուտինին. ինչ-որ տեղ կհասցնի, որը հաստատ ավելի վատ վիճակ չէ, քան ներկան, երբ հարաբերությունները հասել են միջուկային բախման աստիճանի:
Եվրոպական ուլտրալիբերաստների համար, իհարկե, նման իրողությունն իսկական կրախ կդառնա: Օրինակ` Շոլցը, ով «Ուկրաինային օգնենք» բացատրությամբ էական վնասներ հասցրեց գերմանական տնտեսությանը, պետք է դրա համար պատասխան տա: Նույնը կարելի է ասել Մակրոնի եւ այլոց մասին: Ու փաստը, որ անգամ դեռ Սպիտակ տուն չմտած, Թրամփն արդեն հասցրել է շրջանցել բոլորին՝ կոնկրետ գործողությունների ծրագրի մեկնարկ տալով, իհարկե, դեռ իր էֆեկտիվությունը ցույց կտա: