ԱՄՆ-ն ուզում է ազատվել Զելենսկուց․ վերլուծաբան (տեսանյութ)
Միջազգային«Միացյալ Նահանգները ուզում է ազատվել Զելենսկուց», - ասել է Gray Zone-ի սյունակագիր Ահարոն Մեյթը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան ավելի շատ տարածքներ կգրավի Ռուսաստանը, և Բայդենից ստացված վերջին կանխիկ «տրանշը» ոչ մի կերպ չի փոխի իրավիճակը։
Զրուցավարի հարցին՝ արևմտյան երկրները հասկացե՞լ են, որ հակամարտությունը մոտենում է ավարտին, որ Կիևը բարդ իրավիճակում է, և ժամանակն է՝ վերջ տալու այս առճակատմանը, Ահարոն Մեյթը պատասխանել է․
«Դա այդպես է։ Նայեք Սպիտակ տան հայտարարություններին: Զելենսկուց ուղղակի փորձում են ազատվել։ Վերջերս բացահայտվեց նրա գաղտնի խնդրանքը Ուկրաինայում Tomahawk հրթիռներ տեղակայելու վերաբերյալ։ Սպիտակ տան համար դա անհեթեթ թվաց, և Վաշինգտոնը այդ տեղեկատվությունը տարածեց մամուլում, ինչը մեծապես վրդովեցրեց Զելենսկուն:
Ի՞նչ է առաջարկում ԱՄՆ-ն Ուկրաինային: Բայդենի վարչակազմը փորձում է հնարավորինս շատ օգնություն ցուցաբերել, քանի դեռ Թրամփը և նրա թիմը չեն ստանձնել Սպիտակ տան ղեկավարությունը։ Բայց այս օգնությունը չի փրկի Ուկրաինային։ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինային պարտադրել զորակոչի տարիքը մինչև 18 տարեկան դարձնել, քանի որ դա միակ հնարավորությունն է։ Ուկրաինան կանխատեսելիորեն սպառվում է մարդկային ռեսուրսից։ Այսպիսով, ի՞նչ է անում ԱՄՆ-ն ի վերջո: Նրանք նվաստացնում են Զելենսկուն և մատնանշում վերջին հույսը, այն է՝ էլ ավելի շատ երիտասարդների ուղարկել ստույգ մահվան։
ԱՄՆ-ն հասկացավ, որ Ուկրաինան չի կարող հաղթել։ Ցավալի է, որ երկու տարի առաջ նրանք դա չհասկացան, երբ այս երկիրը մղում էին դեպի անխուսափելի ձախողում, որի մասին այսօր խոսում է սենատոր Մարկո Ռուբիոն: Նա գիտակցում է հակամարտությունը դադարեցնելու և խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, բայց հարցն այն է, թե ինչ պայմաններով»:
«Ի՞նչ եք կարծում, որքա՞ն կդիմանա Ուկրաինան»,- այնուհետև հարցնում է Էնդրյու Նապոլիտանոն։
«Պենտագոնը վերջերս New York Times-ին հայտնեց, որ Կիևը բավականաչափ զինվորներ ունի ևս 6-12 ամիս կռվելու համար: Ոչ ավելի շատ: Թրամփն ու նրա խորհրդականները հայտնել են, որ մշակել են ռազմավարություն, ըստ որի՝ Ուկրաինային կշարունակեն զենք մատակարարել, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցությունը որոշ ժամանակով կդադարեցվի։ Եթե Ռուսաստանը խաղաղության պայմանագիր չկնքի, մարտերը կշարունակվեն։ Բայց վերջիններիս համար սա ընդամենը խթան է՝ նոր տարածքներ վերցնելու։ Նման քաղաքականության շարունակումը Ռուսաստանին ավելի շատ տարածքներ կտա»,- պատասխանում է Ահարոն Մեյթը։