Անգամ մինչև ցավակցության արժանի է այն իրավիճակը, որում հայտնվել է հենց ինքը՝ ներկայիս ՄԻՊ-ը. Լարիսա Ալավերդյան
Ներքաղաքական ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անվան շուրջ քննադատությունները մամուլում չեն դադարում: Ասում են, թե վերջինիս հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար: Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 22-ին խորհրդարանում Ալեն Սիմոնյանը, դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, ասել է. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա…»: Իսկ երբ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հարցրեց՝ չե՞ս ամաչում, ստացավ «չէ՛» պատասխանը: Անդրադառնալով տեղի ունեցածին՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ արձագանք կամ մեկնաբանություն օմբուդսմենը կարող է տալ միայն բողոքի դեպքում. «Վերոգրյալի հաշվառմամբ՝ պաշտպանը չի մեկնաբանում առանձին պաշտոնյաների և հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքը»: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ, ում գնահատմամբ՝ սա առաջին դեպքը չէ, որ համապատասխան հաստատությունների կողմից անտեսված են շարունակում մնալ առավել քան կարեւորագույն հարցեր:
— Կարելի՞ է ասել, որ ԱԺ նախագահի վարքն այլեւս հանրային վտանգավորություն ունի: Նա մեկ անձնական խնդիրներ է ունենում պատգամավորների հետ, մեկ՝ լրագրողների:
— Նախ ես պետք է շնորհակալություն հայտնեմ այս հարցապնդման համար, որովհետև, երբ հարցնում են մարդու իրավունքներ եւ այլն՝ ես ստիպված եմ լինում ասել, որ մեծ մասը պարզապես գաղափար չունի անգամ ճիշտ հարցադրում ձեւակերպելու համար։ Պետք է նշեմ, որ այս թիմի մեծ մասը գաղափար չունի, թե մարդու իրավունքն ի՞նչ է կամ մասնավորապես՝ լրագրողը։ Ես այս առումով երկու դիտարկում ունեմ: Առաջինը՝ այդ նույն անձը բացարձակապես որեւէ նշանակություն չի տալիս հանրային կարծիքին։ Այսինքն՝ դա ոչ թե արհամարհանք է, այլ՝ պարզապես ոչ մի բանի տեղ դնել է, քանի որ իրենց քաղաքական կենսագրությունը կապված չէ Հայաստանի Հանրապետության հասարակության կարծիքի հետ, ինչը շատ անգամ շփոթում են եւ ասում են, որ ժողովուրդը ընտրել է եւ այլն: Նախ ժողովրդին խաբել են ու այս առումով իրենք արհամարհած ունեն ժողովրդի եւ հասարակության կարծիքին: Իրենց քաղաքական կենսագրությունը՝ ո՛չ անցյալը, ո՛չ ներկան, ո՛չ ապագան իրենք չեն կապում նրա հետ, թե ի՞նչ գնահատական կտա հասարակությունը: Դա առաջին, եւ երկրորդ`թե ի՞նչ ազդեցություն կունենա հասարակության վրա այդ ամենը։ Անշուշտ, այսպիսի կեցվածքը մեծ վտանգ է ներկայացնում, ու այս առումով պետք է խոսենք ներքին անվտանգության մասին։
Տեսեք, տարիներ շարունակ Հայաստանում անտեսվել է այս կարեւորագույն ոլորտը, որովհետեւ ոչ միայն արտաքին անվտանգությունը պետք է ապահովվի, այլ` ներքին անվտանգությունը, ու այսօրվա դեպքում այսպիսի կեցվածքը մեծ հարված է ներքին անվտանգության վրա: Բացի նրանից, որ դա ինքնին հարված է, նաեւ օրինակ է ծառայում ամենահակասոցիալական, անդաստիարակ լինելու համար, որովհետեւ մեծն Խորենացին դարեր առաջ ասել է, որ ցանկացած թերություն իշխանության կամ իշխանավորի մոտ հազարապատիկ արտահայտվում է, արտացոլվում է ու ազդում է հասարակության ու ժողովրդի վրա: Այդպես է ինքը արտահայտվել: Հասարակություն չի ասել: Այնպես որ, այս հարցի հարցապնդումն իսկապես վերին աստիճանի արժեքավոր է, քանի որ խոսքը նրա մասին է, որ իրենք ակնհայտորեն, բացի նրանից, որ արտաքին քաղաքականությունով սպասարկել են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այլ նրանք ներքին կյանքում եւս այդպիսի կեցվածքով, այո՛, շատ մեծ եւ բացասական ազդեցություն ունեն երկրի կարեւորագույն ներքին անվտանգության վրա:
— Ի դեպ, տիկին Ալավերդյան, ՄԻՊ-ը մինչ առ այսօր դեռեւս չի արձագանքել այդ միջադեպին: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այս ամենին:
— Ես եւս մեկ անգամ ասել եմ, որ շատ դժկամությամբ եմ անդրադառնում այդ հարցին: Կարծում եմ, որ ե՛ւ ընտրությունն այդ անձի, ե՛ւ իր կապվածությունն իշխանությունների հետ՝ բավականին կոշտ սահմաններ են իրենցից հանդիսանում՝ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Մանասյանի համար: Ճշգրիտը՝ հենց Մարդու իրավունքների կոնցեպտի ներքո գնահատելն է այդպիսի կեցվածքը, այդպիսի նկատելի վարքը, եւ ես ինքս նաեւ ափսոսում եմ: Կրկնում եմ, քանի որ չեմ ուզում ոչ մի առավել քան ծանր բան ասեմ: Կարծում եմ, որ անգամ մինչեւ ցավակցության արժանի է այն իրավիճակը, որում հայտնվել է հենց ինքը՝ ներկայիս ՄԻՊ-ի պաշտոնը ստանձնածը՝ լինելով բավական պատվավոր եւ կարեւոր պաշտոնի կրող: Ես նրան մեկ անգամ չէ, որ ասել եմ: Անձամբ կրկնել եմ Լեհաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպանի խոսքը, որին միանում եմ նաեւ ինքս, եւ նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հետո անգամ նախագահի պաշտոնը իջեցում է: Այնպես որ, շատ բարդ է գնահատելն այդպիսի պաշտոնը: Ես ափսոսում եմ, որ չի ստացվում կամ չի կարողանում, չի ուզում տիկին Մանասյանը շատ ճիշտ կերպով արտահայտվել: Ի դեպ, եթե նա կարողանար տվյալ պաշտոնում իրեն ճիշտ դրսեւորել, ապա դա նաեւ կզարդարեր այս իշխանությանը: Եթե ինքը ճիշտ գնահատեր, որ իր այդ մոլորությունն իրականում հարված է իշխանությանը, կարծում եմ՝ այլ կերպ կվարվեր: Մինչդեռ մեր իրականությունում դա բացարձակապես այդպես չէ: Ի վերջո, երբ Մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է իր դիրքի վրա, դա միշտ դրական է խոսում գործող իշխանությունների մասին:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ