«Փաստ». Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը»
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի ունեցավ Կազանում՝ ԲՐԻԿՍ համաժողովի համատեքստում, և սպասվում էր, որ Բուդապեշտում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովը ևս կարող է առիթ դառնալ, որպեսզի երկու երկրների ղեկավարները հանդիպեն։ Բայց Ալիևը չմեկնեց Բուդապեշտ՝ պատճառ բերելով իր զբաղվածությունը։ Ու մինչ Մակրոնի հետ շփման ընթացքում Փաշինյանը վերահաստատում է Հայաստանի մոտեցումը, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանից սպառնալից հռետորաբանությունը նոր ընթացք է ստանում։
Վերջինս իր ելույթներում փորձում է այնպես ներկայացնել, թե Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին է հաղթել, այլև Հայաստանի հետևում կանգնած երկրներին, որոնք իբր թե Ադրբեջանի դեմ դավադրություններ են հյուսում՝ ըստ երևույթին, առաջին հերթին նկատի ունենալով Ֆրանսիային։ Բայց Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները չեն խանգարում, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ձևացնի, թե ինքը հավատարիմ է խաղաղության գործընթացի շարունակությանը և ամեն ինչ անում է դրա համար։ Պատահական չէ, որ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում նշել էր, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո։ Ուշագրավ է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված:
Բայց հետաքրքիրն այն է, որ Եվրոպան Ալիևի «կտերն ուտում է» կամ ցանկանում է «ուտել»՝ ձևացնելով, թե հավատում է, որ կողմերն իսկապես մոտ են համաձայնության գալուն։ Դրանով Եվրոպան փաստացի նպաստում է Ալիևի նպատակների իրականացմանը, որ կլիմայական համաժողովն անցկացվի իբր խաղաղության հասնելու ձգտումների ներքո։ Միգուցե Եվրոպային անհրաժեշտ է այդպես ձևացնել, քանի որ իրենք մտադիր են Հարավային Կովկասում ավելի ակտիվանալ՝ հեռանկարում հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Վաշինգտոնը կարող է այս տարածաշրջանում մի փոքր հետ քաշվել։ Բայց մյուս հարցն այն է, որ, չնայած Մակրոնի հասցեին երեկվա կեղծավոր «սիրաշահումներին» Ալիևը հրաժարվում է եվրոպական հարթակներում բանակցելուց, այդ դեպքում ինչպե՞ս են նրան բերելու հանդիպման»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում