«Ժողովուրդ». Առաջին կարգի մասնագետից` վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. ի՞նչ է հայտարարագրել Սարգիս Թորոսյանը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ. այսպես է սկսվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Սարգիս Թորոսյանի կենսագրությունը։
Մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը Սարգիս Թորոսյանը շրջագայել է նախ առողջապահության նախարարությունում, հետո արդարադատության, ապա ՀՀ նախագահի աշխատակազմում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նախկին իշխանություններից է, որին մերժելով էլ ամրանում է ներկայիս իշխանությունը։
Տեղակալ Թորոսյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 19 մլն 125 հազար դրամ, որից 14 մլն 707 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացված աշխատավարձն է, 3 մլն 630 հազար դրամը պետական եկամուտների կոմիտեից ստացված գումարն է, 749 հազար դրամը փոխանցվել է Սլավոնական համալսարանից, որտեղ Թորոսյանը դասախոս է աշխատում 2015 թվականից, իսկ 38 հազար դրամը նրան փոխանցվել է Կառավարման ակադեմիայից:
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Թորոսյանի վարկի մայր գումարը կազմել է 36 մլն 313 հազար դրամ, որից 35 մլն դրամը բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդներն են: Այսինքն՝ Թորոսյանն ունի հիփոթեքով ձեռք բերված 2 բնակարան։
Հենց բնակարանի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է Թորոսյանը եկամուտ ստացել ՊԵԿ-ից՝ եկամտահարկի վերադարձի օրենքով։
Ֆինանսական միջոցների նվազումն էլ պայմանավորված է նրանով, որ Սարգիս Թորոսյանը 3.1 մլն դրամ ուղղել է վարկերի մարմանը, իսկ 7 մլն դրամ՝ անշարժ գույքի վերանորոգմանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում