Այսօր ՏԻՄ-ը հանդիսանում է կենսունակ օղակ մեր երկրի զարգացման և կայացման գործընթացում
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգե՛լի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։ Երեկ՝ նոյեմբերի 10-ին տոնում էինք Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28 ամյակը։
Այսօր ՏԻՄ-ը հանդիսանում է կենսունակ օղակ մեր երկրի զարգացման և կայացման գործընթացում, հենց ՏԻՄ-երի շնորհիվ է ապահովվում երկրի հավասարաչափ զարգացումը, գյուղերում և քաղաքներում մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը։
Մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, լավ ներկայի ու ապագայի համար անհրաժեշտ է համայնքային աշխատողների ու քաղաքացիների համատեղ և նվիրված աշխատանքը` հիմնված փոխօգնության ու փոխվստահության վրա: Մեր անդուլ ու նվիրված աշխատանքի շնորհիվ օրեցօր պետք է ամրապնդենք ՏԻՄ համակարգը, որպես նպատակ ունենալով մեր բնակիչների ապահով ու բարեկեցիկ կյանքը, զարգացած ու շեն համայնքը և երկիրը։ Համայնքների կայուն զարգացումը և բարեկեցիկ միջավայրի կառուցումը՝ ուղիղ համեմատական է այսօրվա մեր աշխատանքին։
Հարգելի՛ ավագանիներ, համայնքային ծառայողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ` մաղթում եմ ուժ, նվիրվածություն և հաստատակամություն մեր բարդ, պատասխանատու և միևնույն ժամանակ հաճելի աշխատանքում: