«Ֆիլմը հակասում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» և «ինքնիշխանությանը». Հաջիզադեն՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից հայազգի ռեժիսորի ֆիլմը հետ կանչելու մասին
Թեև սեպտեմբեր ամսին «Իմ սիրելի երկիր» ֆիլմը, որի ռեժիսորը ծագումով հայ հորդանանցի Սարին Հայրապետյանն է, ընտրվել էր «Օսկարի» «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, սակայն «հաշվի առնելով, որ ֆիլմը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ադրբեջանական կողմի մտահոգություններն անմիջապես ներկայացվել են հորդանանյան կողմին»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների՝ օկուպացված Արցախի մասին ֆիլմը Հորդանանի կողմից «Օսկարի» անվանակարգից հանելու մասին հարցին։
Նա, մասնավորապես, նշել է. «Հակառակ հայկական կողմի պնդման՝ այստեղ ճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Հորդանանի կինոհանձնաժողովի կողմից անկախ ընդունված որոշման արդյունքում է, որ ֆիլմը, ի վերջո, չի առաջադրվել Օսկարի անվանակարգում, իսկ ֆիլմի ցուցադրումը Հորդանանում կասեցվել է։ Մենք ողջունում ենք հորդանանյան կողմի այս որոշումը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից հետ է կանչել «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը