Ադրբեջանն ընդհանրապես չի կատարել եռակողմ հայտարարության պարտավորությունները. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը եռակողմ հայտարարության իր պարտավորություններն ընդհանրապես չի կատարել։ Եռաբլուրում այս մասին լրագրողներին ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Չի կատարել, դրա հետևանքն այն է, որ ես ու բոլոր արցախցիներն այստեղ ենք, Եռաբլուր ենք այցելում մեր զոհերին հիշատակ մատուցելու համար»,-ասաց Բեգլարյանը։Հարցին, թե խոսվում է այդ համաձայնագրից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելու մասին, դա ի՞նչ կարող է փոխել, Արտակ Բեգլարանը պատասխանեց.
«Ցանկացած բան, որ արվում է, պետք է դրա նպատակը քննարկել։ Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից խոսվում է հատկապես 9-րդ կետի վերաբերյալ, որը հիմնարար հարցերից մեկն է, բայց այդ փաստաթութը պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Եթե որևէ դրույթի մասին խոսք է ընթանում, ապա փաստաթղթի բոլոր դրույթները պետք է կատարվեն ու հարգվեն»։
Նա ասաց, թե չէր ուզի, որ արցախցիների իրավունքների հարցը սահմանափակեին միայն եռակողմ հայտարարության սահմաններում.
«Պետք է խոսենք մեր հիմնարար իրավունքների մասին, որոնք միջազգային իրավունքի ավելի բարձր նորմերով են ամրագրված, ինչը նշանակում է, որ մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք և անվտանգ ու արժանապատիվ կյանք ունենանք»։