«Ժողովուրդ». Ինչ է պատասխանել Փաշինյանը` Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի մասով
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խուլիգանական վարքը մեկնաբանելուց։
Բանն այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով էր աչքի ընկել՝ լրագրողի հետ խոսելու ժամանակ։
Նրա հայհոյանքները լսելի են եղել ողջ միջանցքով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում` դեպի ճաշարան տանող միջանցքում, MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տհաճ միջադեպ էր եղել, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ: Եվ ԱԺ-ում թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, նման բան տեղի չէր ունեցել, թիկնազորը հարթել էր միջադեպը:
«31.10.2024 թվականին Ազգային ժողովի միջանցքում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Madiahub.am» լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանի միջեւ
- Որպես կուսակցության ղեկավար՝ ի՞նչ քաղաքական գնահատական կտաք միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի պահվածքին՝ թիկնապահների միջոցով լրագրողի ձեռքերը բռնելուն, հայհոյելուն:
- Որպես նախկին լրագրող՝ ի՞նչ վերաբերմունք ունեք այս միջադեպին՝ հաշվի առնելով քաղաքական գործչի եւ պետական պաշտոնյայի վերաբերմունքը ԶԼՄ ներկայացուցչի հանդեպ»:
Ի պատասխան այս հարցմանը՝ Կառավարությունից ստացանք մեկ նախադասություն. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցադրումները չենք մեկնաբանում»:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, դատապարտելով նախկիններին եւ նրանց մեղադրելով խուլիգանական, գողական պահվածք դրսեւորելու մեջ, հիմա, երբ վարչապետ է, չի փորձում զսպել իր կուսակցին:
Ահա թե ինչպես է ձեւավորվում ժողվրդավարության բաստիոնը Հայաստանում. խրախուսվում է բռնությունը՝ ամենաբարձր մակարդակով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում