«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ
ՏնտեսությունԵրեկ չափազանց մտահոգիչ ահազանգ հնչեցրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ հրապարակելով հաստատող լուսանկարներ: «Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձեւավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտերից մեկն էր: Սա դեռ սկիզբն է: Շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչեւ ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրեւից հետո` այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել: Տեղանքը հոշոտելուց հետո այստեղ շենք կկառուցվի… Մշակութային եղեռնագործություն, կամ ցտեսություն Հին Երեւան նախագիծ, մեր օրեր…»:
Իհարկե, մինչեւ վերջին տառը Դեմոյանը ճիշտ է: «Տարօրինակը» միայն նա է, որ նա դեռ զարմանում է նման իրավիճակների վրա: Նկատի ունենք, որ նոր չէ, որ պետք է հաստատվի, հիմնավորվի, թե որն է նիկոլյան խունտայի դերը. մինչեւ վերջ ոչնչացնել ամեն մի հայկականություն, Հայաստանի կարողությունների մասին ամեն մի վկայություն, փաստ, սկսած կրթությունից, բանակից, պետական կառավարումից, մշակույթից, վերջացրած` պատմությունով: Քանի՞ նման դեպք միայն այս վերջին օրերին ֆիքսվեց: Մի կողմից՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնին նստած Արոն է առանց մազաչափ քաշվելու հայտարարում, թե Ցեղասպանության թեման ԱԳՆ-ի օրակարգում չկա, եւ միանգամայն անպատիժ: Մյուս կողմից` Դեմոյանի նկարագրածը հնագույն պատմության հետքերն է բնաջնջում՝ ի դեմս «մայրաքաղաքի այցեքարտերից մեկը» հանդիսացող բնական բացառիկ հուշարձանի…
Բայց այս օրերին արձանագրված այս տիպի եւս մեկ «եղեռնագործության» վրա ավելի մանրամասն կուզենայինք կենտրոնանալ: Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց, որ «Կոնյակ» անվանումը տեղանուն է եւ, որպես խմիչք՝ այն համարվում է Ֆրանսիայի ոչ նյութական արժեքը, իսկ Հայաստանում արտադրվողը ոչ թե կոնյակ է, այլ` բրենդի: Ու անմիջապես էլ շեյխի հրահանգը «ծաղկեցրեց» նիկոլականներից մեկը՝ էկոնոմիկայի նախարարի աթոռը զբաղեցնող Գեւորգ Պապոյանը, թե. «Հայ արտադրողներն իրենց արտադրանքը չեն մակնշի «Կոնյակ» անվանումով, որը ԵՄ-ի կողմից պաշտպանված աշխարհագրական նշում է, փոխարենը «Հայկական բրենդին» կգրանցի որպես աշխարհագրական նշում»:
Մի փոքր պատմություն. կոնյակագործությունը Հայաստանում սկիզբ է առել 1887 թվականին՝ Ներսես Թաիրյանի կողմից, ով 1899 թվականին գործարանը վաճառեց Շուստովներին: 1894-ին Երեւանում կար չորս կոնյակի գործարան, 1914 թվականին՝ 15, որոնց մեջ առաջին տեղում, իհարկե, Շոստովների գործարանն էր, որը վերածվեց «Արարատի»: Այս պատմությունը գոնե մեկ բան հաստատում է՝ կոնյակ հասկացությունը Հայաստանում ո´չ Նիկոլի պապն է ստեղծել, ո´չ էլ, առավել եւս, Պապոյանի, որ հիմա որոշում են՝ Հայաստանը կոնյակ արտադրելու իրավունք ունի, թե՝ ոչ: Նաեւ, թե ինչ պատմական ծագում ունի «կոնյակ» բառը, բոլորը գիտեն: Ֆրանսիան փորձել է դրանից ելնելով՝ գրանցել նման ապրանքային նշան եւ ում կարող է արգելել դրա կիրառումը: Որոշ դեպքերում ստացվել է, սակայն հայկական կոնյակի պարագայում, եթե անգամ Մակրոնն իր էն կասկածելի կնգա ձեռքը բռնած, գնա միջազգային դատարանները, հաջողության շանս չունեն. Հայաստանում կոնյակ սկսել են արտադրել շատ ավելի վաղ, քան ֆրանսիական այդ գրանցումն է: Եվ պատահական չէ, որ չկարողանալով արգելել կոնյակի հայկական կիրառումը, դրա դեմ միայն Եվրոպայում, շնորհիվ Ֆրանսիայի դիրքի, արհեստական արգելքներ սահմանելով, ֆրանսիացիները դեռ Քոչարյանի ժամանակներից գնացին այլ ավանտյուրայի՝ պարզապես գնեցին «Արարատը»: Բայց դա էլ ոչինչ չտվեց. Հայաստանում սկսեցին ի հայտ գալ տարբեր արտադրողներ, որոնցից շատերը, առանց «Արարատ» բրենդի օգտագործման, ժամանակի ընթացքում հասան կոնյակի միանգամայն բարձր որակական մակարդակների եւ հնեցման ժամանակահատվածի ավելացմանը զուգահեռ, այդ մակարդակը շարունակում է բարձրանալ:
Ու հիմա հարվածը հասցվում է Նիկոլ-Պապոյանի ձեռքով՝ որոնք գնում են պաշտոնապես «կոնյակ» տերմինը Հայաստանում արգելելու: Բացատրությունները, որ նրանք դնում են այդ քայլի տակ, իհարկե, զավեշտի են նման: Այսինքն, թե ինչու է Նիկոլն ընդառաջ գնում Մակրոնի «խնդրանքին», դա առանձին հարց է, որը, վստահ ենք, իր ժամանակին հատուկ քննության օբյեկտ կդառնա: Իսկ այս պահին ունենք հստակ փաստ՝ սրանով փորձում են ոչնչացնել Հայաստանի հեթական խորհրդանիշներից մեկը, որը, նաեւ չմոռանանք, մեր երկրի արտահանման պոտենցիալի մեջ միանգամայն էական դիրք է զբաղեցնում:
Կհաջողվի՞, երեւի ոչ: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց հայաստանյան կոնյակագործական ընկերություններից մեկի ղեկավարը (բնական է՝ չներկայանալու պայմանով), սա իրենց համար վաղուց էր սպասելի, եւ հասցրել են քայլեր ձեռնարկել: Այն է՝ մի շարք կոնկրետ երկրներում ունեն իրենց հետ ամենեւին էլ «չփոխկապակցված» ընկերություններ, որոնք մեծ հաճույքով հայաստանյան հումքի հիման վրա շշալցում կիրականացնեն՝ «Հայկական կոնյակ» տեսականու տակ: «Հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն դրան խանգարել՝ թե դրսում ոչ մեկը նման իրավունք չունի: Բայց եթե երկիրը հրաժարվում է «Հայկական կոնյակ» տերմինից, ապա դրա հանդեպ այլեւս ոչ մի իրավունք չունի, եւ մեր փաստաբանները պատրաստ են ցանկացած դատարանում հիմնավորել նման արտադրության օրինականությունը»,- մանրամասնեց զրուցակիցը: «Հետո, հուսով ենք, որ երբ Հայաստանում ազգային հիմքի վրա գործող իշխանական համակարգ կառաջանա, կկարողանանք ապրանքատեսակը հետ վերադարձնել: Այս պահին, ցավոք, սա այն ամենն է, որ կարող ենք անել»,- խոսքն ավարտեց աղբյուրը` նշելով նաեւ, որ այլ ընկերություններ եւս այդպես կվարվեն: