Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակում
ՎերլուծությունԹրամփի ընտրվելու հետ կապված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=297192&l=am)` կա նաեւ ոչ պակաս կարեւոր այլ հարց` իսկ ի՞նչ պետք է սպասել այս իրավիճակում Մոսկվայից: Այս կապակցությամբ, թեեւ ընդհանուր հոռետեսական-սպասողական գնահատումների, մտորումների տեղիք տվող, բայց նաեւ սպասելի հայտարարություն հնչեց նաեւ Կրեմլից: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովի խոսքով` «Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են պատմության ամենացածր կետում, նրանց հետագա ճակատագիրը կախված է ամերիկյան ղեկավարությունից, դրանք էլ ավելի վատացնելը գրեթե անհնար է»:
Իհարկե, մի փոքր սխալ է. ռուս-ամերիկյան հարաբերությունները ավելի վատթարացնելու տեղ դեռ կա: Ճիշտ է, դա կտեւի շատ կարճ` հազիվ մեկ-երկու օր կամ նույնիսկ` ժամ: Դրանից հետո աշխարհում պարզապես այլեւս ոչ մի հարաբերություն չի մնա, եթե գործադրվեն միջուկային հրթիռները:
Զուտ քաղաքական իմաստով, հասկանալի է Պեսկովի գնահատականը. կա´մ վիճակն այսպես կպահպանվի, կա´մ ռուս-ամերիկյան հարաբերությունները կգնան բարելավման: Բայց եթե անգամ ներկա վիճակը պահպանվի, այսինքն`դրական ընթացք չլինի, նաեւ բանը չհասնի միջուկային բախումների, ապա եղածը, եթե ռեալ նայենք, Ռուսաստանին բավարարում է: Իհարկե, պատերազմն ամեն դեպքում ծանր բեռ է: Բայց միաժամանակ, ուկրաինական պատերազմում նախաձեռնությունը լիովին ռուսների ձեռքին է, եւ եթե ընթացիկ երեք-չորս օպերացիա հաջող ավարտվեն, որի բոլոր շանսերը կան, ապա Ռուսաստանը կարող է անգամ առանց որեւէ բանակցության պատերազմն ավարտել: Արդյունքում այնպիսի ձեռքբերումներ են, որ Ռուսաստանն առանց պատերազմի, չէր ունենա: Նաեւ ակտիվ զարգացման փուլում է նաեւ ռուսական ռազմատնտեսական համալիրը, որը իր հետեւից զարգացման վատ տեմպեր է հաղորդել ողջ տնտեսությանը` օգնելով գազանավթային ճյուղից կախվածության նկատելի թուլացմանը: Միջազգային արենայում էլ, ինչպես ցույց տվեց Կազանի գագաթաժողովը, լուրջ խնդիրներ ունի ոչ թե Մոսկվան, այլ` Վաշինգտոնը: Իսկ այս ընդհանուր ֆոնը շարունակաբար ամրացնում է Մոսկվայի դիրքերը նաեւ նախկին ԽՍՀՄ տիրույթում, ինչի լավ օրնակ էին Վրաստանի, Մոլդովայի ընտրությունները, ասենք` նաեւ հարավկովկասյան զարգացումները եւ այլն: Այն, որ խոսվում է, որ նույնիսկ Իրանի կարգի երկիրը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, իսկ Թուրքիան ցանկանում է ԲՐԻԿՍ-ի մաս դառնալ, իր հերթին է շատ բան ասում: Գումարենք Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Աֆրիկայում, որտեղ արդեն Աֆրիկյան միության ստեղծման ծրագրեր են ընթանում: Նաեւ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Ասիական տիրույթում, եւ խոսքը միայն Չինաստանի մասին չէ:
Այսինքն, ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանը, լինելով շահագրգիռ կողմ, նաեւ շատ շտապելու կարիք չունի: Այսինքն, հազիվ թե գնա բանակցությունների, եթե մինչեւ «վերջին վինտիկը» իր շահերին չբավարարի: Հասկանալով նաեւ, որ Թրամփն առաջնային խնդիր է տեսնում Չինաստանի դեմ պայքարը, եւ այս հարցում ցայտնոտային վիճակում է. ԱՄՆ-ն արդեն իսկ շատ է ուշացրել: Այսինքն, Ուկրաինա-Եվրոպա ուղղությամբ հարցեր լուծելու հարցում նա փորձելու է արագ գործել, որը ենթադրում է զիջումներ: Եթե ոչ, ներկա դինամիկան էլ Մոսկվայի համար վատ չէ: Նման հստակ ազդակներ երեկ Պուտինը Թրամփի հղեց:
Այսպիսով, թեեւ Թրամփը, մեղմ ասած, ԿԳԲ-ի գեներալ չէ, սակայն նրա իշխանության գալը պետք է, որ էական ազդեցություն թողնի Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդման վրա: Ընդ որում, խոսքը նաեւ հարավկովկասյան տիրույթի մասին է: Այն, որ Ալիեւը վաղուց էր դա հասկացել եւ դեռ անցած տարվանից է փորձում գործել առնվազն ռուսական շահերը հաշվի առնելով, բազմիցս է խոսվել: Այն, որ Վրաստանն էլ դե հասկացավ եւ ակտիվորեն վերախմբագրում է իր քաղաքական կուրսը, դա եւս պարզ է: Նիկոլը վերջապես դա գիտակցե՞լ է. դատելով վերջին մոտ երկու ամսվա քայլերից՝ երեւի:
Ամեն դեպքում, որ հարավկովկասյան տիրույթում պետք է սպասել գլոբալ իրավիճակի արագ եւ խորքային փոփոխության, դա կարծես թե հաստատ է: