Ինչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմ
ՎերլուծությունԱյսպիսով, ԱՄՆ նոր նախագահի անձը հայտնի է: Թրամփին հաջողվեց այն, ինչ մինչ այս, եթե չենք սխալվում, չէր հաջողվել ԱՄՆ եւ ոչ մի նախկին նախագահի: Նախագահական առաջին փուլից հետո պարտվելով, անցնելով բանտի եւ մահափորձերի շեմով (34 քրեական գործ, 1 դատվածություն, 2 դատական քննություն, 2 իմպիչմենտ, 6 սնանկություն, երեք մահափորձ)` պարտությունից ընդամենը մեկ ժամկետ հետո նման ճոխ քրեական բնութագրիչներով վերադարձ Սպիտակ տուն:
ԹՐԱՄՓԻ ՏՐԻՈՒՄՖԸ
ԱՄՆ նախկին եւ արդեն ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի այդ ոդիսականը, իհարկե, մեծ պատիվ է բերում նրա եւ իր թիկունքում կանգնած ուժերի նպատակասլացությանը եւ համառությանը: Բայց ոչ միայն. այն կոպիտ սխալները, որոնք թույլ տվեց Օվալաձեւ աշխատասենյակը հունվարի 19-ին լքել պատրաստվող Բայդենը, ավելի ճիշտ` գործնականում անընդունակ դարձած Բայդենի գործողությունները ուղղորդողները` սկսած քլինթոններից եւ օբամաներից, վերջացրած ավելի քիչ տեսանելի ուժերով, մեծապես նպաստեցին, որ Թրամփը կարողանա հասնել այս տրիումֆին: Ու այս ամենի հանրագումարում Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն, եւ միանգամից շատ պարզ հարց է օրակարգ գալիս, այսինքն` արդեն եկել է` ու հիմա ի՞նչ:
Թե ինչ է պետք սպասել վերադարձած Թրամփից (հասկանալի է` նրա թիկունքին կանգնած ուժերով հանդերձ), իհարկե, ամենաուղիղ ձեւով կախված է մեկ այլ հարցից` իսկ ի՞նչ է պետք սպասել պարտված, բայց իր զորությունը չկորցրած եւ ամերիկացիների մոտ կեսին իր հետեւից տանող ուժից: Այս ուժը կարողացավ բառացիորեն հարամել Թրամփի առաջին նախագահությունը, եւ որ այդ տակտիկան կփորձի շարունակել, ենթադրելի է: Միայն թե այս անգամ ներքաղաքական դաշտում Թրամփի դիրքերն ավելի լավ են`Սպիտակ տնից զատ, այս ընտրություններում հանրապետականները վերահսկողության տակ վերցրին նաեւ Սենատն ու Կոնգրեսը` ի տարբերություն Թրամփի առաջին ժամանակահատվածի: Այսինքն, գոնե ներիշխանական դաշտում լիովին պարտված լիբերաստները Թրամփի գործողությունները տորպեդահարելու ռեալ հնարավորություններ չունեն: Չեն կարող նաեւ առաջիկա երկուսուկես ամիսներին, քանի դեռ Բայդենը մնում է իր պաշտոնին, քաղաքական իմաստով այնպես ականապատել նախագահի աթոռը, որ դրան նստելով` Թրամփը բախվի ամենօրյա պայթյունների:
Կարճ ասած, եթե վերիշխանական իրողությունները մի կողմ ենք թողնում, ապա Թրամփը Սպիտակ տուն է վերադառնում միանգամայն ազատ ձեռքերով` հնարավորություն ունենալով անգամ ամենահամարձակ նախաձեռնությունները ձեռնարկել: Իհարկե, միգուցե նաեւ աչքի առաջ ունենալով իր մերձավոր թիմակցի հորեղբոր` նախագահ Քենեդու ճակատագիրը, թեեւ այդ ռիսկը կար նաեւ նախընտրական ողջ ժամանակաշրջանում: Չնայած, այդ ժամանակաշրջանը նաեւ ցույց տվեց, թե որքան է սրվել ամերիկյան էլիտաների միջեւ ներքին պայքարը: Մահափորձերն էլ մի կողմ, երբ բանը հասնում է իշխող կողմի այնպիսի աննախադեպ գործողության, ինչպիսին է հակառակորդին, որը նաեւ նախկին նախագահ է, անհասկանալի պատրվակներով բանտում փակելու փորձի, ապա հիմա պետք է պատրաստ լինեն «բումերանգի էֆեկտին»: Բայդենի որդին քրեական գործի տակ է, Բայդենի դեմ, եթե միայն Թրամփը վերահանի ուկրաինական թեման, մի տասը գործ կա, եւ այս ցանկը շատ կարող է մեծանալ` ընդգրկելով նույն քլինթնական, օբամայական կլանները եւ ոչ միայն: Կգնա՞ Թրամփը վրեժի ուղղությամբ. երեւի մի փոքր չափով: Բայց մնացածը կարող է բավարարել ներքին «առեւտրի» համար` որը, միգուցե, մի փոքր մեղմի ներէլիտայական ներկա ծայրահեղ սուր պայքարը:
ՆԵՐԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ
Սակայն սա չէ Թրամփի ամենագլխավոր խնդիրը: Ամերիկյան էլիտաների մեջ այս սուր պայքարը, իհարկե, ամենեւին էլ Թրամփին նստեցնել-չնստեցնելու հողի վրա չէ, որ ծավալվեց այս աստիճան: Այդ պայքարի հիմքերը բազմապատիկ խորն են, բայց նաեւ շատ պարզ, ավելի մենկրետ` ընդամենը մեկ թվով բացատրվող: Այն է` ԱՄՆ պետական պարտքը հասել է 36 տրիլիոն դոլարի, եւ մինչ Թրամփը մտնի Սպիտակ տուն, այն հավանաբար կհատի նաեւ 37-ի շեմը: Իսկ դա ամերիկյան ՀՆԱ-ի հետ համեմատած, 135 տոկոսի կարգի մեծություն է: Թե ինչ խորը հակասության մեջ է մշտապես պետական պարտքն ավելացնելով` փող տպելու բիզնեսը այդ նույն երկրի իրական տնտեսության հետ, հին եւ չարչրկված պատմություն է, չկրկնենք: Իսկ ներկա իրողությունն այն է, որ իրական տնտեսության ներկայացուցիչ Թրամփը իշխանությունը խլել է փող տպելու սուպերշահութաբեր բիզնեսով զբաղվողերից: Ընդ որում, մի այնպիսի փուլում, երբ փողի բիզնեսը աշխարհում էապես զիջել է դիրքերը (գնալով մեծանում է դոլարից հրաժարվեղ երկրների ցանկը, որի ցուցադրական փաստն էր ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը): Իսկ դա մահացու վտանգ է հենց ամերիկյան (Եվրոպային չմոռանանք) տնտեսության բիզնեսի համար, հաշվի առնելով, որ Չինաստանն իր իրական տնտեսությամբ հայտնվել է ամեն մի մրցակցությունից դուրս վիճակում: Փողի բիզնեսին էլ մնացել է մեկ ճանապարհ` գնալ ռազմական սրացումների (Ուկրաինա, Մերձավոր Արեւելք, Թայվան եւ այլն), ու այստեղ էլ հասել են միջուկային պատերազմից մի քանի վայրկյան պակաս վիճակի:
Թրամփը, իհարկե, դեռ նախընտրական փուլում էր խոսում գլոբալ լարվածությունը մեղմելու մասին, եւ ընտրվելով էլ, առաջին հայտարարություններից մեկը դա էր` ԱՄՆ-ն նոր պատերազմներ չի սկսի եւ կաշխատի դադարեցնել եղած, ու այստեղ խոսքը, իհարկե, հիմնականում ուկրաինական պատերազմի մասին է: Բայց սա այն հարցն է, որտեղ լուծումն առաջին հերթին ամերիկյան ներէլիտար հակամարտության մեջ է լուծվելու` հասնելով հիշատակված պարզ, տեսանելի եւ շոշափելի 36 տրիլիոն դոլար պետական պարտքին: Կարո՞ղ է Թրամփը հասնել այդ թվի հետագա մեծացումը դադարեցնելուն, որը նշանակում է` անջատել դոլար տպող մեքենան եւ ԱՄՆ-ն տեղափոխել «ոտքերը սեփական վերմակի չափով պահելով» կամ դրանից էլ մի բան պակասով ապրելու կենսակերպին, նաեւ աչքի առաջ ունենալով, որ դրա այլընտրանքը կարող է Ապոկալիպսիսը լինել: Նաեւ հաշվի առնելով, որ սեփական եկամուտներով ապրելու համարԱՄՆ-ն պետք է էապես նվազեցնի բյուջեի դեֆիցիտը` կրճատելով բազում ու բազում ներքին եւ արտաքին ծախսեր: Սա նաեւ ենթադրում է դոլարի տպագրությունը պետական վերահսկողության տակ վերցնել, որի համար ժամանակին Քենեդին կյանքով հատուցեց: Եթե ոչ, ուրեմն ստիպված է լինելու շարունակել նույն բայդենյան կուրսը: Միգուցե, մի փոքր թարմացրած, մի փոքր մոդեռնիզացված, ուլտրալիբերաստական աղբից մի փոքր ազատված, բայց խորքային էությամբ նույնը:
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԹՐԱՄՓԸ
Այն, որ ԵՄ առաջնորդները նոյեմբերի 7-8-ին Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովում արտակարգ քննարկում ծրագրեցին`ԵՄ հետագա գործողությունների վերաբերյալ, գալիս է հուշելու, որ Թրամփի վերադարձից հետո հնարավոր շրջադարձային քայլերի մասին մտահոգություններ եվրոպական ուլտրալիբերալ համակարգն ունի: Առավել եւս, որ Թրամփի «ոչ մի նոր պատերազմ» թեզը հիմքում ունի նաեւ ՆԱՏՕ-ից հետ քաշվելու հեռանկար, ինչի մասին եւս քիչ չի խոսվել:
Բայց մյուս կողմից, Թրամփի «եղած պատերազմները կանգնեցնելու» թեզը նրան կարող է նաեւ փակուղու տանել: Այսինքն, թեեւ ռուսական սոցհարթակում ակտիվ տարածվում է կատակը, թե` «Գնդապետ ընկեր Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ արտահերթ ստացել է գեներալական կոչում», բայց մեկ է, Մոսկվան, մեղմ ասած, լավատես չէ Թրամփի այն խաղաղասիրական հայտարարությունների նկատմամբ, թե պատերազմը մեկ օրում կամ մեկ զանգով կարող է կանգնեցնել: Ամեն դեպքում, Լավրովը հայտարարեց` «Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ամուր պաշտպանելով իր շահերը»: Թե որոնք են այդ շահերը մասնավորապես ուկրաինական խաղատախտակին, վաղուց է հայտնի: Ըստ այդմ էլ` նաեւ պատերազմը դադարեցնելու Մոսկվայի պայմանները:
Իհարկե, ուկրաինական պատերազմի վրա Թրամփն ազդելու լայն հնարավորություններ ունի: Բայց դրա համար բավակա՞ն է միայն հայտարարությունը, թե դադարեցնում է Ուկրաինային ռազմական աջակցությունը, նաեւ, որ վաղուց լիազորությունների ժամկենտն ավարտած Զելենսկուն համարում է ոչ լեգիտիմ եւ սկսի հետաքննել, թե ինչի վրա է Կիեւը ծախսել արեւմտյան բազմամիլիարդ օգնությունը: Իսկ եթե դրանից հետո Զելենսկին շարունակի՞ կռվել «անկյուն քշված ոչխարի կատաղության» սկզբունքով, առավել եւս, որ պատերազմը կանգնեցնելը անձամբ նրա համար կարող է մահացու վտանգավոր լինել: Նաեւ չկա երաշխիք, որ այդ իրավիճակում ոչ պակաս հուսահատ եվրոպական ուլտրալիբերասներն ամեն ինչ չեն նետի Զելենսկուն աջակցելու համար: Այդ դեպքում ռուսներին կմնա հասնել մինչեւ Լեհաստանի սահման, որը մի կողմից ցնցումային վիճակի մեջ կդնի Եվրոպան, որն այսպես թե այնպես, ԱՄՆ-ի հենարաններից է: Մյուս կողմից, եթե Զելենսկին հանձնվի, դա Ռուսաստանին ֆիքսի որպես հաղթող կողմ, ապա դա եւս Եվրոպային ցնցումներով է սպառնում:
Չնայած, Եվրոպայի ցնցվելը Թրամփին միգուցե ձեռնտու է` միանգամից եվրոպական ուլտրալիբերաստներից եւս ազատվելու համար: Բայց կա մեդալի մյուս երեսը. Ուկրաինայի պաշտոնական պարտությանն անմիջապես էլ կհաղորդի Ռուսաստանի կայուն ամրապնդումը գործնականում ողջ հետխորհրդային տիրույթում: Իսկ դա էապես կազդի նաեւ Իրանի դիրքերի վրա Մերձավոր Արեւելքում, կդառնա նաեւ Չինաստանի համար հսկայական աջակցություն: Արդյունքում, կարո՞ղ է թրամփյան Ամերիկան դիմանալ այդ ամենին, որը ֆինանսական աշխարհում էլ կունենա դոլարի վերջնական կրախի տեսք:
Մյուս կողմից, չգնալով նման արմատական լուծումների, Թրամփը ստիպված է լինելու մինչեւ վերջ ընդունել Բայդենի թողած հսկա նեգատիվ ժառանգությունը, որի հիմքում, կրկնենք, Արմագեդոնից մի քանի վայրկյան պակաս իրավիճակն է, եւ որի կրախի «կենդանի ապացույցը» հենց նույն Թրամփն է` իր հաղթանակով:
Սակայն Թրամփն ունի նաեւ երրորդ տարբերակ. նստել բանակցելու Մոսկվա-Պեկին առանցքի հետ` հաշվի առնելով ինչպես սեփական, այնպես էլ` մյուսների շահերը: Մոտավորապես Պոտսդամի տարբերակով, այն տարբերությամբ, որ Բրիտանիայի փոխարեն հիմա Չինաստանն է գլոբալ դիրքերում:
Ամեն դեպքում այն, որ համաշխարհային կառավարման մոդելը, որը գործնականում հասցրել է Երրորդ աշխարհամարտի, այն է` փոխոչնչացման շեմին ոչ թե նույնիսկ վերաբեռնավորման, այլ վերակառուցման սուր կարիք կա, թերեւս պետք է, որ հասկանան նաեւ ամենի ամենավերին էլիտաները: Այն, որ ԱՄՆ-ում այս անգամ հանգուցյալները «դուրս չեկան» քվեարկելու` ապահովելով Թրամփի հաղթանակը, չբացառենք, որ այդ հասկացության հետեւնանքն է: Այս ընտրությունները նաեւ ամերիկյան այդ էլիտաների համար էին լավ առիթ` «դեմքը փրկելով»` պայմանավորվածությունների գնալու համար, եւ ամենահավանական տարբերակ է թվում, որ պարզապես առիթից օգտվեցին: