ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը Հայաստանում է. հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը
ՀասարակությունՆոյեմբերի 5-6-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր:
ՆԱՏՕ-ական կողմին ներկայացվել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը:
Հայաստան այցի շրջանակում փոխծովակալ Բրուասդալի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և խաղաղապահ ուժերի բրիգադ: