Հրապարակվել է Յուպիտերի ամենաորակյալ լուսանկարները դիտարկումների ողջ պատմության ընթացքում
ՀասարակությունԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Յուպիտերի լուսանկարները, որոնք ամենաորակյալն են գազային այս հսկայի դիտարկումների պատմության մեջ։ Լուսանկարներն արել է Juno զոնդը արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակի կողքով 66-րդ անգամ թռչելիս։
Juno տիեզերանավն արձակվել է 2011-ին և Յուպիտեր է հասել հինգ տարի անց՝ 2016-ին՝ անցնելով 2,735 միլիարդ կիլոմետր տարածություն: Այդ ժամանակից ի վեր զոնդը կանոնավոր կերպով թռնում է Յուպիտերի և նրա արբանյակների կողքով և լուսանկարում դրանք, ապա տվյալներն ուղարկում Երկիր:
Գազային հսկայի վերջին թռիչքի ժամանակ զոնդն արել է մոլորակի ամենաբարձրորակ լուսանկարները: Օրինակ՝ խոշոր պլանով նկարել է Յուպիտերի հյուսիսային բևեռը (այս տարածաշրջանում հայտնաբերվեց կենտրոնական ցիկլոն՝ շրջապատված ութ այլ ցիկլոններով, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը մոտ 4000 կմ է)։
Juno-ն նաև լուսանկարել է Յուպիտերի ամենահայտնի փոթորիկը` Մեծ կարմիր բիծը։ Եթե 1979-ին այն երկու անգամ մեծ էր Երկրից, ապա այժմ «ընդամենը» 1,3 անգամ է մեծ մեր մոլորակից: Juno-ի ստացած տվյալները ցույց են տվել, որ Մեծ Կարմիր բծի փոթորկի խորությունը մոտ 320 կմ է։ Զոնդը նաև խոշոր ցիկլոններ է գրանցել գազային հսկայի հարավային բևեռի վրայով թռչելիս: