Հայ գիտնականները նոր տվյալներ են ստացել՝ Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համար
ՀասարակությունՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները նոր տվյալներ են ստացել Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համար։ Դրանք կարող են օգտակար լինել նաև լճի կառավարման համար, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Lճի էպիլիմնիոնային շերտում լուծված թթվածնի և օդերևութաբանական ցուցանիշների իրական ժամանակում անընդմեջ չափման արդյունքների հիման վրա վերջին տասնամյակներում, ինչպես նաև ժամանակակից մեթոդով առաջին անգամ գնահատվել է ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը, դիտարկվել դրա սպառման հնարավորությունները սննդային շղթայում և կանխատեսվել փոփոխման միտումները կլիմայի սպասվող տաքացման համատեքստում:
Ֆիտոպլանկտոնը զբաղեցնում է սննդային շղթայի ստորին օղակը և ստեղծում է թարմ օրգանական նյութ անօրգանական կենսածին նյութերից, ածխաթթու գազից և արևային լույսի էներգիայից՝ սննդային աջակցություն ցուցաբերելով ավելի բարձր տրոֆիկ մակարդակներին: Միավոր տարածքում, միավոր ժամանակամիջոցում ֆիտոպլանկտոնի կողմից արտադրված օրգանական նյութի քանակը սահմանվում է որպես ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրություն: Սևանա լճի համար այն վերջին անգամ գնահատվել է տասնամյակներ առաջ:
«Լճի մետաբոլիկ ակտիվությունն արտահայտվում է ուժեղ սեզոնայնությամբ՝ ցուրտ ամիսներին ցածր առաջնային արտադրություն, իսկ տաք ամիսներին՝ ընդհակառակը: Լճում ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը և էկոհամակարգի շնչառությունը մոտ են հավասարակշռված վիճակին, դիտվում են թույլ արտահայտված ինչպես ավտոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելին է, քան անհրաժեշտ է շնչառությանը), այնպես էլ հետերոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելի քիչ է, քան անհրաժեշտ է շնչառությանը) պայմաններ:
Արդյունքները հստակորեն ցույց են տալիս առաջնային արտադրանքի էքսպոնենցիալ կախվածություն ջերմաստիճանից: Հայաստանի համար կանխատեսված է դարեվերջին 6°C-ով ավելի բարձր ամառային ջերմաստիճան, քան ներկայում է: Նման սցենարը կարող է հանգեցնել լճի մետաբոլիզմի էական փոփոխության և, ի վերջո, նաև ջրիմուռային ծաղկումների հաճախականության մեծացման»,- ասել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։
Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով՝ «ՀՀ խոշոր հիդրոէկոհամակարգերի վրա մարդածին ազդեցության էկոլոգիական վտանգների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում։