Շատ նման է, որ նոյեմբերի վերջին Ղազախստանում կնախաստորագրվի «խաղաղության պայմանագիրը»
ՎերլուծությունԵրեկ Բաքվում մեկնարկեց կրոնական առաջնորդների գլոբալ գագաթաժողովը, որն անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) շրջանակներում: Դրան հաջորդելու է բուն COP29 29-րդ նստաշրջանը:
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բաքվի այս միջոցառման հետ կապված` Հայաստանում ժամանակին տարբեր կրքեր ի հայտ եկել են: Կարելի է հիշել թեկուզ այն հայտնի թեզը, որ Ադրբեջանն այս միջոցառմանն է սպասում, որ դրանից հետո նախաձեռնի հերթական հարձակումը Հայաստանի վրա: Սակայն այդ կարգի բոլոր խոսակցությունների ֆոնին, հատկապես Կազանում կայացած՝ Ալիեւի եւ Նիկոլի վերջին հանդիպումից հետո շատ ավելի համառորեն սկսեցին տարածվել բոլորովին այլ տրամաբանության մեջ գտնվող խոսակցություններ: Այդ թվում, որ մեծ հավանականությամբ Միրզոյան Արարատը եւս կմեկնի Բաքու, որտեղ կնախաստորագրվի «խաղաղության պայմանագիրը»: Նաեւ այն հիմնավորմամբ, որ Կազանի հիշատակված հանդիպման հետ կապված պաշտոնական հաղրոդագրություններում թեեւ շրջանցվում էր քննարկումների մանրամասները, սակայն աչքի ընկնող տեղում էր դրված այս միտքը. «Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով»: Սրա հիմքում առնվազն երկու ենթատողային իմաստ կարելի էր տեսնել: Նախ, որ Ալիեւն ու Նիկոլը հստակեցրել են բոլոր վիճելի թեմաները, այդ թվում ամենակարեւորը՝ կոմունիկացիաների գործարկման հարցը: Այն կարգի, որ արտգործնախարարներն արդեն կարող են արագորեն փաստաթուղթը վերջնական տեսքի բերել: Ըստ այդմ էլ, ի հայտ եկավ հաջորդ կարծիքը, որ « հնարավորինս սեղմ» ասվածի ամենահարմար տարբերակը կարող է դառնալ հենց Բաքվի գագաթաժողովը, որտեղ կարելի է փաստաթուղթն ավարտել եւ նախաստորագրել: Այդ վարկածը համեմվեց նաեւ այն «մանրամասներով», որ Բաքվում ստորագրելը հենց Ալիեւի պահանջն է՝ իրեն լիակատար հաղթող ցույց տալու համար:
Այդ խոսակցությունների առաջացման փուլում առիթ ունեցանք կարծիք հայտնելու, որ Միրզոյան Արոն, թեեւ դեռ պաշտոնապես չի հաստատում, շատ մեծ հավանականությամբ Բաքու կգնա: Բայց որ այնտեղ ինչ-որ փաստաթուղթ կնախաստորագրվի, դրա հավանականությունը փոքր է: Եվ աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ տարբեր նյուանսներ, որոնք այս տարբերակի մասին են ակնարկում: Այսպես, երեկ ԱԺ-ում հետաքրքիր բացահայտումներով հանդես եկավ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ավելի վաղ Արոյի հայտնած այն տեղեկությանը, որ ապաշրջափակման հարցով առաջարկներ են արվել ադրբեջանական կողմին: Ըստ փոխնախարարի. «Քանի որ փաստաթուղթը վերջնականացված չէ, մանրամասները չենք կարող հրապարակել, բայց հիմնական միտքը ճանապարհների բացումն է… Որեւէ արտառոց տարրեր այստեղ չկան, եւ խոսքը հաղորդակցությունների մաքսիմալ բացելու մասին էր: Հիմնականն այն է, որ բացառում է երրորդ կողմի վերահսկողությունը՝ անվտանգության կամ այլ ձեւով, պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ տոտալ վերահսկումը այդ ուղիների»: Ընդ որում, նա նաեւ ֆիքսեց, որ այս ընթացքում շատ ինտենսիվ հանդիպումներ են եղել. «Երեւի նկատել եք, որ աննախադեպ ակտիվ էր հանդիպումների ու շփումների առումով»: Ապա հավելեց, որ առաջարկների վերջին փաթեթն ուղարկվել է Ադրբեջանին, սպասում են իրենց արձագանքին:
Այսպիսով, փոխարտգործնախարարը, ընդհանուր առմամբ, նոր ոչինչ չասելով, այնուամենայնիվ, ամենակարեւոր փաստերը ֆիքսեց: Նախ, իրոք շատ ակտիվ գործընթաց կա, այսինքն՝ «հնարավորինս սեղմ ժամկետի» մասին հանձնարարականը գործում է: Երկրորդը. իրոք ամենաէական հարցը եղել եւ մնում է կոմունիկացիաների գործարկումը, եւ այս պահին հենց դրա դետալների վրա են կենտրոնացած: Այն է, Կազանում հենց այդ թիվ 1 հարցի շուրջ է, որ Ալիեւն ու Նիկոլն ինչ-ինչ պայմանավորվածությունների եկել են: Դետալային առումով թե դա ինչ տեսք ունի, դժվար է ամբողջական պատկերացում այս պահին կազմել: Բայց նաեւ, եթե խոսքը հաղորդակցությունների մաքսիմալ բացելու մասին է, ինչը ֆիքսեց Հովհաննիսյանը, ապա չմոռանանք, որ կոմունիկացիաների ամբողջական գործարկման սկզբունքը դրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի հիմքում, եւ հենց դրան էր ուղղորդված փոխվարչապետների եռակողմ հանձնախմբի գործունեությունը: Գումարենք, որ Ալիեւի ու Նիկոլի պայմանավորվածությունները ձեռք բերվեցին ռուսական դաշտում, եւ քիչ հավանական է, որ դրա հետ ռուսական կողմն առնչություներ չունենար, ապա բավականին հստակ պատկեր, թե այս զարգացումները դեպի ուր են գնում, կարելի է ստանալ: Ամեն դեպքում, եթե ԱԳ փոխնախարարն իր խոսքում ակնարկ անգամ չարեց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական գրեթե վերջնագրային պահանջի հետ կապված, ապա դա մեկ բան է նշանակում, որ Ալիեւն այդ հարցում Կազանի հանդիպման արդյունքում սեղմել է արգելակները: Իսկ դա հաստատ Նիկոլի «սիրուն աչքերի» համար չէր անի. քանիցս ենք ընդգծել, որ ռուսական բանակցային հարթակում Ալիեւը Նիկոլի համար անլուծելի այդ նախապայմանից հրաժարվելու է: Ասենք, այս մասին էր նաեւ ակնարկում Պուտինի երեկվա հայտարարությունը՝ մի խումբ, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ. «Այսուհետ եւս աջակցություն կցուցաբերենք խաղաղության պայմանագրի կնքման ողղությամբ, պետական սահմանի սահմանազատման եւ տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ՝ 2020-2022թթ. հայտնի բարձրամակարդակ եռակողմ պայմանավորվածությունների հունով… Չեմ կարող գոհունակություն չհայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն օգտվեցին ԲՐԻԿՍ-ի հարթակից Կազանում եւ օգտակար խոսակցություն ունեցան սկզբունքային հարցերի շուրջ»:
Այս ամենից զատ, եթե այս պահին դեռ «առաջարկների վերջին փաթեթ» են ուղարկում եւ պատասխանի սպասում, ապա շատ ցածր է դառնում հավանականությունը, որ չնայած «աննախադեպ ակտիվ հանդիպումներին ու շփումներին», քիչ իրատեսական է, որ ամբողջական փաստաթուղթը մինչեւ Բաքվի COP29 գագաթաժողովը կլինի: Այսինքն, շատ ավելի է մեծանում մեր ենթադրության հավանականությունը՝ Արոն Բաքու կգնա, բայց այնտեղ նախաստորագրում չի լինելու:
ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ
Չնայած, խորքային իմաստով, Բաքվում ինչ-որ բան ստորագրել-չստորագրելը դա բարոյական հարթությունում է: Դա միգուցե Նիկոլ-Արոյի համար էական դետալ չէ, բայց հասկանում են, թե ինչ աղմուկ է առաջանալու դրանից հետո: Սակայն գործնական տեսանկյունից, իհարկե, առաջնային է մնում, որ Բաքվում թե որտեղ, բայց այդ փաստաթուղթը մոտ ժամանակներս մեծ հավանականությամբ կստորագրվի: Իհարկե, դրանում որոշակի անկանխատեսելիություն առաջացնում է ԱՄՆ-ում այսօր ընթացող նախագահական ընտրությունների քվեարկությունը: Սակայն գոնե այս դիրքից տեսանելի չէ այն գործոնը, որը կարող է քվեարկության այս կամ այն ելիքի դեպքում ազդել հիշատակված գործընթացի վրա:
Ըստ այդմ էլ, պատահական չեն թվում այն լուրերը, որ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրմանը, շատ մեծ հավանականությամբ, պետք է սպասել այս ամսվա վերջին տասնօրյակում: Այս տեսանկյունից, թերեւս պատահական չէր նաեւ օրերս Ղազախստանի նախագահ Տոկաեւի հիշեցումը. «Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ լիովին աջակցում ենք նրանց հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին»: Բայրամովն ու Միրզոյանն արդեն մեկ անգամ ղազախական բանակցային հարթակից օգտվել են, որին հաջորդեց Բլինքենի «խանդոտ» հոխորտանքը, թե պետք է հանդիպեք եւ պայմանավորվեք արեւմտյան հարթակում: Թե ինչ էֆեկտիվություն դա ունեցավ, տեսանք: Բայց հիմա Բլինքենը գործազրկությունից երկու ամիս պակաս կարգավիճակում է եւ էլի անկախ ամերիկյան ընտրությունների արդյունքներից: Թե ով կփոխարինի նրան, ինչ քաղաքական կուրսով, դա եւս ապագայի հարց է: Այսինքն, այս, տպավորիչ ասած, պահին ամենաքիչը Բայրամովի եւ Արոյի համար կա ամերիկյան պետքարտուղարի «խանդոտ հայացքներից» ազատված վիճակում հանդիպումներ ունենալու «բաց պատուհան», եւ շատ նման է, որ Տոկաեւի հիշեցումը հենց այդ մասին է:
Այսինքն, կարելի է այս պահին նման եզրակացության գալ՝ շատ մեծ է հավանականությունը, որ այս ամսվա վերջին տասնօրյակում Ղազախստանում կնախաստորագրվի «խաղաղության պայմանագիրը»:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՔՆԱԾ ՉԷ
Մյուս կողմից, իհարկե, անակնկալներն ամենեւին էլ պետք չէ բացառել: Ինչպես Նիկոլը, այնպես էլ Ալիեւը քանիցս ապացուցել են, որ ցանկացած պահի կարող են իրենց կուրսը կտրուկ փոխել:
Հաջորդը. քիչ հավանական է, որ անկախ այն բանից, որ ԱՄՆ-ում ընտրություններ են, Արեւմուտքը հենց այնպես կնստի եւ պասիվ դիտորդի տեսքով կհետեւի, թե ինչպես են Ալիեւն ու Նիկոլը գնում ռուսական հարթակում «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ: Ամեն դեպքում, դատելով փոխնախարար Հովհաննիսյանի երեկվա մեկ այլ տեղեկությունից, Արեւմուտքը, ի դեմս ԵՄ-ի, դեռ քայլեր կատարում է: Այսպես, փոխնախարարի հաղորդմամբ՝ ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երեւան՝ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների պլանի մշակման համար: «Սկսվել է երկխոսություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եվրոպական վիզաների ազատականացման վերաբերյալ։ Եվրամիության պատվիրակությունը նոյեմբերի 5-6-ին կգտնվի Երեւանում։ Նրանց նպատակն է համապատասխան բանակցային ծրագրի մշակումը»,- ասել է Հովհաննիսյանը:
Հասկանալի է, խոսքը այն ստանդարտ տրյուկի մասին է, որի պատճառով Ուկրաինան հայտնվեց ոչնչացման շեմին, եւ որից Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդը հրաժարվել է: Բայց նաեւ չմոռանանք, որ Հայաստանում արեւմտամոլական եւ հատկապես սորոսածինների թեւը դեռ շատ ամուր դիրքեր ունի, լայն ռեսուրսներ, եւ այն, որ ԵՄ-ի ընձեռած այդ «երջանիկ ապագայի» տեսլականը կշարունակեն խաղարկել առաջին պլանում, դա հաստատ: Այն, որ դա նաեւ ներիշխանական ճգնաժամի տանող ճանապարհ է, դա եւս տեսանելի է: Այնպես որ, սուր զարգացումների դեռ պետք է սպասել: