Ի՞նչ երեսով է նախարար Մկրտչյան Նարեկը շարունակելու պաշտոնավարել. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՏրանսպորտային ռեֆորմը ոտքին գցած Երեւանի 35-ամյա քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ լրագրողների հետ ճեպազրույցում ո՛չ ավել, ո՛չ պակաս ասել է. «Ուզում եմ հիշեցնել, որ արդեն 40 տարի է՝ սկսած ռաֆերից ու գազելներից, երբ ես գնում էի դպրոց կամ թենիսի պարապմունքի, տալիս էի 100 դրամ, դրանից անցել է 30-40 տարի»: Ապշելու է չէ՞, թե ինչպես է 35 տարեկան Ավինյանը 40 տարի առաջ՝ դեռ չծնված, դպրոց ու թենիսի հաճախել: Բայց սա էլ թողնենք մի կողմ ու մեջբերենք ՀՀԿ-ական Մկրտիչ Սողոյանի զարմանքը. «Նախ չգիտեմ՝ դու ի՞նչ ես հիշում, բայց 40 տարի առաջ չէր կարող 100 դրամ լինել՝ պարզ պատճառով, քանի որ 40 տարի առաջ դրամ չկար, ռուբլի էր, թե դու ո՞նց ես 1984 թվին դրամով վճարել, էդ չեմ կարող ասել։ Իսկ 30 տարի առաջ, ես հիշում եմ, որ ուղեվարձը 50 դրամ էր, եթե սխալվում եմ, շտկեք խնդրում եմ։ Ինձ մոտ եւս մի հարց առաջացավ, էս մարդը 40 տարի առաջ, 100 դրամ վճարելով իսկապե՞ս դպրոց հասել է, թե՞ չէ»։ Չէ, այսպես գնա՝ Ավինյանը ոչ միայն տրանսպորտային միասնական համակարգի, այլ՝ մաթեմատիկայի հերն է անիծելու:
Հին ասացվածքը նոր դրսեւորումներ է ստացել օրվա իշխանության օրոք: Եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ, ապա ոչ թե երեխային, այլ՝ աներձագին հարցրու: ՔՊ-ական պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ի զարմանաս մեզ, լրագրողների հետ զրույցում անկեղծացել է, որ իշխանական թիմի ներսում խնդիրներ կան: «Նմանատիպ քննարկումներ շատ են եղել մեր թիմում, շատ ենք հավաքվել փակ դռների հետեւում, խոսել ենք ամեն ինչի մասին, քննադատել ենք իրար։ Ինձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա։ Փաշինյանն իր խոսքում քննադատել է նաեւ ինքն իրեն», - ասում է Նիկոլի աներձագ պատգամավորը: Բա ինչպես չասես՝ որ դուք էլ եք ձեզնից դժգոհ, ընդդիմությունն էլ, ժողովուրդն էլ, մնացել եք ձեր աթոռներից կառչած, որ ի՞նչ անեք:
Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն աչքալուսանք էր տալիս, թե իբր ստվերի դեմ պայքարում ունեն աննախադեպ հաջողություններ: Պարզվում է՝ իրոք աննախադեպ է, բայց ոչ թե հաջողությունը, այլ` ստվերի աճը, որի մեջ թաթախված են նաեւ պետական պաշտոնյաներ: Այսպիսով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում 100 մլն դրամի ստվերային շրջանառություն է հայտնաբերվել: ՊԵԿ-ը, հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցադրումները, «Լիաննա գարդեն հոլ»-ում («Վանատամ» ՍՊԸ) իրականացված հսկողական աշխատանքների վերաբերյալ, հայտնել է, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից «Վանատամ» ՍՊԸ-ի վերաբերյալ ստացված տեղեկությունների եւ միաժամանակ կատարված վերլուծական աշխատանքների արդյունքներով վեր հանված ռիսկերի հիման վրա, 19.10.2023թ.-ին ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Լիաննա գարդեն հոլ» ֆիրմային անվամբ գործող ռեստորանային համալիրում առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն, միաժամանակ պարզվել է նաեւ, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել ու ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ երեսով է նախարար Մկրտչյան Նարեկն այսքանից հետո՝ շարունակելու պաշտոնավարել:
Զարմացած է «Իրավունք»-ը