Տիեզերական խայտառակություն՝ ընտրական նախապատրաստությունների ֆոնին
ՎերլուծությունՀիմա էլ սեւ ամպեր է կուտակվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխին: Տպավորություն է, որ հողը փախչում է Նիկոլ Փաշինյանի իշխանության տակից եւ աջ ու ձախ նրան զգուշացնող հարվածներ է հասցվում: Մեկ Վահագն Խաչատուրյանն է հայտնվում մութ պատմության մեջ, մեկ՝ Երեւանի քաղաքապետն է ոտքին գցում տրանսպորտային ռեֆորմը, մեկ՝ քննչական կոմիտեի նախագահն ու պատգամավորներն են բզկտում իրար, մեկ՝ ՔՊ-ի ղեկավար կազմում են իրար «պադնոշկա» տալիս: Գուցե այս ամենը պետք է նաեւ Փաշինյան Նիկոլին՝ իշխանական թեւերին մեկին մյուսով զսպելու ու իր իշխանությունը նրանց վրա ամեն անգամ վերահաստատելու համար: Բայց, միեւնույնն է, այս բոլոր խնդիրներն, ի վերջո, կոտրվելու են իր գլխին, քանի որ ժողովուրդը համոզված է՝ «ձուկը գլխից է հոտում»:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում: Նույն տեղեկությունների համաձայն` ՔՊ-ում խոսում են, թե միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, քանի որ ծրագրի մեկնարկը տրվել է նրա՝ բարձր տեխնոլոգիաների նախարար եղած շրջանում. նա է արբանյակի «քավորը»: Կազմվել է սխալ ծրագիր, կարճ ժամանակ անց ձախողվել է, եւ մսխվել մոտ 8 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ հայկական արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին։ Այդ փաստը մի լավ փիառվեց, Փաշինյան Նիկոլն էլ արձանագրեց. «Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»: Բայց պարզվում է՝ արդյունքում կանգնեցին տիեզերական խայտառակության առաջ: Ինչու հիմա այս խայտառակությունը ջրի երես դուրս եկավ, իհարկե, պատահականություն չի կարող լինել: Համենայնդեպս, Վահագն Խաչատուրյանն էլ միամիտ չէ, եւ նրա ջեբը գցել ամբողջ մեղքը, հեշտ գործ չէ, հատկապես, որ նա ԲՏԱ նախարարի պաշտոնից ազատվել է 2022 թվականի մարտի 11-ին, այսինքն՝ նրա օրոք սկսվել էր գործընթացը, բայց ավարտվել է նրան հաջորդած նախարարի ժամանակ: Այսինքն՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը կբանաձեւեր՝ նա թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ:
ԱԼԵՆԻ ՈՒ ՏԻԿՈՅԻ «ՓՈՔՐԻԿ ԳՈՐԾ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
Նկատե՞լ եք, այս օրերին հազար ու մի արհեստական խնդիր ստեղծվեց ՀՀ քաղաքացու համար, դե կողքից էլ իշխանությունն ապահովեց օրվա լրահոսի սկանդալային վերնագրերը, եւ այս ամենի ֆոնին լուսանցքում մնաց Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հնարավոր նախաստորագրումը, սահմանազատման այլեւս ընդունված նախագիծը: Արդյունքում՝ պետության լինելիության համար ճակատագրական այս շրջանում ինչո՞վ է զբաղված ազգը, ավիՐյանական տրանսպորտային համակարգի քաոսի տակից է փորձում դուրս գալ:
Ախր, տրանպորտն էլ այն զգայուն թեման է, որն, իրոք, կարող է միավորել հանրային լայն զանգվածների, հիշենք տրասնպորտի թանկացման դեմ՝ նախորդ իշխանության օրոք պայքարը, որի ժամանակ էլ ծլեցին ու քաղաքական դաշտում հայտնվեցին այսօրվա իշխանության մաս կազմող մի քանի «կարկառուններ»: Հետեւապես, սա պետք էր Նիկոլ Փաշինյանի՞ն, որպեսզի վերջնականապես չեզոքացնի Տիգրան Ավինյանի դերակատարությունը հետագա քաղաքական պրոցեսներում, թե՞ Ավինյան Տիգրանին՝ հերթական անգամ ճոճելու Նիկոլ Փաշինյանի վաղուց արդեն խարխուլ աթոռը: Երկու տարբերակն էլ հնարավոր է, այստեղ հարցն այն է, թե իրենց արեւմտյան տերերը, որին կնախընտրեն այս անգամ պահել, որին՝ գցել: Այս համատեքստում ուշագրավ էր, որ երեկ Ազգային ժողով այցելած Տիգրան Ավինյանին՝ նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող Ալեն Սիմոնյանը տարավ իր աշխատասենյակ՝ մեկնաբանելով, թե՝ «Փոքրիկ գործ ունեմ»: Սիմոնյան Ալենն ու Ավինյան Տիգրանը կդառնա՞ն դաշնակիցներ ընդդեմ Փաշինյան Նիկոլի, ցույց կտան «փոքրիկ գործի» արդյունքները: Ընդ որում՝ սա տեղի է ունենում ՔՊ վարչության նիստից առաջ, որտեղ, ըստ մերձիշխանական կուլիսներումա առկա շշուկների, պետք է քննարկվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցը՝ ընդհուպ պաշտոնից ազատում: Այլեւս գաղտնիք չէ, որ Անդրանիկ Քոչարյանի ու Ալեն Սիմոնյանի «ջրերն էլ մի առվով չեն հոսում»:
ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է
Իսկ թե ինչ է կատարվում ՔՊ-ի ներսում արդեն բացեիբաց մանրամասներ է ասում հենց ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը:
«Հիմա ես հասկանում եմ՝ իշխանության կռիվ է գնում, իշխանությունը պայթեցնելու խնդիր է: Բայց իմ խնդիրն է այդ պայթեցումները կանխելը: Եթե կա հեռահար նպատակ` քաղաքական համակարգը պայթեցնելու, դա պետք է կանխել»,- նշել է Ա. Քոչարյանը News.am-ին տված հարցազրույցում եւ հույս հայտնել, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են պայթեցնել քաղաքական համակարգը, նրանք էլ պետք է իմանան, որ որեւէ հաջողություն արձանագրելու շանս չեն ունենալու: Ճշտող հարցին՝ մտավախություն ունի, որ ներսից ցանկություն կա պայթեցնելո՞ւ քաղաքական համակարգը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Ո՛չ, դրսից ներսում խնդիրներ առաջացնելու: Ներսում էլ կարող է գայթակղվեն, բայց դա երկրորդական է: Ակնհայտ է ընդդիմության նպատակը»:
Պարզ է, որ իրականում խոսքն ամենեւին էլ ընդդիմության մասին չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը շատ հստակ ասում է, որ դրսից են ուզում իշխանական բուրգը պայթեցնել: Անդրանիկ Քոչարյանը, լինելով հին լեւոնական, իր բոլոր թերություններով հանդերձ, չի տեղավորվում սորոսաարեւմտյան շրջանակների մեջ, հետեւապես՝ ո՞ւմ է ակնարկում նա, գուցե հենց Ալեն Սիմոնյանին ու Տիգրան Ավինյանի՞ն: Ի դեպ, նկատենք, որ մի լեւոնական էլ նախագահ Վահագն Խաչատուրյանն է: Արդյոք պատահական է, որ թիրախավորված են հենց լեւոնականները, որոնք թերեւս ամենահավատարիմը կարող են լինել Նիկոլ Փաշինյանին: Չի բացառվում, որ այլեւս Նիկոլ Փաշինյանին չվստահող Արեւմուտքն անցել է պլան Բ-ի, իսկ Նիկոլ Փաշինյանի եւ իր հավատարիմների փրկությունը մնացել է հյուսիսը: Սա հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ինչի համար էլ մեկը մյուսի հետեւից Արեւմուտքին թարս քայլեր է անում՝ սկսած ԲՐԻԿՍ գնալով, վերջացրած ի հեճուկս Արեւմուտքի` Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առթիվ շնորհավորական ուղերձ հղելով:
Այնպես որ, նիկոլական եւ սորոսական թեւերի միջեւ անդունդը գնալով էլ ավելի կարող է խորանալ, իսկ որ կան այդպիսի թեւեր, կրկին բացահայտում է Անդրանիկ Քոչարյանը:
«Իսկ ո՞ր թիմում չկան թեւեր, բայց չպետք է լինեն այնպիսի թեւեր, որոնք խանգարում են, օրինակ, բարձրախոսը բռնելուց: Թեւեր կարող են լինել մտածողության, ապագայի մասին պատկերացումների, բայց դրանք չեն կարող խանգարել մեր երկրի կայուն ընթացքին: Եթե այդպիսի մտահոգություն ունի, Փաշինյանը կկանխի այդ ամենը»,- հույս է հայտնում Քոչարյանը եւ եւս մեկ անգամ վերահաստատում իր հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին. «Մենք այսօրվա վարչապետի հետ անցել ենք մի ճանապարհ, որն ուրանալ հնարավոր չէ»:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹԸ ՄՆԱՑԵԼ Է ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ
Եվ ահա, երբ, կարծես թե, ամեն կողմից Նիկոլ Փաշինյանին դրդում են կրկին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այլապես իշխանական բուրգը կփլվի ներսից, իսկ յուր թիմում անթաքույց իրար են ուտում՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից հորդորում են առաջին հերթին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել:
Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ Գեւորգ Ստեփանյանը պարզ հաշվարկ է ներկայացնում. «Երեւանի ավագանի ընտրելու իրավունք ունեցողները 824.317-ն են: 2018թ.-ին՝ ՔՊ-ն ստացել է 290.000 քվե կամ՝ 35%, 2023թ. -ին՝ 75.000քվե կամ՝ 9%: Հանրային պահանջն առկա է… Նոր ընտրություն, նոր քաղաքապետ»։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ է ընդունում, որ ՔՊ-ի վարկանիշը կտրուկ նվազել է: Մասնավորապես՝ հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում վերջինս ընդգծել է. «Մենք կփորձենք նախընտրական փուլում աշխատել, որպեսզի հերթական հաջողությունն ունենանք: Այդ չվստահողների հետ կարելի է աշխատել»:
Այն, որ իշխանությունը «նավսյակի սլուչի» նախապատրաստվում է ընտրությունների, հուշում են ոչ միայն Արայիկ Հարությունյանի խոսքերը, այլ այն, որ նոյեմբերի 8-ին ԱԺ նիստերի դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Սովորաբար, ե՞րբ են «Ընտրական օրենսգիրք» փոփոխում, այո՛, ընտրություններին ընդառաջ:
Ընտրություններին պատրաստվում են նաեւ ընդդիմադիր դաշտում: Այլեւս փաստ է, որ փողոցային պայքարը՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ժամանակի վատնում էր եւ ոչ ավելին: Ինչ արձանագրել էինք թերթի նախորդ համարում, նույն եզրահանգման եկել է նաեւ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Դիտեցի Բագրատ սրբազանի հարցազրույցը, չնայած արդեն շատ դժվար է դարձել սրբազանի խոսքը լսելը, բայց հաղթահարեցի: Զրո ծրագիր, զրոյին մոտ բովանդակություն, փոխարենը լիքը ամբարտավանություն եւ մունաթ: Ցավում եմ, որ շատ կարգին ու հայրենասեր մարդիկ հույսով են նայել Բագրատ սրբազանի գործողություններին, որոնց միակ շահառուն արդյունքում եղան ու մնում են գործող իշխանությունները», - գրել է նա:
Ըստ Նարեկ Մալյանի` «Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումն արդեն փաստ է: Վստահության կրեդիտն այլեւս չկա: Իսկ տապալումը երկու պատճառ ունի՝ վարչապետի թեկնածուի ծայրահեղ սխալ ընտրություն (պարտադրում) եւ իշխանափոխության ծրագրի իսպառ բացակայություն: Հենց այս ամենով պայմանավորված էր՝ ելքը մնում է արտահերթ ընտրությունը, իհարկե, եթե Արեւմուտքը եւս մի հեղաշրջում չի նախապատրաստում Հայաստանի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ