3-րդ ուժին միացել է նաեւ «Արցախը մենք ենք» նախաձեռնությունը
Ներքաղաքական«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ գլխավորությամբ՝ ձեւավորվել է «Արցախը մենք ենք» հարթակը: Ինչպես նշում է Ա. Իսրայելյանը, հարթակի ձեւավորման նպատակն է համախմբել արցախահայությանը` իրենց հուզող խնդիրները միասնական ուժերով լուծելու նպատակով: Հենց այս նախաձեռնությամբ էլ նա միացել է նոր ստեղծված 3-րդ ուժին, որի հիմնադիր հավաքը տեղի ունեցավ օրերս:
— Արցախը Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասն է: Արցախի հաղթանակները, որով մենք 30 տարի հպարտ ենք եղել, համահայկական, ազգային հաղթանակ էր: Ազգը կռվել է այն հատվածում, որտեղ ազգի ներկայացուցիչների կյանքը վտանգի տակ է եղել: Ու մենք կարողացել ենք այդ ժամանակահատվածում մեր հերոս տղաների շնորհիվ հասնել այն կետին, որով լրացվել է մեր ազգի պատմության էջերը, որպեսզի այդ պատմությունը կարդալով՝ ապագա սերունդները շարունակեն ազգն ուժեղացնել ու մեր պետությունն ամրապնդել:
Մեր պատմության էջերում դաժան ժամանակահատվածներ ենք ունեցել, բայց չենք պատկերացրել, որ կգա մի շրջան, երբ ազգի միջից կծնվի կամ կբերեն մի անձնավորություն, ում պատճառով այսօր չենք ունենա հայկական Արցախ: Երբեւէ չենք պատկերացրել, որ նման բան կարող է տեղի ունենալ, բայց եղավ: Մինչդեռ չունենալով Արցախ՝ մենք հզոր Հայաստան չենք ունենա: Հզոր Հայաստանի տեսլական կարող ենք ունենալ միայն վերադարձնելով Արցախը: Այսօրվա իշխանության օրոք մենք չենք կարողանում իրականացնել այս ծրագիրը: Հետեւապես, ոչ ոք մեր փոխարեն չի պայքարելու, միասնական պետք է լինենք: Մի հատված կա, որն այդ միասնականությունը պառակտում է, մի հատված էլ կա, որ այդ պառակտումից օգտվում է, ինչից առիթավորվում է իշխանությունը: Բայց 100 տարի, հազար տարի էլ անցնի այս մարդիկ գրվելու են պատմության մեջ որպես դավաճան: Իսկ այսօր ամեն մեկս պետք է գիտակցենք, թե ինչ ծանր վիճակում ենք գտնվում: Եվ տեսնելով, թե որքան մարդ է հավաքվել 3-րդ ուժի ձեւավորման շուրջ, ես մեծ հույսեր եմ կապում: Իմ նպատակը մեկն է՝ ես ուզում եմ Արցախում ապրել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ