Քաղաքապետարանը խոստովանեց զանգվածային եւ խոշոր հանցագործության մասին
ՀասարակությունԵրեւանի բնակչության գլխին հերթական օյինբազությունը սարքեցին՝ 100 դրամանոցների կրիզիս անվան տեսքով: Բանն այն է, որ արդեն 100 դրամանոցների բիզնես է առաջացել՝ «կվաճառեմ 100 դրամանոցը 150-ով» տեսքով:
Այն, որ նիկոլյան խունտայից եւ դրա մասնիկ ավինյանական թիմից ուրիշ բան սպասել չէր էլ կարելի, արդեն ավելի քան վեց տարի համոզվել եւ համոզվում ենք: Բայց այս անգամ այդ մասին չէ խոսքը, ոչ էլ ավինյանական այս հերթական «հանճարեղությունը» ավելորդ անգամ քննադատելու: Պարզապես ուշադրություն դարձնենք մեկ պարզ փաստի առաջ:
Այսպես, քաղաքապետարանն այս օրերին պաշտոնապես հայտնում է, թե օրական որքան մուտքեր են եղել այս նոր համակարգի անցումից հետո, եւ թե դա որքանով է ավել մինչ այս անցումը եղած վիճակից: Օրինակ. «Նոյեմբերի 2-ին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչեւ նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ»։
Նույն բանի մասին էր երեկ խոսում նաեւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Թե՝ Երեւանում տրանսպորտից օգտվելու համար հավաքագրված գումարը շաբաթ եւ կիրակի օրերին 5 եւ 4 մլն դրամով բարձրացել է: Ու այստեղ շատ պարզ հարց է ծագում՝ իսկ ինչի՞ հաշվին են օրական մուտքերն ավելացել: Ընդ որում՝ ոչ աշխատանքային օրերին՝ աշխատանքային ուրբաթի հետ համեմատած 4-5 միլիոնով, որը հիմք է տալիս ենթադրել, որ աշխատանքային օրերին այդ աճն ավելի մեծ կլինի: Եթե փոխվել է ընդամենը վճարման կարգը, այսինքն, որ գումարը վարորդների ձեռքով չի անցնում, ապա առաջին եւ ամենահավանական վարկածը դառնում է սա՝ մինչ այս օրական մի 5-6 միլիոնի չափ գումար գողանում էին, եւ հիմա, երբ փողն ուղիղ վարորդի ձեռքով չի անցնում, չեն կարողանում գողանալ: Այսինքն, քաղաքապետարանի այդ խրոխտ հայտարարությունները, թե այսքան-այսքան մուտքերն ավելացել են, իրականում պետք է հասկանալ այս ենթատեքստով՝ նոր համակարգ ներդրեցինք, որ գողության դեմն առնենք: Եթե այլ բացատրություն ունեն, ուշադիր կլսենք: Իսկ մինչ այդ, առաջ գնանք այդ վարկածով՝ համակարգի հիմնական ֆունկցիան կամ ֆունկցիաներից մեկը գողության դեմ առնելն է:
Ըստ այդմ, նախ՝ քաղաքապետարանի այդ բոլոր հայտարարությունները պետք է ընկալել` որպես շատ խոշոր զանգվածային հանցագործությունների մասին ահազանգ: Ըստ այդմ, տրամաբանական կլիներ, որ նման փաստ ֆիքսելով, մայրաքաղաքային իշխանությունները դիմեին նաեւ իրավապահներին՝ խնդրելով պարզել տեղի ունեցածը եւ մեղավորներին պատժել: Կանե՞ն, այստեղ արդեն լուրջ կասկածներ ունենք: Նախ այն, որ շարքային վարորդը «առյուծի կաթ չի խմել», որ իր գլխին նման մեծ փողեր գրպանի, ենթադրելի է: Այսինքն, որ այդ փողերը բախշվել են մինչեւ վերեւները՝ ամենահավանական տարբերակն է: Իսկ որ գողության դեմն «առնում» են քաղաքացիների նյարդերի հաշվին, դա արդեն իսկ հասարակության հանդեպ եւս մեկ հանցանք է:
Հաջորդը. բայց ինչո՞ւ ստեղծվեց նման համակարգ, որի ժամանակ վարորդները հանգիստ կարող են գողանալ: Երեւի հասկանալի է. ժամանակին համակարգը մասնավոր էր, իսկ մասնավորն ինքն իրենից չի գողանա: Եվ փոխանակ դա կարգավորվեր, մասնավորին դուրս մղեցին՝ ողջ տրանսպորտը կենտրոնացնելով «պետական սեփականության» տակ: Դա էլ կարելի է «հասկանալ». շատ իշխանավորների «մանկության բյուրեղյա երազանքներից» էր խոշոր «գծատեր» դառնալը: Միայն թե լավ չէին հասկանում, որ «գծատեր» լինելու համար էլ է մի քիչ խելք պետք, հակառակ դեպքում ամեն բան կտաս-կավիրես: Ու այդ վիճակին հասավ տրանսպորտը. խնդիրը միայն ուղեվարձ գողանալը չէ, կարող են գողանալ շատ այլ բաներ՝ վառելիքից սկսած, պահեստամասերով վերջացրած: Վերջապես, վարորդը պարզապես «թքած ունի» մեքենայի ֆիզիկական վիճակի վրա. տերն ինքը չէ, որ մտածի: Այսինքն, կարող ես փողեր ծախսել, մեքենաներ բերել, բայց նրանք այնքան շուտ շարքից դուրս գան, որ գինն էլ չհանեն: Ճիշտ է, դա կարող է նաեւ չինովնիկությանը չհետաքրքրել՝ «ամեն մեկն իրենն առավ-թռավ» տարբերակով: Բայց վերջում այդ ամենը մեկի գլխին կոտրվելու է, չէ՞: Աղբահանությունում էլ այդ վիճակն է, արդեն սկսել է «կոտրվել», եւ դա որոշ բարձր չինովնիկների համար ահազանգ էր:
Ելք կարող է դառնալ ուղեւվարձը թանկացնելը: Բայց այստեղ էլ լուրջ հարցեր կան. չունեն որեւէ հիմնավորում, որ մայրաքաղաքում օպտիմալ երթեւեկության ցանց եւ օպտիմալ տրանսպորտային բազա են ստեղծել, եւ դա ներկա գներով իրեն չի արդարացնում: Առավել եւս, որ պարզվում է՝ իրականում մուտքերը մի 20-25 տոկոսով ավելի մեծ են եղել, պարզապես այդ փողը «չգիտես ուր է»: Ու հիմա, եթե օրական մոտ 18-19 միլիոնի փոխարեն 23-24 են հավաքում, կարո՞ղ են միանշանակ պնդել, որ ոլորտը վնասաբեր է, այդ վնասները վերացնելու համար բոլոր միջոցներն օգտագործել են, եւ առանց թանկացման պարզապես ելք չկա. եթե ունեն նման մասնագիտական հիմնավորում, թող ներկայացնեն:
Ս.ԱԲՐԱՄՅԱՆ