«Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. « Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու նրանց ներկայացուցիչները չգիտեն կամ այնքան էլ լավ չգիտեն, թե ուր են մեկնում և ինչ ռեժիմ է իրենց հյուրընկալելու Բաքվում: Իրականում Արևմուտքը հրաշալի գիտի, առավել քան մանրամասն տեղյակ է, թե ով է Ալիևը, ինչ հանցանքներ է գործել ինչպես մարդկության դեմ, այնպես էլ՝ իր կառավարման ներքո գտնվողների նկատմամբ, ինչ աստիճանի է կոռումպացված և այլն: Արևմուտքում հրաշալի տեղյակ են, որ Ադրբեջանում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, ու որ դա դասականից էլ վատթար բռնատիրական, դինաստիական կառավարման տակ դրված պետություն է: Այն, որ առնվազն արևմտյան տերություններում այդ ամենին շատ լավ տեղյակ են, կարելի է հիմնավորել բազմաթիվ դրսևորումներով:
Ու այդ ամենի հետ կապված՝ անխուսափելի հարց է ծագում, թե այդ ամենն իմանալով, ավելին, նման հրապարակումներ ու բացահայտումներ, այսպես ասենք՝ տակից խրախուսելով, այդ ինչպե՞ս է, որ, միևնույնն է, մեկնում են Բաքու՝ հյուրընկալվելու Ալիևին, նրա հետ գրկախառնվելու և... ոչ միայն: Դրա հնարավոր պատասխանն էլ պարզ է. Արևմուտքի համար ադրբեջանական նավթի ու գազի «հոտը» շատ ավելի կարևոր է, քան ինքնորոշման կամ սեփական հողի վրա ապրելու իրավունքները, քան ինչ-որ «դեմոկրատական արժեքներ», ինչ-որ համամարդկային արժեքներ: Արևմուտքի համար միշտ էլ եղել է, կա ու կլինի միայն մեկ արժեք՝ փող, շահ: Վերջ: Մնացած «զրիցները»՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, դեմոկրատական արժեքների մասին, կներեք, ընդամենը միամիտ-դյուրահավատներին «ֆռռացնելու» և «քցելու» գործիքներ են: