«ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ՓԱԽԵՔ, ԳՆԱՑԵՔ, ԿԱՍԵՔ, ԿԳԱՆ ԻՆՁ ԿՏԱՆԵՆ ԷՍՏԵՂԻՑ»․ դա եղավ նրա վերջին խոսքն ու շունչը
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԷՐԻԿ ՄԵՍՐՈՊԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էր։ Նոյեմբերի 2-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 23 տարեկան։ Արմավիրի զինվորական պանթեոնում գտնվող նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համաքաղաքացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոս Էրիկ Աբրահամյանը ծնվել է 2001 թվականին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Հերոսի մայրը, տիկին ՀԱՅԿՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, խորը ցավը սրտում Iravunk.com -ի հետ զրույցում նշեց. -
«Էրիկս 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով, հաճախում էր տարբեր մարզաձևերի. մարտեր առանց կանոնների, ֆուտբոլ, ըմբշամարտ և չինական բռնցքամարտ։ Նաև Արմավիրի մարզի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների /ԱՄԱԿԱՀ /ՀԿ, «Արծիվ ֊13 Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի» սան էր։ Սովորում էր Տեռնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» բաժնի երկրորդ կուրսում։ 2019֊ին, կիսատ թողնելով ուսումը, որդիս զորակոչվել է Հայոց բանակ։ Ծառայության անցավ ԱՀ Մարտունի 3 զորամասում, հրետանավոր էր։ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին սկսված 44֊օրյա ահաբեկչական պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու գտնվում։ Լինելով հրետանավոր, իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ, բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն, ոչնչացնելով հսկայական կենդանի ուժ և տեխնիկա։ Նոյեմբերի 2-ին, իր ծննդյան օրը, Էրիկս վերջին անգամ խոսեց մեզ հետ, բոլոր հարազատների, բարեկամների ու ընկերների հետ։ Նոյեմբերի 2֊ին, նրա ծննդյան օրվա գիշերը, լույս 3֊ին, որդուս տեղափոխել են Մարտունի 2, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։ Նա, չնայած հրետանավոր էր, սակայն ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր, պատմում էին, որ որդուս հարվածներից հաստատ ոչ մի թշնամու զինվոր չէր վրիպել։ Նոյեմբերի 3-ին, ստացել է ծանր վիրավորում, երբ ընկերները փորձել են օգնել, չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է
. «ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ՓԱԽԵՔ, ԴՈՒՔ ԳՆԱՑԵՔ, ԿԱՍԵՔ, ԿԳԱՆ ԻՆՁ ԿՏԱՆԵՆ ԷՍՏԵՂԻՑ»։ Ավաղ, դա եղավ նրա վերջին խոսքն ու շունչը։ Էրիկս ունի կրտսեր եղբայր Էդգարը։»
Անմահ հերոս Էրիկ Աբրահամյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 3֊ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայություն» մեդալներով, իսկ ավելի վաղ Միջազգային Անվտանգության Ասպետաց ակադեմիայի կողմից «Տիգրան Մեծ» մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ կողմից, «Մարտական խաչ» մեդալով, «Անհայտ կորած ազատամարտիկների ՀԿ կազմակերպության կողմից, «Արծիվ 13»հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Անմահ հերոս Էրիկ Աբրահամյանի ծննդավայրի Արմավիրի թիվ 9 հիմնական դպրոցում անվանակոչվել է դասարան։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ։ ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ.... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ