Ֆինլանդիայում փակվեց Արևմուտքում Լենինի միակ թանգարանը
ՀասարակությունԱրևմուտքում Լենինի միակ թանգարանը, որ գտնվում է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում և որը գտնվում է այն շենքում, որտեղ տեղի է ունեցել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի առաջին հանդիպումը, կփակվի նոյեմբերի 3-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Թանգարանը գտնվում էր Բանվորների տան դահլիճում, որտեղ 1905 թվականի դեկտեմբերին տեղի ունեցավ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջին համաժողովը և որտեղ առաջին անգամ հանդիպեցին Ստալինը և Լենինը։ Այդ ժամանակ Տամպերե քաղաքը կոչվում էր Տամմերֆորս, իսկ Ֆինլանդիայի Մեծ իշխանապետությունը Ռուսական կայսրության կազմում էր։
Լենինի թանգարանի տեղում նախատեսվում է ստեղծել Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների պատմության թանգարանը: Նոր հաստատության ցուցասրահները նվիրված են լինելու երկու պետությունների հարաբերությունների պատմությանը՝ Ֆինլանդիայի անկախացումից մինչև երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալը։ Թանգարանի բացումը նախատեսվում է 2025 թվականի փետրվարի 15-ին։