Իրանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել
4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Ռիխտերի սանդղակով 4,8 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 11 կիլոմետր խորության վրա, ցնցել է Սեմնան նահանգի Գերմսար քաղաքը», - ասվում է հաղորդման մեջ։:
Գերմսարի պրեֆեկտ Ռեզա Հանին պարզաբանել է, որ երկրաշարժի պատճառով մի քանի բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։
Ըստ իրանական մեկ այլ գործակալության՝ IRIB-ի, երկրաշարժը զգացվել է Թեհրանում, ինչպես նաև նրա արվարձանում՝ Քերեջ քաղաքում։
Բացի այդ, ըստ գործակալության, ցնցումներ են զգացվել նաև Կում քաղաքում, որը Թեհրանի մերձակայքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնն է։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների մասին հաղորդումներ չկան։