«Փաստ». Արցախցիներին աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերի
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել կառավարության 2023 թ.-ի հոկտեմբերի 12-ի N 1763Լ որոշման մեջ, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Նախագծի նպատակը տեղահանված անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցությունը տրամադրելու շարունակականության ապահովումն է, ինչպես նաև բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց օժանդակելու համար սոցիալական աջակցություն տրամադրելը:
Նախագծով նախատեսվում է որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության տրամադրման ժամկետի երկարացում ևս 3 ամսով: Որոշման շրջանակներում 2025 թ.-ի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ: Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո 2025 թ.-ի ապրիլ ամսվանից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված անձանց առանձին խմբերի՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին:
Նախագծով առաջարկվող միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝ 2025 թ.-ի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ, 2025 թ.-ի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ»: