Մի քանի անգամ փորձել ենք փախնել, չի ստացվել, կատաղած շներին բաց էր թողնում վրեքս». աշխատանքային շահագործում և բռնության ճիրաններում
ՔրեականԳայանե Սիմոնյանը դառնությամբ է հիշում այն վեց ամիսները, որոնց ընթացքում աշխատանքային շահագործման է ենթարկվել, ստորացվել, բռնության ենթարկվել, հուսահատության մեջ ապրել։ Ասում է՝ աշխատանքի անցնելիս բոլորովին այլ էին սպասելիքները։ Աշխատանքի ծայրաստիճան վատ պայմանները, վարձատրության բացակայությունը ու շարունակական բռնությունը ծայրահեղ հուսահատության մեջ էին դրել ընտանիքի անդամներին:
Ստրկություն էր՝ ծանր հոգոց է հանում ու լռում Գայանեն:
29-ամյա Գայանեն մոր՝ Մարինե Սիմոնյանի ու 10-ամյա եղբոր հետ աշխատանքի էր անցել Գառնիի անասնաֆերմաներից մեկում։ Ասում է՝ ներկայացված աշխատանքի պայմանները իրենց լիովին բավարարում էին, գործատուն խոստացել էր օրական 5 հազար դրամ վճարել՝ կովեր կթելու համար: Սակայն, արդեն աշխատանքի անցնելով, կանայք հասկանում են, որ պայմանավորվածությունները և իրականությունը իրար հետ առնչություն չունեն:
«2023 թվին եմ գնացել էդ ֆերման։ Տերը՝ Ժիրոն, ասեց՝ ինչ գործ կանեք՝ հայաթ մաքրել, կով կթել, բիդոն լվանալ, սաղ փող ա։ 6 ամիս աշխատել ենք, ու հենց գալիս էր փողի վախտը, ասում էր՝ սպասեք, ամիսը լրանա՝ կտամ, ու տենց էլ էդ ամիսը չէր լրանում»,- պատմում է Մարինեն։
Սիմոնյանների շահերի պաշտպանությունը ստանձնած հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը նշում է, որ պայմանը չի կատարվել, և աշխատանքն ավելի է եղել, քան նախապես պայմանավորվածը։ Բացի այդ, շահագործվել է նաև անչափահաս երեխան, կիրառվել է բռնություն։
«Տուժողները բնակեցվել են տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ չորս պատի մեջ։ Մի սենյակում ապրել են մի քանի հոգով, չկար ոչ պետքարան, ոչ լողանալու հնարավորություն»,- «Մեդիալաբին» ասում է Մխիթարյանը:
Մարինեն հիշում է՝ կես տարվա ընթացքում վճարել է երեք անգամ. առաջին անգամ 5000 դրամ է տվել, երկու անգամ էլ գումար է տվել մոր մահվան ժամանակ՝ 10000 ու 15000 դրամ՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար։
«Աղջիկս 9 ամսական երեխեն դոշին կապած՝ անասուններին սարն էր հանում։ 10 տարեկան տղուս էլ առավոտները չէր թողում քներ, տանում էր դաշտը աշխատացնում, խփում էր։ Սաղին ստրուկի պես աշխատացնում էր»,- հիշում է Մարինեն։
Մարինեն ու դուստրը՝ Գայանեն, մեկ անգամ չէ, որ փորձել են վերջնահաշվարկ պահանջել ու հեռանալ ֆերմայից։
«Փորձել ենք փախնել գիշերով, բայց չի ստացվել։ Կամերաներով տեսնում էր ու կատաղած շներին բաց էր թողնում վրեքս, մեզ վախացնում էր։ Որ հանկարծ փախնեինք, կբռներ եսիմ ինչ կաներ»,- պատմում է Գայանեն, որը նաև բռնության է ենթարկվել՝ կաթի բիդոնը լավ չլվանալու համար։ Բիդոնով հարվածներ են հասցրել, այդ թվում՝ գլխին։
Դստերը ցավերի մեջ տեսնելով՝ մոր համբերության բաժակը լցվել է։
«Հեռախոսի քարտերը վերցրել էր ձեռներիցս։ Ես երկու քարտ ունեի, մեկը ծոցս էի պահել։ Զանգեցի փեսուս, ոստիկանների հետ եկավ մեզ հանեց»,- ասում է Գայանեի մայրը։
Հայաստանում աշխատանքային շահագործումը թրաֆիքինգի ամենահաճախ հանդիպող տեսակն է։ Սա փաստում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան նախարարությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի ընթացքում նույնացվել է թրաֆիքինգի և շահագործման ենթարկված 25 անձ, որից 6-ը՝ երեխա, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ՝ 18 անձ, որից 7-ը՝ երեխա։
Գայանեի ընտանիքի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ աշխատանքային շահագործումը՝ թրաֆիքինգը։
Գործը Կոտայքի մարզի դատարանում է քննվում՝ դռնփակ։ Գործով որպես տուժող է ճանաչվել նաև Մարինեի 10-ամյա որդին։ Այժմ ապացույցների ուսումնասիրման փուլում են՝ ասում է մեղադրյալի պաշտպան Շամս Ղազարյանը։
«Այդտեղ ընդամենը վերջնահաշվարկ չկատարելու հարց է եղել, ոչ մի թրաֆիքինգ չկա»,- ասում է Ժ․ Ս․-ի շահերի պաշտպան Շամս Ղազարյանը։
Ընդամենը վերջնահաշվարկ անելու անհրաժեշտություն կար,
սակայն եղբոր մահվան պատճառով Ժ․ Ս․-ն չի հասցրել վերջնահաշվարկ անել։
«Ամեն ինչ տեղի է ունեցել կողմերի նախնական համաձայնությամբ, և իրենք են որոշել, որ գումարի դիմաց ապրանք են վերցնելու, իսկ տեսախցիկներ ու շներ էդ ո՞ր ֆերմայում չկան։ Անհիմն են մեղադրանքները, թե քարտերը ձեռքներից վերցրել են, քանի որ կան այդ քարտերով արված հեռախոսազանգերի վերծանումները»,- ասում է փաստաբանը։
Իր հասցեին հնչած մեղադրանքները՝ արդեն մեղադրյալ Ժ․ Ս․-ն աշխատանքային շահագործում չի համարում, ասում է՝ ոչ թե շահագործել, այլ պայմանավորվածություն է ձեռք բերել ու գումարի փոխարեն խանութից մթերք ու անհրաժեշտ այլ պարագաներ է տրամադրել Գայանեին և մորը։
Որ գործ ունենք թրաֆիքինգի հետ՝ ակնհայտ է համարում տուժողների ներկայացուցիչ Անուշ Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ օգտվել են մարդկանց խոցելի վիճակից, նրանց համար ստեղծել այնպիսի պայմաններ, որը նրանց ավելի խոցելի վիճակի ու հետագայում արդեն լիակատար կախվածության մեջ են դրել, ու շահագործել են։
«Առաջին ամիսը պաշտպանյալներս ստիպված են եղել պարտքով ապրանք վերցնել, ու արդեն առաջին ամսից կուտակված պարտքը նրանց գցել է կախյալ վիճակի մեջ»,- ասում փաստաբանը։ Ժ․ Ս․-ն այս պահին տնային կալանքի մեջ է։
Գայանեի ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքը եզակի չէ: Աշխատանքային շահագործման ևս մեկ դեպքի մասին հայտնի դարձավ վերջերս։ Խոսքը կրկին անասնաֆերմայում աշխատանքային շահագործման ենթարկված, այս դեպքում՝ մոր և որդու մասին է: Գործատուի տրամադրած տանն ապրելով՝ նրանք պարտավորվել են խնամել նրա 5 խոզերին։ Սակայն խոզերը հիվանդացել էին ու սատկել, ինչն էլ կախվածության մեջ էր գցել մայր ու որդուն։
Բ․ Մ.-ն մեղադրանքը չի ընդունում։ Ասում է՝ աշխատավարձ չի տվել, փոխարենը սնունդով է ապահովել։ Թոշակից էլ որոշ ծախսեր արել է, բայց ամբողջությամբ չի վերցրել։ Ընդունում է, որ հայհոյել է.
«Որովհետև անասնապահությունից բան չեն հասկացել»,- նշել է նա։
Գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն արդեն ուղարկվել է դատարան՝ կրկին աշխատանքային շահագործման հոդվածով։
«Ասեց՝ կամ պիտի 2 միլիոն տաք, կամ էլ ձրի աշխատեք, որ պարտքը մարվի։ 2018 թվից մինչև էսօր էդ պարտքը տենց էլ չմարվեց»,- ասում է 47-ամյա Արամ Սահակյանը (անունը փոխված է)։
Տարեց մայրն ու որդին 5 տարի շարունակ աշխատել են նվաստացվելով՝ հայհոյանքներ լսելով ու բռնության ենթարկվելով:
«Թքում էր երեսիս, հայհոյում։ 5 տարվա մեջ 25 հազար դրամ ենք ստացել որպես աշխատավարձ, թոշակս վերցրել է ձեռքիցս»,- պնդում է 75-ամյա Ռոզա Խաչատրյանը (անունը փոխված է)։
Ոստիկանության տվյալների համաձայն՝ միայն նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել են 27 քրեական վարույթ, որոնցից 23-ը վերաբերել են աշխատանքային, 4-ը՝ սեռական շահագործմանը։
DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք նաև, որ այս պահին թրաֆիքինգի հոդվածով 10-ից ավելի գործ ընթացքի մեջ է։
«Խուսափեք գայթակղիչ առաջարկներից,- հորդորում է ոստիկանությունը,- մի՛ վստահեք և ձեր փաստաթղթերը մի՛ տվեք այլ անձանց։ Ցանկացած կասկածելի իրավիճակում, երբ կարող է սահմանափակվել ձեր ազատությունը, կամ գործադրվում են բռնություն, անգամ բռնության սպառնալիք, անմիջապես զանգահարեք ՆԳՆ ոստիկանության թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի թեժ գիծ՝ 080 05-05-50»:
MediaLab.am