11 տարի անց․ Վրաստանը փորձում է պահպանել իր սուբյեկտայնությունը՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին
Թեմա168.am-ը գրում է
Այս օրերին Վրաստանում տեղի ունեցող գործընթացները պարզունակորեն ներկայացվում են՝ որպես արևմտամետության ու ռուսամետության պայքար։ Նման կերպ մտածողները շտապում են եզրակացնել, որ եթե իշխող «Վրացական երազանքը» կարողանա դիմակայել ընդդիմության հնարավոր ճնշմանը և հաղթահարել ճգնաժամը, ուրեմն կհաղթի Ռուաստանը։ Եվ հակառակը՝ եթե հաջողության հասնի ընդդիմությունը, հաղթանակ կարձանագրի Արևմուտքը։
Այս երկու դատողություններում ճշմարտություն եթե անգամ կա, ապա շատ մակերեսային է և հեռու այն բազմաթիվ շերտերից, որոնցից կազմված է վրացական ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Եվ, ամենակարևորը, լայնորեն տարածվող այդ իրարամերժ, բայց հավասարապես պրիմիտիվ գնահատականներում Վրաստանը ներկայացվում է՝ որպես սուբյեկտայնությունից զուրկ պետություն, որում Ռուսաստանը և Արևմուտքը պայքարում են միմյանց դեմ՝ զուտ որպես մրցահարթակ։
Դա, բնականաբար, սարսափելի հեռու է իրականությունից և ուղղակի զրոյացնում է այն վարկածը, որ անկախ ամեն ինչից, Վրաստանը պետություն է, որի գործող իշխանությունն իրենց պետական շահի սպասարկման օպտիմալ մեթոդ է համարում ներկայումս ընտրված ճանապարհը, որը հակիրճ կարելի է բնութագրել՝ «հնարավոր մերձեցում Արևմուտքի/ԵՄ-ի հետ, Ռուսաստանի հետ նվազագույն հակադրության միջոցով»։
Այս բանաձում գլխավոր հասկացությունը «հնարավոր»-ն է, ինչը նշանակում է՝ ունենալով Եվրամիությանն ինտեգրվելու տեսլական, հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական սպառնալիքները և վարվող քաղաքականության հիմքում դնել ոչ թե առավելապաշտությունը, այլ իրատեսականությունը։